Աուտիզմը դատավճիռ չէ
Նարեկը, ինչպես և իր հասակակից բոլոր երեխաները, կյանքի առաջին տարիներին ուներ զարգացման բնականոն ընթացք․ նա սկսեց քայլել ժամանակին, արձագանքում էր ծնողների ձայնին և հետաքրքրությամբ էր ուսումնասիրում իր շրջապատող աշխարհը։ Սակայն երկու տարեկանում ծնողները սկսեցին նկատել, որ Նարեկը չի արձագանքում իր անվանը, չի խոսում և ունի վարքային խնդիրներ։ Բժշկական հետազոտություններից հետո նրա մոտ ախտորոշվեց աուտիզմ, որը պահանջում է հատուկ ուշադրություն, խոսքի և վարքային աջակցություն։
Նարեկի քույրը՝ Մերի Թոփալյանը, որը ակտիվ դերակատարում ունի Նարեկի խնամքի գործում, ընդգծեց․ «Ծնողներս հիմնադրեցին Աուտիզմի զարգացման կենտրոն և սկսեցին սեմինարներ կազմակերպել։ Ես միշտ մասնակցում էի դրանց, լսում էի աուտիզմի մասին տարբեր մոտեցումներ, կարծիքներ և հենց այնտեղից եմ սկսել ուսումնասիրել երևույթը ավելի խորքային։ Հետագայում սկսեցի աշխատել մեր կենտրոնում,որտեղ 300-ից ավելի երեխա է հաճախում:»
Մերին բլոգ է վարում՝ հիմնականում անդրադառնալով աուտիզմին, և նրա բլոգի բովանդակության մեծ մասը նվիրված է Նարեկին։ Նա հաճախ տեղադրում է տեսանյութեր, որոնք պատմում են Նարեկի առօրյայի, զարգացման և հաջողությունների մասին։

Մերի Թոփալյան
«Դժվարություններ հիմնականում եղել են փոքր տարիքում։ Շատ դուրս չէինք գալիս Նարեկի հետ։ Ուր գնում էինք, նրան տանն էինք թողնում ինչ-որ մեկի հետ, ես նրան ոչ մի տեղ չէի կարողանում հետս տանել։ Համ վարքն էր շատ վատ, համ մարդիկ էին անհասկանալի հայացքներով նայում, երբեմն անտակտ բաներ խոսում կամ հարցեր տալիս։
Արդեն մոտ 5-6 տարի, սկսել ենք ներգրավել նրան ամեն տեղ։ Շատ աշխատանք տարանք հետը, վարքը բավականին շտկվեց, մինչ օրս էլ աշխատում ենք, ու երևի մինչ կյանքի վերջ էլ կաշխատենք։ Որովհետև եթե նրան այդպես թողնեինք, հիմա չէինք ունենա այն, ինչ ունենք»։
She has been nominated for an Academy Award, two Grammy Awards, and the Mercury Prize
Վերջին տարիներին աուտիզմի դեպքերի թվի աճը նկատելի է ամբողջ աշխարհում։ Սակայն մասնագետները նշում են, որ սա պարտադիր չի նշանակում, թե աուտիզմ ունեցող երեխաների իրական թիվն է ավելացել։ Աճը հաճախ կապված է այն փաստի հետ, որ այսօր աուտիզմի մասին ավելի շատ են տեղեկացված թե՛ բժիշկները, թե՛ ծնողները, և ախտորոշման մեթոդները դարձել են ավելի ճշգրիտ ու հասանելի։ Շատ դեպքեր, որոնք տարիներ առաջ կարող էին աննկատ մնալ կամ սխալ ախտորոշվել, այժմ ճիշտ ձևով են բացահայտվում։ Այսպիսով՝ կարելի է ասել, որ աուտիզմի դեպքերի թվի աճը հիմնականում պայմանավորված է ոչ թե հիվանդության տարածմամբ, այլ իրազեկության և ախտորոշման որակի բարձրացմամբ։
Հոգեբան, հոգեթերապևտ Օֆելյա Հարությունյանը ընդգծեց, որ վերջին տարիներին աուտիզմ ունեցող երեխաների ինտեգրումը հասարակության մեջ նկատելիորեն աճել է։ Նրա խոսքով՝ ավելի շատ ծնողներ այսօր գիտակցում են, թե որքան կարևոր է երեխային հնարավորություն տալ շփվելու, սովորելու և զարգանալու հավասար պայմաններում։ Միևնույն ժամանակ մասնագետը նշեց, որ դեռ հանդիպում են դեպքեր, երբ ծնողները փորձում են թաքցնել երեխայի աուտիզմը՝ վախենալով շրջապատի արձագանքից կամ չհասկացված վերաբերմունքից։
Հոգեբանը կարևորելով աուտիզմով երեխաների ծնողների հոգեկան առողջությունը ընդգծեց.





«Ծնողները պետք է նախապես տեղեկացնեն երեխայի շրջապատին՝ հարազատներին, դաստիարակներին կամ ուսուցիչներին, նրա առանձնահատկությունների և դժվարությունների մասին։ Նրա խոսքով՝ դա կարևոր է, որպեսզի շրջապատը կարողանա ճիշտ հասկանալ երեխայի վարքը, ցուցաբերի համբերություն և աջակցություն, ոչ թե քննադատություն կամ խուսափողական վերաբերմունք։ Նման բաց ու անկեղծ մոտեցումը նպաստում է երեխայի արագ ինտեգրմանը հասարակության մեջ և ստեղծում ավելի ընդունող ու անվտանգ միջավայր թե՛ երեխայի, թե՛ ծնողների համար»։

Օֆելյա Հարությունյան
Հոգեբան
Գայանե Վարդանյանը, որը երկար տարիներ աշխատում է ներառական խմբերի երեխաների հետ, ևս կարևորեց ներառական խնդիրներով երեխաների ինտեգրումը հասարակության մեջ։ Նրա խոսքով՝ ամենակարևոր քայլերից մեկը շրջապատի՝ հատկապես հասակակիցների, տեղեկացվածությունն ու ճիշտ վերաբերմունքն է։
«Ադապտացիոն փուլը յուրաքանչյուր երեխայի համար անհատական է և չի կարելի կոնկրետ ժամանակ սահմանել։ Որոշ երեխաներ կարող են առհասարակ չցանկանալ դպրոց գալ և հորինել տարբեր պատճառներ՝ գլխացավ, փորացավ կամ այլ հիմնավորումներ։ Այս դեպքում կարևոր է հաշվի առնել երեխայի տարիքային առանձնահատկությունները և հասկանալ, արդյոք նրա վարքը խնդրից է գալիս, թե հնարավոր մանիպուլյացիա է։ Ծնողը պետք է ակտիվ համագործակցի դպրոցի հետ, զրուցի ուսուցչի հետ և հասկանա, թե ինչպես է երեխան դրսևորում իրեն դասարանում և միջավայրում։ Անհրաժեշտության դեպքում երեխայի համար կազմակերպվում է աշխատանք հոգեբանի հետ, որպեսզի հեշտացվի հարմարվող փուլը և աջակցվի նրա հուզական ու սոցիալական զարգացմանը»։

Գայանե Վարդանյան
Մանկավարժ
Աուտիզմը ոչ թե դատավճիռ է, այլ առանձնահատկություն, որը պահանջում է ճիշտ մոտեցում և աջակցող միջավայր։ Ճիշտ տեղեկատվությունն ու հասարակության իրազեկվածությունը, ծնողների և մասնագետների համագործակցությունը, ինչպես նաև երեխայի ինտեգրումը դպրոցում ու սոցիալական միջավայրում մեծապես նպաստում են նրա զարգացմանը և ինքնավստահության ձևավորմանը։ Կարևոր է, որ ընտանիքը հոգ տանի և իր հոգեկան առողջությունն ամրապնդի, իսկ հասարակությունը՝ ընդունի տարբերությունը։
Դեղին մամուլի և ապատեղեկատվության խնդիրները հայաստանյան մեդիատիրույթում


Նախագծի հեղինակ՝ Արտուշ Հարությունյան
Նախագծի ղեկավար՝ Դավիթ Մուրադյան


«Դեղին մամուլը» մեդիա երևույթ է, որի հիմքում ճշմարտության փոխարեն ընթերցողի էմոցիաներն են։ Այն առաջացել է 19-րդ դարի վերջերին ԱՄՆ-ում, երբ Ջոզեֆ Պուլիտցերը և Ուիլյամ Ռանդոլֆ Հերստը մրցակցում էին ընթերցողների թիվն ավելացնելու համար՝ օգտագործելով սենսացիոն, հաճախ աղավաղված և չափազանցված պատմություններ։ Այդ ժամանակաշրջանում նման լրագրությունն անգամ նպաստեց պատերազմական իրավիճակների առաջացմանը, մասնավորապես՝ 1898 թվականի իսպանա-ամերիկյան պատերազմին։
Ապատեղեկատվությունը ցանկացած տեղեկատվություն է, որը ակնհայտորեն կեղծ է կամ մոլորեցնող՝ անկախ նրա աղբյուրից կամ նպատակադրումից։ Այն կարող է դրսևորվել ամենատարբեր ձևերով՝ սկսած TikTok-ի տեսանյութերից, որոնք խոստանում են արագ դիետայի հրաշալի լուծումներ, մինչև դավադրության տեսություններ կամ նույնիսկ ճանաչված լրատվամիջոցների կողմից կեղծ և կողմնակալ հաղորդագրություններ։ Մեր օրերում ապատեղեկատվությունը, կարծես, լցրել է բոլոր հարթությունները՝ թաքնվելով ամենօրյա տեղեկատվական հոսքերի մեջ։
Մեդիա սպառումը Հայաստանում
Հայաստանի տեղեկատվական միջավայրը վերջին տարիներին էապես փոփոխվել է՝ պայմանավորված ինտերնետի հասանելիության աճով և սոցիալական մեդիայի կարևորության բարձրացմամբ։ Այս հատվածում ներկայացվում են երկու կարևոր միտումներ՝ հանրային տեղեկացվածության հիմնական աղբյուրների և առավել կիրառվող սոցիալական մեդիա հարթակների կառուցվածքը:
Հետազոտությունները վկայում են, որ սոցիալական մեդիան դարձել է առաջատար աղբյուր հասարակական և քաղաքական նորություններ ստանալու համար՝ առաջ անցնելով ավանդական հեռուստատեսությունից։ Սա ցույց է տալիս լսարանի վարքագծային փոփոխությունը՝ ավելի դինամիկ և հաճախ թարմացվող թվային բովանդակությանը նախապատվություն տալու ուղղությամբ:
Միևնույն ժամանակ, սոցիալական մեդիայի ներսում առկա հարթակների բաժանվածությունը պատկերում է սպառման որոշակի կենտրոնացում։ Facebook-ը պահպանել է իր գերակշռող դիրքը՝ հանդիսանալով հիմնական հարթակը նորությունների սպառման համար, մինչդեռ Instagram-ը, YouTube-ը և այլ հարթակներ ունեն փոքր, բայց նշանակալի մասնաբաժին։ Այս տվյալները կարևոր են հասկանալու համար, թե որտեղ և ինչպես են տեղեկատվական հոսքերը ձևավորվում հայկական մեդիատիրույթում:
Այս մեդիա սպառման կառուցվածքը նաև արտացոլում է ապատեղեկատվության տարածման նոր ուղիները և նոր մարտահրավերները մեդիագրագիտության զարգացման համար։ Արհեստական ինֆորմացիայի և սենսացիոն բովանդակության նկատմամբ ավելի զգոն և քննադատական մոտեցում զարգացնելը դառնում է կարևոր պայման՝ հանրային գիտակցության ամրապնդման համար։


Հանրային վարքագիծը նորությունների աղբյուրների ստուգման հարցում Հայաստանում
Հայաստանում հանրության վերաբերմունքը նորությունների աղբյուրների ստուգման նկատմամբ վերջին տարիներին ենթարկվել է զգալի փոփոխությունների։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ լսարանի մի մասը շարունակում է հետևել նորություններին առանց դրանք ստուգելու, մինչդեռ մյուս հատվածը ցուցաբերում է ավելի զգուշավոր և քննադատական մոտեցում։ ներկայացված տվյալները պատկերում են հասարակության տեղեկատվական սպառման վարքագծային առանձնահատկությունները՝ ընդգծելով վստահության ճգնաժամը և մեդիագրագիտության պակասը:
Տվյալ միտումները վկայում են, որ ապատեղեկատվության և սենսացիոն լրահոսերի աճող ներկայության պայմաններում հանրությունը հաճախ անվստահորեն է վերաբերվում նորություններին՝ երբեմն ընտրելով ընդհանրապես չհետևել սոցիալական մեդիայում տարածվող տեղեկությանը։ Մյուս կողմից, հասարակության մեծ մասը, շարունակում է չստուգել իրենց հասանելի տեղեկատվությունը, ինչը փաստում է մեդիագրագիտության զարգացման անհրաժեշտության մասին։




Ապատեղեկատվության ազդեցությունը մարդկանց վրա
Հայկ Բաղդյան,հոգեբան
Ապատեղեկատվական ուղերձների բացահայտման գործընթացում, հոգեբան Հայկ Բաղդյանի գնահատմամբ, կարևոր դեր ունի նաև այն ազդեցությունը և տպավորությունը, որը ուղերձը միտումնավոր կամ ոչ միտումնավոր կերպով թողնում է լսարանի վրա։ Վերոնշյալ տեխնիկաների կիրառման արդյունքում, ըստ էության, տեղի է ունենում լսարանի տպավորությունների և էմոցիաների ուղղորդում և կառավարում, ինչը մեծացնում է ապատեղեկատվական ուղերձի հնարավոր ազդեցությունը տեղեկատվություն ստացողի վրա։
«Երբ մարդիկ անընդհատ բախվում են ապատեղեկատվության և սենսացիոն բովանդակության, նրանք սկսում են ձևավորել պաշտպանական մեխանիզմներ՝ ներառյալ տեղեկատվական անտարբերություն կամ վստահության ճգնաժամ։»

—Հայկ Բաղդյան,հոգեբան:
Ինչպես է ստեղծվում և տարածվում ապատեղեկատվությունը


Ապատեղեկատվությունը լույս աշխարհ է գալիս հստակ մեխանիզմների և քայլերի միջոցով։ Սկզբում ձևավորվում է հրապուրիչ կամ սենսացիոն բովանդակություն՝ հաճախ առանց փաստերի ստուգման։ Այնուհետև այս բովանդակությունը փաթեթավորվում է գրավիչ վերնագրերի, վառ պատկերների և զգացմունքային շեշտադրումների միջոցով։ Հաջորդ փուլում ակտիվանում է բաշխման ցանցը՝ սոցիալական մեդիայի հարթակներ, կեղծ էջեր, քլիքբեյթ կայքեր, որտեղ առանց ստուգման և պատասխանատվության տարածվում է նյութը։
Այս գործընթացը հատկապես խորանում է այն դեպքերում, երբ լսարանը չի սովորել ստուգել տեղեկության աղբյուրները կամ տեղեկատվական աղմուկի պայմաններում դժվարանում է տարբերել ճշմարտությունը ապատեղեկատվությունից։.
«Հայաստանում կան լրատվամիջոցներ, որոնք գործում են որպես անհատական օգտատերեր՝ առանց ստուգման հրապարակելով գրավիչ, բայց հաճախ մոլորեցնող վերնագրերով տեղեկություններ։ Նրանց նպատակն է ոչ թե ճշմարտությունը, այլ դիտումների և լայքերի քանակի ավելացումը։ Սա լուրջ հարված է ազնիվ լրագրությանը և հանրային վստահությանը»։
—Նարեկ Կիրակոսյան,լրագրող։

Նարեկ Կիրակոսյան,լրագրող, Factor tv
Ինչպես են գործում քլիքբեյթ կայքերը
«Շատերը Հայաստանում չեն սովորել ստուգել տեղեկությունները։ Առաջին պատահական լուրն արդեն համարվում է ճշմարիտ։ Այս պայմաններում ապատեղեկատվության տարածման համար բավարար է մեկ փոստ՝ առանց որևէ հստակ աղբյուրի»։
Ալբերտ Ավետիսյան
Գործարար ալիք FM106.5,լրագրող
Քլիքբեյթ կայքերի կողմից տարածած ապատեղեկատվությունները
Էթիկական երկընտրանքներ
Ժամանակակից ինֆորմացիոն դաշտում անկախ լրագրող լինելը շատ բարդ է։ Երբ մեծ թվով կայքեր գնում են հեշտ սենսացիաների հետևից, անկախ լրագրողներն ընտրում են բարդ ճանապարհը՝ ճշգրտել փաստերը, լսել բոլոր կողմերին, պահպանել մարդու արժանապատվությունը։
Սակայն այս ուղին լի է էթիկական երկընտրանքներով․ երբեմն ճշմարտությունն իմանալու համար ստիպված են դիմել ոչ ստանդարտ մեթոդների, իսկ երբեմն՝ հրաժարվել վերնագրից, որը կարող էր «հիթ» դառնալ, բայց վնասել մարդուն։
Նարեկ Կիրակոսյան,լրագրող, Factor tv
Նարեկ Կիրակոսյան,լրագրող, Factor tv
«Մենք տեղեկատվություն ենք փոխանցում, բայց դա միաժամանակ պատասխանատվություն է փոխանցում»։
—Նարեկ Կիրակոսյան,լրագրող։
Էթիկան՝ որպես ուղեցույց

Հայաստանում մեդիայի դաշտում էթիկայի պահպանման կարեւորագույն ինստիտուցիոնալ գործիքը հանդիսանում է ԶԼՄ-ների Էթիկայի Դիտորդ Մարմինը։ Սա ոչ պետական կառույց է, որը գործում է ԶԼՄ-ների ինքնակարգավորման սկզբունքով եւ աշխատում է բացառապես մեդիայի էթիկական կանոնագրի հիման վրա։

Այս մարմնի առաքելությունն է՝ հետեւել, թե ինչպես են լրատվամիջոցները պահպանում էթիկական նորմերը, ինչպես են արձագանքում բողոքներին, եւ ինչպիսի պատասխանատվություն են կրում իրական եւ հավաստի տեղեկատվության փոխարեն հուզական մանիպուլյացիաներ տարածելու դեպքում։

Այսօր արդեն 88 հայկական լրատվամիջոց միացել է Դիտորդ Մարմնին՝ համաձայնվելով, որ իրենց գործունեությունը կարող է քննարկվել, երբ կան էթիկական խախտման կասկածներ։ Սա մեծ քայլ է մեդիայի թափանցիկության եւ վստահության վերականգնման գործում։


«Մենք քննարկում ենք այն դեպքերը, երբ կա հրապարակման փաստացի ազդեցություն կոնկրետ անձի կամ խմբի նկատմամբ։ «դիտորդ մարմնի» նպատակն է՝ վերականգնել ճշմարտությունը՝ առանց խախտելու ազատ խոսքի իրավունքը»

—Մեսրոպ Հարությունյան,«դիտորդ մարմնի»,նախկին անդամ

Դեղին մամուլի և ապատեղեկատվության տարածումը Հայաստանի մեդիա միջավայրում կտրուկ սրվեց համավարակի և պատերազմի տարիներին։ Այս ճգնաժամային ժամանակաշրջաններում, երբ հասարակությունը առավել զգայուն էր և տեղեկատվության կարիք ուներ, որոշ մեդիա հարթակներ ընտրեցին զգացմունքային մանիպուլյացիայի և վախի սերմանման ուղին՝ ընթերցողներ և շահույթ ներգրավելու համար։
Սոցիալական մեդիայի զարգացումը, նոր դուռ բացեց արագ և անկառավարելի տեղեկության հոսքի համար։ Թեև այդ հարթակները հնարավորություն տվեցին անմիջական և բազմակողմանի հաղորդակցությանը, միևնույն ժամանակ դրանք դարձան ապատեղեկատվության և դեղին մամուլի հիմնական տարածման դաշտ։
Արդյունքում հասարակության վստահությունը դեպի մեդիա զգալիորեն նվազեց, առաջացավ մեդիագրագիտության խորը ճգնաժամ։

Մեր ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ մեդիագրագիտությունը Հայաստանում դեռևս պահանջում է լուրջ զարգացում, իսկ լրագրողական պատասխանատվությունը՝ մշտական ամրապնդում։ Սակայն դրական միտումներ կան. մեդիատիրույթում ավելի շատ են հայտնվում այնպիսի նախաձեռնություններ, որոնք պայքարում են ճշգրիտ, հավաստի և մարդակենտրոն տեղեկատվություն տարածելու համար։
Այսօր, երբ տեղեկատվական մանիպուլյացիան դարձել է հզոր գործիք հասարակական տրամադրություններ ձևավորելու համար, մեր ամենամեծ զենքը մնում է քննադատական մտածողությունը, փաստերի ստուգումը և մեդիագրագիտությունը։
Ի վերջո, ապատեղեկատվության դեմ պայքարը չի ավարտվում մեկ նախագծով կամ մեկ նախաձեռնությամբ. այն շարունակական գործընթաց է, որում պետք է ներգրավված լինեն թե՛ մեդիան, թե՛ հասարակությունը։