Էջմիածին. տեսիլքից իրականություն
Ուսանող՝ Արմինե Մնացականյան
Ղեկավար՝ Տիգրանուհի Ներսեսյան
Էջմիածինը, որը հայտնի է նաև Վաղարշապատ անվամբ, Հայաստանի հոգևոր կենտրոնն է և ունի կարևոր մշակութային նշանակություն։ Քաղաքը հիմնադրվել է մ.թ.ա. II դարում և սկզբում հայտնի էր Վարդգեսավան անվամբ։ Ավելի ուշ Արշակունի Վաղարշ Ա թագավորը վերակառուցեց քաղաքը՝ վերանվանելով այն Վաղարշապատ՝ հելլենիստական ոճով կառուցված կենտրոն։
Սակայն իր նշանակալի դերը Էջմիածինը ստացավ 301 թ., երբ հայ ժողովուրդը ընդունեց քրիստոնեությունը որպես պետական կրոն։ Հենց այդ ժամանակ այստեղ հիմնադրվեց Մայր Տաճարը, որը աշխարհի ամենահին քրիստոնեական տաճարներից է: Այստեղ է գտնվում Ամենայն Հայոց Կաթողիկոսի նստավայրը: Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարը կառուցվել է մոտավորապես 303 թվականին։ Ըստ լեգենդի՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչը մարգարեական տեսիլք է ունեցել, ըստ որի՝ Աստծու Միածին Որդին իջնել է երկնքից և ոսկե մուրճով հարվածել գետնին՝ ցույց տալով այն վայրը, ուր պետք է կառուցվեր Էջմիածնի Սուրբ Տաճարը: «Էջմիածին» նշանակում է «իջավ Միածինը»՝ հիշեցնելով այդ տեսիլքը։ Էջմիածնի Մայր Տաճարը համարվում է աշխարհում առաջին պաշտոնապես կառուցված քրիստոնեական տաճարներից մեկը։
Էջմիածնի Մայր Տաճարի վերանորոգման աշխատանքները սկսվել են 2011 թվականին և ավարտվել 2023 թվականին։ Վերանորոգումը պայմանավորված էր ինչպես տաճարի հնությամբ, այնպես էլ կառուցվածքային խնդիրներով։ Շինության մեջ կային ճաքեր, խոնավություն և այլ խնդիրներ, որոնք կարող էին վտանգել տաճարի ամրությունն ու երկրաշարժի դեպքում նրա անվտանգությունը։
Զբոսաշրջիկներին հատկապես գրավում է Տաճարի պատմական հնությունը և այն հանգամանքը, որ այն համարվում է աշխարհի ամենահին գործող քրիստոնեական տաճարներից մեկը։
Տեր Եսայի քահանա Արթենյան

Մայր Աթոռի թանգարանը հայ եկեղեցական և մշակութային ժառանգության նշանակալի կենտրոններից է։ Թանգարանում ներկայացված են արժեքավոր ձեռագրեր, եկեղեցական արծաթե իրեր, խաչեր, պատմական արձանագրություններ, պատկերագրական նյութեր, ինչպես նաև սրբություններ, մասունքներ, որոնցից շատերն ունեն համաշխարհային նշանակություն։ Թանգարանի բացառիկ ցուցանմուշներից է Սուրբ Գեղարդը։

Սուրբ Գեղարդը քրիստոնեական սրբություն է, որով, ըստ ավանդության, հռոմեացի զինվորը խոցել է Հիսուս Քրիստոսի կողը։ Այն առաջին դարի երկրորդ կեսին Հայաստան է բերել Թադեոս առաքյալը։ Դարեր շարունակ այն պահվել է պատմական Հայաստանի տարբեր վանքերում, իսկ 13-րդ դարից՝ Այրիվանքում, որը հետագայում կոչվել է Գեղարդավանք։ Միջին դարերում արշավանքների սպառնալիքների պատճառով Գեղարդը տեղափոխվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին։ Այժմ այն պահվում է Էջմիածնի Մայր Աթոռի թանգարանում։​

Սուրբ Գեղարդը ոչ միայն քրիստոնեական սրբություն է, այլև հրաշագործ զորություն ունի։ Այն օգտագործվել է տարբեր ժամանակներում՝ աղետներից, հիվանդություններից և պատերազմներից ժողովրդին ազատելու համար։ Օրինակ՝ 18-րդ դարի վերջին վրացի երկու թագավորները դիմել են Սիմեոն Երևանցի և Ղուկաս Կարնեցի կաթողիկոսներին՝ խնդրելով Գեղարդը տանել Թիֆլիս՝ ժանտախտի համաճարակը մեղմելու համար։ Գրավոր վկայությունների համաձայն՝ Սուրբ Գեղարդի զորությամբ այդ հիվանդությունը վերացել է։

Պատմաազգագրական թանգարանը հիմնադրվել է 1964 թվականին։ Թանգարանի ստեղծման գործում մեծ դեր է ունեցել հնագետ Ռաֆիկ Թորոսյանը, որի շնորհիվ և ղեկավարությամբ սկսվել են հնագիտական պեղումները տարածաշրջանում։ Թանգարանում կա երկու հիմնական բաժին՝ հնագիտական և ազգագրական։ Հնագիտական բաժնում ցուցադրվում են Արարատյան դաշտավայրի տեղաբնիկների կենսակերպը, կենցաղը և ապրելակերպը ներկայացնող ցուցանմուշներ՝ սկսած պղնձե-քարեդարյան ժամանակաշրջանից մինչև միջնադար։
Ազգագրական բաժնում են գտնվում Հայաստանի մի շարք շրջաններից, Արցախից և Արևմտյան Հայաստանից բերված ցուցանմուշներ՝ գորգեր, կարպետներ, խոհանոցային սպասք, կենցաղային իրեր, տեղական արհեստներին վերաբերող նյութեր, հնատիպ գրքեր, լուսանկարներ, կահույք և դրամագիտական հավաքածու։
Էջմիածնի պատմաազգագրական թանգարանը մի հատված է նվիրել 19-րդ դարի վերջի և 20-րդ դարի սկզբի Էջմիածնի քաղաքային բնակարանի ինտերիերին։ Սրահը թանգարանի ամենահետաքրքիր բաժիններից է, քանի որ այն ներկայացնում է այդ ժամանակաշրջանի քաղաքի բնակիչների կենցաղը, ապրելակերպը և ինտերիերը։
Բնակարանի մոդելը ցույց է տալիս միջին խավի էջմիածնեցի ընտանիքի ավանդական բնակարանի ներքին տեսքը՝ ներառյալ կահույքը, հարդարանքը, գորգերը, կենցաղային իրերը։ Այստեղ կարելի է տեսնել նաև ժամանակին բնորոշ ճաշասենյակ, ննջասենյակ և հյուրասենյակ։

Թանգարանը գտնվում է Էջմիածին քաղաքի կենտրոնում՝ Մաշտոցի փողոցում։ Այցելուները կարող են ծանոթանալ թանգարանի ցուցանմուշներին՝ երկուշաբթիից ուրբաթ՝ 10:00-ից 17:00-ն ընկած ժամանակահատվածում։ Կիրակի օրերին թանգարանը փակ է։​

​Մաչանենց տունը հիմնադրվել է 2010 թվականին Գրիգոր Մաչանենց Բաբախանյանի կողմից, այն սոցիալական ձեռնարկություն է։ Մաչանենց տանը կան թանգարաններ, արվեստանոցներ, թատրոն, հյուրատուն, գինետուն, ռեստորան, պատկերասրահներ և հյուրատուն։ Այստեղ գործում են նաև արվեստի դպրոցներ՝ գորգագործություն, կավագործություն, նկարչություն, թատերարվեստ, երգչախումբ և այլն։ Կրթությունը անվճար է, հատկապես այն երեխաների համար, որոնք սոցիալապես ծանր իրավիճակում են։ Այստեղ ներկայացված են հայկական կենցաղավարման հնագույն իրեր, խեցեգործության նմուշներ, ինչպես նաև ավանդական կենցաղային իրեր, կազմակերպվում են լավաշ թխելու, տոլմա պատրաստելու, գաթա թխելու վարպտության դասեր։ Այստեղ կարելի է նաև ծանոթանալ արևային խոհանոցին։ Սնունդը պատրաստվում է արևի շողերով, այն էկոլոգիապես մաքուր և համեղ է։

Մաչանենց տունը նաև սոցիալական ռեստորան է՝ «Հին օրերի երգը» անվամբ, որտեղ աշխատում և մատուցում են 63 տարեկան և բարձր անձիք։

Մաչանենց տան գինիների շշերի վրա տեղադրված է QR կոդ, որի սկանավորման դեպքում Մաչանենց տան հիմնադիր Գրիգոր Մաչանենց Բաբախանյանը կենաց է ասում։

Face Control հեռուստածրագրի հիմնադիր Տիգրան Հարությունյանի հետ զրուցեցինք Էջմիածնի բացառիկ դերի մասին։
Ինչպես հասնել Էջմիածին


Էջմիածինը Երևանից ընդամենը 20 կմ հեռավորության վրա է, և հասանելի է մի քանի հարմար տարբերակով։
1․ Միկրոավտոբուսով
Եթե դուք գտնվում եք քաղաքի կենտրոնում՝ Երիտասարդական մետրոյի կամ Մատենադարանի տարածքում, ապա կարող եք ուղղակիորեն նստել միկրոավտոբուս, որը երթևեկում է Էջմիածին։ Տրանսպորտի արժեքը կազմում է ընդամենը 300 դրամ, իսկ երթուղիները սկսում են աշխատել վաղ առավոտից՝ մոտավորապես 07:00-ից։ Ուղևորությունը տևում է 30-40 րոպե՝ կախված խցանումներից։
2․ Տաքսի ծառայություններ
Սարյան փողոցից գործում են նաև համատեղ ուղևորություն ապահովող տաքսիներ։ Դրանք աշխատում են գրեթե միկրոավտոբուսի տրամաբանությամբ՝ սպասում են, մինչև ավտոմեքենան լցվի ուղևորներով, ապա շարժվում են Էջմիածին։ Գինը 500 դրամ է։
3․ Գնացք
Եթե ուզում եք ձեր ճամփորդությանը մի փոքր ռոմանտիկա ավելացնել, ապա կարող եք ընտրել Երևան-Գյումրի երթուղու գնացքը, որն ունի կանգառ նաև Էջմիածնի գյուղերից մեկում։ Ժամանակացույցն ու գները հարկավոր է ստուգել նախապես։


Էջմիածինը հայ ժողովրդի հոգևոր կենտրոնն է, միաժամանակ այն ապրող քաղաք է, և ճամփորդական լրագրության ձևաչափը հնարավորություն է տալիս ներկայացնել Էջմիածնի հոգևոր, պատմական, մշակութային դեմքը, ինչպես նաև ներառել քաղաքային կյանքը, տրամադրել ավելի կիրառելի տեղեկատվություն։