Հայաստանը`սեռով պայմանավորված հղիության ընդհատումների ցուցանիշով առաջատարը տարածաշրջանում.
.

Նորածինների սեռերի համամասնության բնական մակարդակը համարվում է 104-106 տղայի հաշվով 100 աղջիկ ցուցանիշը: Երբ այս համամասնությունը խախտվում է կամ նկատվում են զգալի տատանումներ, դա վերածվում է պետական մակարդակի տագնապի, և իշխանությունները ձեռնարկում են համապատասխան միջոցներ խնդրի լուծման համար: Ակնհայտ է, որ խնդիրը զուտ վիճակագրական չէ։ Այն արտացոլում է հասարակության մեջ արմատավորված վերաբերմունքները, սեռային անհավասարությանը, որոնք էլ հաճախ հանգեցնում են սեռով պայմանավորված հղիության ընդհատումների։


Վերջին մեծ հետազոտությունը, «Պտղի սեռի խտրական ընտրության տարածվածությունն ու պատճառները Հայաստանի Հանրապետությունում», կատարվել է 2022 թվականին՝ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի և ՕքսԵՋեն հիմնադրամի աջակցությամբ: Հետազոտությունը հիմնված է 18-49 տարեկան, երբևէ հղիություն ունեցած կանանց տվյալների վրա: Արդյունքներին ծանոթանալով, պարզ է դառնում, որ վիճակագրությունը շատ մտահոգիչ է:

Սեռերի համամասնության շեղումները Հայաստանում

Սեռերի համամասնության շեղումները Հայաստանում, հատկապես 1990-ականներից սկսած, խնդիրը վերածվել է լուրջ և մտահոգիչ երևույթի, որն ունի խոր սոցիալական, մշակութային  տնտեսական արմատներ։ Տղա երեխայի գերադասումը, ավանդական պատկերացումները ընտանիքի և ժառանգության մասին, ինչպես նաև հասարակական ճնշումները նպաստել են այս վտանգավոր միտման ձևավորմանը։


2000-ականներին, երբ Հայաստանը աստիճանաբար դուրս էր գալիս պատերազմական և հետճգնաժամային շրջանից, իսկ սոցիալ-տնտեսական պայմանները սկսում էին կայունանալ, սեռերի անհամամասնության ցուցանիշները որոշ չափով նվազեցին։ Այս փոփոխությունը պայմանավորված էր ոչ միայն հարաբերական խաղաղությամբ, այլև հասարակության ներսում տեղի ունեցող սոցիալական վերափոխումներով․ կրթության հասանելիության աճը, տեղեկատվության տարածումը և կանանց դերի վերաբերյալ նոր քննարկումները նպաստեցին ավելի գիտակից մոտեցումների ձևավորմանը։

«Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ-ի փորձագետ Աննա Սահակյանը մեր զրույցում կարևորեց, որ խնդրի հաղթահարման հիմնական ուղին պետք է լինի ոչ թե սահմանափակումների խստացումը, այլ հասարակության մտածողության և արժեքային համակարգի փոփոխությունը։ Նրա խոսքով՝ սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումները ինքնուրույն ձևավորված երևույթներ չեն, ամեն մի ընտանիքի հետևում, ով գնում է նման քայլի կան խորքային խնիրներ։


«Խնդրի հիմքում գենդերային կարծրատիպերն են, որոնք ձևավորում են կնոջ ընկալվող դերը հասարակության մեջ։ «Ազգանունը չի փոխանցվի», «վաղը մյուս օր տղան է պահելու»՝ այսպիսի պատկերացումները տարիներ շարունակ ամրապնդվել են մեր հասարակությունում և շարունակում են ուղղակիորեն ազդել ընտանիքների կայացրած որոշումների վրա»,— նշում է փորձագետը։


Սահակյանը կարևորում է նաև տղամարդկանց և ընտանիքի ավագ սերնդի ներգրավումը գործընթացում՝ նշելով, որ խնդիրը չի կարող լուծվել միայն կանանց ուսերին դրվելով։ Նրա կարծիքով՝ գենդերային հավասարության մասին կրթությունն ու իրազեկումը պետք է սկսվեն վաղ տարիքից՝ դպրոցից, որպեսզի ձևավորվի սերունդ, որի համար երեխայի արժեքը պայմանավորված չի լինի սեռով։

«Խնդիրը հղիության արհեստական ընդհատումը չէ, խնդիրը գենդերային անհավասարությունն է։ Կինը պետք է ունենա հղիության ընդհատման իրավունք, որը հիմնարար իրավունք է օրենքի տեսանկյունից։ Ընդհատումը պետք է լինի անվտանգ և հասանելի, սակայն սեռով պայմանավորված ընդհատումները անընդունելի են»

Փորձագետը զգուշացնում է, որ օրենսդրական խստացումները կամ բժշկական վերահսկողության ուժեղացումը կարող են հակառակ ազդեցություն ունենալ․՝


«Օրենքի խստացման դեպքում մարդիկ, ցանկության դեպքում, կարող են դիմել ավելի վտանգավոր և դաժան քայլերի՝ պտղից ազատվելու համար։ Այդ դեպքում մենք չենք ունենա դրական արդյունք։ Մենք չենք կարող ունենալ իրական փոփոխություն, քանի դեռ չունենք հստակ և երկարաժամկետ ռազմավարություն՝ ուղղված գենդերային կարծրատիպերի վերացմանը և կնոջ դիրքի վերաիմաստավորմանը հասարակության մեջ։ Այսօր մենք պարզապես թիրախավորում ենք սելեկտիվ աբորտը, մինչդեռ պետք է աշխատենք արմատային փոփոխությունների ուղղությամբ։


Աննան հավելեց, որ իր աշխատանքի ընթացքում հաճախ է հանդիպում պատմությունների, որոնք առաջին հայացքից անհավանական են թվում, սակայն դրանց խորությամբ ծանոթանալուց հետո ակնհայտ է դառնում խնդրի իրական արմատը և այն սոցիալական միջավայրը, որը նման իրավիճակներ է ձևավորում։»

Մարինա Գրիգորյանը, ով մեզ ներկայացրեց իր պատմությունը, այն կանանցից է, ում փորձել են ընտանեկան ճնշմամբ ստիպել, որ գնա սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատման:


«Առաջին հղիությանս ժամանակ, երբ պարզվեց, որ աղջիկ եմ սպասում, ամուսնուս ընտանիքը բացահայտ ոչինչ չէր ասում, բայց հարմար պահերին ակնարկում էին, որ տղա էին ուզում։ Իսկ երկրորդ հղիության ընթացքում, երբ նորից աղջիկ էր, այդ ակնարկները փոխվեցին բացահայտ ճնշման․ արդեն ուղիղ ասում էին, որ պետք է «ազատվեմ» երեխայից, ինչն էլ վերջնականապես ինձ ստիպեց բաժանվել և վերադառնալ Երևան։»