Պատմական Սիսիան քաղաքում պետք է լինեն բոլորը՝ մեծից փոքր։ Հատկապես երեխաներին քաղաքի և հեռախոսների կյանքից կտրելու համար, պետք է տանել Սիսիան, պատմել պատմության մասին, այցելել վերը նշված շրջակա պատմական գյուղերը։ Գյուղերում պետք է անցկացնել մի քանի օր երեխաների հետ, որպեսզի իրենց աչքերով տեսնեն գյուղացու կյանքը, մինչև ուշ գիշեր խաղան բակային խաղեր, առավոտյան կովերին ուղարկեն դաշտ, երեկոյան տեսնեն, թե տատիկները ինչպես են կովերին կթում, դրանից կաթ, մածուն, կարագ պատրաստում։ Իսկ երեկոյան պետք է բոլորով հավաքվեն ցուրտ պատշգամբում, թեյ խմեն և վայելեն գյուղի լռության ձայնը։ Թեև Սիսիանում մանկական ժամանցի համար կան վայրեր, սակայն, գյուղում այդ մի քանի օրը անցկացնելը ավելի շատ հաճույք կպատճառի երեխաներին։