• Արաքս Գևորգյան

«Սովորաբար մարդիկ մեռնում են ֆիզիկապես, իսկ մենք հոգեպես մեզ սպանել էինք: Մենք պատրաստ էինք ընդունելու մեր ճակատագիրը ու չէինք մեղադրում նրանց, ովքեր չէին համարձակվում թաքստոցներից դուրս գալ: Ամեն ինչի վրա թքած ունեինք, մեզ միայն հետաքրքրիր էր, թե ինչքան թուրք կարող ենք ոչնչացնել, բայց ամեն դեպքում մի մեծ վախ կար, որը չէի կարողանում հաղթահարել. մտածում էի հորս ու հորեղբորս մասին ու Աստված էի կանչում` նրանց չտանեն մարտի դաշտ. հաստատ ողջ չէին մնա։
Խոսքերս կարող են տարօրինակ թվալ, բայց մահն ընդունելու պահից մենք հաձույք էինք ստանում. ամեն արկն արձակելիս, ամեն պայթյուն լսելիս աննորմալ ծիծաղ էր պատում մեզ, որին հաջորդում էին ոչ տեղին կատակներ»։
Այդ պահին անգամ ամենաանհավատ մարդը սկսեց հավատալ Աստծուն. դա ուղղակի անհավատալի էր: Ախր այդքան մոտիկ էինք մահվանը, ինչ պատահեց: Խոր հիասթափություն ապրեցի, բայց միաժամանակ կարծես վերադառնում էր ողջ մնալու հույսի մի շող:
«421/731 կյանքը քո գրկում» գիրքը Սուրեն Շաբոյանի՝ զինվորական ծառայության ընթացքում կուտակված փորձությունների և ապրած օրերի արձագանքն է։
Ինչպե՞ս է փոխվում մարդու աշխարհայացքը, երբ 421 օր ծառայությունը դառնում է պայքար հույսը չկորցնելու համար։ Հեղինակը, հաղթահարելով պատերազմի մարտահրավերները, պատմում է պատերազմից դրվագներ, միաժամանակ դասեր փոխանցելով զինվորներին ու բոլոր նրանց, ովքեր պատրաստ են պայքարել կյանքի համար։
-Ո՞վ է Սուրեն Շաբոյանը։

-Սովորական երիտասարդ տղա, որը մեծ երազանքներ ու նպատակներ ուներ, որոնց պետք է հասներ բանակն ավարտելուց հետո։

 -Իսկ ինչի՞ց հետո փոխվեցին նպատակները։

-Նպատակներն անփոփոխ են։ Ոչ թե փոխվել են, այլ առաջնային ավելացել է տուն գնալու նպատակը, և հայրենիքի մասը հետ բերելը։
-Ինչո՞ւ հենց «421/731 կյանքը քո գրկում»:

-Քչերն են կարողանում կռահել, թե ինչի հենց «421/731 կյանքը քո գրկում», ասեմ՝ 421 օր եմ ծառայել 731-ից։

-Ինչպե՞ս ծնվեց գիրք գրելու գաղափարը, ի՞նչը ոգեշնչեց Ձեզ:

-Ոգեշնչման աղբյուրը մորաքույրս էր։ Ես դեռ մտածում էի` արժի, թե ոչ, բայց նրա խորհրդով սկսեցի գրել։
Չեմ կարող չասել, որ Ռուբեն Եսայանն էլ է իր դերն ունեցել գիրք գրելու հարցում։ Առաջին անգամ, երբ ներկա եղա իր գրքի շնորհանդեսին, և ընթացքում ներկայացնում էին, ինչպես են սկսել գիրք գրել, միտք ծագեց, ես էլ կարող եմ փորձեմ։

 -Նոյեմբերի 17-ին կայացավ Ձեր առաջին գրքի շնորհանդեսը, կկիսվե՞ք զգացողություններով։

 -Միանշանակ շատ ուրախ էի, առաջին հերթին, որ մարդիկ ինձ չճանաչելով եկան։ Ապշեցի այն բանից, որ մարդիկ, էլի չճանաչելով, միայն լսելով պատմությունը հուզվում էին։
Շատ մեծ էներգիա էր բոլորի արձագանքները, և հիմա կարող եմ ասել, որ մոտիվացիայի պակաս չունեմ։ 

 -Ի՞նչ խորհուրդ կտաք Ձեր ընթերցողներին։

-Խորհուրդ կտամ ուշադիր կարդալ գիրքը, հատկապես զինվորները, որ նույն սխալները չանեն, ինչը մենք արեցինք։ Հույսները հանկարծ չկորցնեն, ամենաանելանելի վիճակից միշտ էլ ետդարձի ճանապարհ կա։
 -Ի՞նչ սխալի մասին է խոսքը, կմանրամասնե՞ք։

-Մենք կորցրել էինք հավատը կյանքի հանդեպ։ Փիլիսոփայական կհնչի բայց այսպես էր: Համակերպվել էինք և սպասում էինք, տպավորություն էր, որ այս արկից փրկվեցինք, մյուսից հաստատ փրկվել չէր ստացվի։

-Որպես երիտասարդ հեղինակ, ի՞նչ մարտահրավերների եք հանդիպել գիրք գրելիս։

- Գիրք գրելու համար շատ բան պետք չէ, գրիչ, տետր, որը ամեն տեղ հասանելի է, կամ համակարգիչ և վերջ։ Միակ խնդիրը մոտիվացիան էր, որը պահի ազդեցության տակ էր գալիս։ 4 երեկոի ընթացքում եմ գրել գիրքը, բայց 3 ամսում։ Խնդիրն այն էր, որ գալիս էր մի պահ, որ չէի կարողանում գրել։ Առաջին մասը գրեցի, որից հետո դադար տվեցի 2 շաբաթ։ Հետո սկսեցի գրել 2-րդ մասը, և նորից դադար տվեցի։

-Ինչպե՞ս եք պատկերացնում Ձեր գրական ապագան: Արդյոք նոր գրքերի գաղափարներ կան։

-Նոր գրքի գաղափար կա, բայց այս անգամ ռուս-ուկրաինական պատերազմի մասին, որի պատմությունները կլինեն արդեն հորինված:

 -Ի՞նչ փոխեց պատերազմը Սուրենի կյանքում։

-Ոչ թե ինչ-որ բան փոխեց, այլ ավելացրեց։ Ավելացրեց նոր զգացողություններ և դասեր։ Ավելի շատ վերաիմաստավորեց, ստիպեց գնահատել կյանքն յուրաքանչյուր պահի։ 
 -Ի՞նչ արժեքներ սկսեցիք է՛լ ավելի գնահատել պատերազմից հետո։

-Մարդկային հարաբերությունները: Եվ սկսեցի ավելի շատ գնահատել կյանքը։