Դատարկվող գյուղեր․ Թեղենիք
Դեռևս 2009-2018 թվականներին, երբ ես հաճախում էի Թեղենիքի Վ․ Ջինիշյանի անվան միջնակարգ դպրոց, ապագայի իմ հեռանկարները կապում էի գյուղի հետ։ Գյուղում հնարավորությունները սահմանափակ էին և չկային մինիմալ պայմաններ, որոնք կհեշտացնեին մարդկանց կյանքը: Միակ բանը, որը ինձ մխիթարում էր, իմ դպրոցն էր: Այդ թվականներին դպրոցը քիչ աշակերտներ ուներ, մենք դասարանում ութն էինք։ Ամեն տարի մի ընտանիք լքում էր գյուղը և տեղափոխվում քաղաք, իմ ծնողները ևս կայացրին այդ որոշումը՝ լայնացնելու կրթություն ստանալու մեր հնարավորությունները։ Ամեն անգամ այդ ամենը հիշելիս՝ ես խորապես ցավ եմ ապրում։
Հիմա, երբ այցելում եմ գյուղ և զրուցում բնակիչների, երտասարդների հետ, հասկանում եմ, որ այնտեղի մարտահրավերները չեն փոխվել, նրանք ավելի մեծ ակնկալիքներ ունեն քաղաքից, ուզում են լքել գյուղը, գնալ հարակից քաղաքներ կամ արտերկիր՝ իրենց հետագա կյանքը շարունակելու համար։