Բնակարանային կեղծ հայտարարություններ․ ինչպե՞ս են մարդկանցից գումար կորզում


160 հազար դրամը փոխանցելու պահին երիտասարդ զույգը կարծում էր, որ վերջապես գտել է իր ուզած բնակարանը՝ նորակառույց շենք Երևանի կենտրոնում, մատչելի վարձավճար, լուսանկարներ, տեսանյութ և նույնիսկ մեկ տարվա վարձակալության պայմանագիր․ ամեն ինչ բավական համոզիչ էր թվում։

Էռնա Շ․-Ն պատմում է, որ ամուսնու՝ Հայկի հետ տուն էին փնտրում և 2026 թվականի փետրվարի կեսերին List. am հարթակում գտան Երևանի Կենտրոն վարչական շրջանի Ագաթանգեղոսի փողոցի նորակառույց շենքերից մեկում գտնվող բնակարանի հայտարարություն։
«Բոլոր պայմաններով հարմարավետ և բավականին մատչելի բնակարան էր»,– ասում է Էռնան:
Զույգը կապ է հաստատում հայտարարությունը տեղադրած երիտասարդի հետ։ Տղամարդն ասում է, որ բնակարանն ազատ է, սակայն ինքն այդ պահին մարզում է և միայն մի քանի օր անց կարող է գալ Երևան՝ բնակարանը ցույց տալու համար։ Ավելին՝ նա ուղարկում է բնակարանի լուսանկարներ և տեսանյութ։
«Շատ հավանեցինք, որովհետև իրականում կենտրոնում այդ գնով դժվար էր գտնելը։ Կարծեցինք, որ լավ հնարավորություն է, կկարողանանք անպայման վարձել այդ բնակարանը»,–պատմում է Էռնան։
Հետո տղամարդը հայտնում է, որ բնակարանը պատկանում է զոքանչին ու աներոջը, որոնք արտերկրում են։ Նրա խոսքով՝ պետք է նրանց հետ խոսի և երկու օրվա ընթացքում պատասխան տա, բայց, քանի որ բնակարանի համար բազմաթիվ մարդիկ են զանգահարում, առաջարկել է գումարը իրեն փոխանցել որպես դեպոզիտ։
Էռնայի խոսքով՝ տղամարդը փոխանցման համար տվել է իր զոքանչի բանկային հաշվեհամարը և նշել, որ սեփականատերերը, իմանալով, որ նորաստեղծ ընտանիք է, որոշել են բնակարանը հենց նրա՛նց տրամադրել։

Վստահությունը ամրապնդվել է մեկ այլ փաստաթղթով ևս․ Էռնային ու Հայկին ուղարկվել է վարձակալության պայմանագիր, որը իրավական տեսանկյունից ճիշտ ձևակերպված էր։ Փաստաթղթում նշված էին Հայկի անձնական տվյալները, բնակարանի հասցեն, վարձակալության ժամկետը, փաստաթուղթը ստորագրված էր «Հայկ Թումանյան» անունով։
“
«Փաստաթուղթ էր ուղարկել՝ նշելով, որ իր կինը իրավաբան է և այդ պայմանագիրը կինն է կազմել՝ նոտարական գրասենյակում է աշխատում։ Մենք ստորագրեցինք՝ առանց մտածելու, որ հնարավոր է այն կեղծ լինի»,– պատմում է Էռնան:
Գումարը փոխանցելուց հետո զույգն սկսում է պատրաստվել տեղափոխության, թեպետ բնակարանը դեռ չէր տեսել: Բնակարանը վարձակալությամբ տվող տղամարդը կապի մեջ էր նրանց հետ և ամեն անգամ նոր պատճառ էր ներկայացնում։ Սկզբում ասել էր, որ բնակարանում մարդիկ են ապրում, պետք է վարագույրը փոխվի, տունը մաքրվի, և դրանից հետո միայն իրենք կկարողանան տեղափոխվել։ Պայմանավորված օրը զանգահարել է և հայտնել, որ երեխան վատառողջ է, և ինքը պետք է հիվանդանոց գնա։ Հաջորդ պատճառաբանությունը ճանապարհների փակ լինելն էր։
Մի օր էլ տվել է իր կնոջ հեռախոսահամարը, որ եթե ինքը չկարողանա գալ, կինը գա և բանալիները հանձնի։ Կինը նույնպես կապ է հաստատել տուժածների հետ և վստահեցրել, որ բնակարանը կտրամադրեն։
«Արդեն կասկածներ առաջացան, որ հնարավոր է՝ զեղծարարության զոհ ենք դարձել»,– ասում է Էռնան։.
Զույգը փորձել է զանգահարել տարբեր հեռախոսահամարներից, այդ թվում՝ բարեկամների համարներից, որպեսզի հասկանա՝ արդյոք տղամարդը կպատասխանի անծանոթ համարներին։ Նրա կինը կրկին խնդրել է երկու օր ժամանակ և խոստացել կա՛մ բնակարանը տրամադրել, կա՛մ վերադարձնել գումարը։
Էռնան և Հայկը որոշել են այլևս չվարձակալել այդ բնակարանը և պահանջել են վերադարձնել գումարը։ Սակայն մարտի 7-ից, երբ այս պատմության սկզբից անցել էր մոտ 20 օր, նրանց հետ կապ հաստատել այլևս չի հաջողվել։.








Հաջորդ փուլում տուժողներին ուղարկվել է գումարի վերադարձը հաստատող անդորրագիր, որը ներկայացվել էր որպես «Էվոկաբանկի» հաշվից կատարված փոխանցման ապացույց։ Բանկի հետ կապ հաստատելուց հետո զույգին հայտնել են, որ նշված հաշվեհամարին նման փոխանցում չի կատարվել։ Այդ պահին նրանք վերջնականապես համոզվել են, որ ուղարկված փաստաթուղթը կեղծ է։

Զույգը դիմել է ոստիկանություն և ներկայացրել կատարվածը։ Նրանց հայտնել են, որ «Հայկ Թումանյան» անունն արդեն ծանոթ է ոստիկանությանը, և նրա վերաբերյալ նախկինում ևս դիմումներ եղել են։
Զույգը փորձել է տեղեկանալ իրենց դիմումի ընթացքի մասին։ Հայկի խոսքով՝ ոստիկանությունից ստացել են տեղեկություն, որ իրենց հաղորդման հիման վրա քրեական գործ չի հարուցվել, իսկ որոշման վերաբերյալ գրավոր պատասխան պետք է ստանային փոստով։
«Այդպես հասկացանք, որ ոստիկանությունը չի ցանկանում այդ գործով զբաղվել»,– ասում է Էռնան:
Դատալեքսում առկա նյութերի ուսումնասիրության ընթացքում պարզեցինք, որ Հայկ Միշայի Թումանյանի և նրա կնոջ՝ Մարիամ Ռուբիկի Գրիգորյանի վերաբերյալ կան մի շարք քրեական գործեր, որոնք նկարագրում են բնակարանների վարձակալության կեղծ առաջարկների միջոցով գումար կորզելու մեղադրանքներ։ Այդ նյութերում նկարագրված դեպքերը ունեն մի շարք ընդհանրություններ։
Որոշ դեպքերում կեղծ հայտարարությունները տեղադրվել են List.am-ում, մեկ այլ դեպքում՝ Facebook-ում։ Նշվել են կոնկրետ հասցեներ, այդ թվում՝ Արտաշեսյան 44/4, Նիկողայոս Տիգրանյան 5 շենք, բնակարան 24, Արշակունյաց 30 և 32, ինչպես նաև Կասյան 12 հասցեները։
Օրինակ՝ ըստ Հասմիկ Հայրապետյանի առաջադրած մեղադրանքի, Հայկ Թումանյանը նրան առաջարկել է Արտաշեսյան 44/4 հասցեում գտնվող բնակարան։ Հայտարարությունից հետո կապ հաստատելու ընթացքում, ըստ նյութերի, Հայկ Թումանյանը հեռախոսը փոխանցել է Մարիամ Գրիգորյանին։ Վերջինս ներկայացրել է, որ իրավասու է բնակարանը վարձակալության հանձնելու։ Վստահություն ստեղծելու նպատակով ուղարկվել է սոցիալական ցանցից ներբեռնված մեկ այլ բնակարանի տեսանյութ, ինչից հետո նրանց փոխանցվել է 150 հազար դրամ։
Մեկ այլ դեպքի նկարագրությունում հիշատակվում է Նիկողայոս Տիգրանյան 5 շենքի 24-րդ բնակարանի հայտարարությունը։ Ըստ դատական նյութերում նկարագրված հանգամանքների՝ բնակարանը ներկայացվել է որպես վարձակալության հասանելի տարբերակ, իսկ քաղաքացին գումար է փոխանցել մինչև բնակարանը տեսնելը։ Նույն նյութերում նշվում է 80 հազար և 65 հազար դրամի չափով փոխանցումների մասին, մինչդեռ գործի մեկ այլ հատվածում ընդհանուր գումարը նշված է 180 հազար դրամ։
Այսպիսով, 2022-2026 թթ․ դատական նյութերում Հայկ Թումանյանի կողմից բնակարանների վարձակալության առաջարկների միջոցով քաղաքացիներից գումար ստանալու 9 դեպք է գրանցվել։ Փոխանցված գումարները կազմել են 70 հազարից մինչև 180 հազար դրամ։
Իրավաբան Սյուզաննա Պողոսյանի խոսքով՝ կեղծ հայտարարություն տեղադրելու փաստը դեռ ինքնին բավարար չէ խարդախության մասին խոսելու համար և կարևոր է պարզել անձի սկզբնական դիտավորությունը:
ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի համաձայն՝ խարդախությունը խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով հափշտակությունն է:
Պողոսյանի խոսքով՝ եթե անձը հայտարարությունը տեղադրել է՝ ի սկզբանե գիտակցելով, որ տվյալ բնակարանը գոյություն չունի, իրեն չի պատկանում, այն վարձակալության կամ վաճառքի հանձնելու իրավասություն չունի կամ իրականում մտադիր չէ կատարել առաջարկվող գործարքը, իսկ այդ կեղծ տեղեկությունների միջոցով քաղաքացուն մոլորության մեջ գցելով ստացել է կանխավճար, դեպոզիտ կամ այլ վճարում, կարող են առկա լինել խարդախության հատկանիշներ։
Էական է խաբեության և գումարի փոխանցման միջև պատճառական կապը․ տուժողը գումարը փոխանցել է հենց այն պատճառով, որ հավատացել է իրեն ներկայացված կեղծ տեղեկությանը։
Գործող քրեական դատավարության օրենսգրքով, եթե ներկայացված է առերևույթ հանցանքի մասին պատշաճ հաղորդում, քննիչը պարտավոր է քրեական վարույթ նախաձեռնել։ Ընդ որում՝ քրեական վարույթ նախաձեռնելու մասին արձանագրությունը պետք է կազմվի անհապաղ՝ 24 ժամվա ընթացքում, ոչ ուշ։ Եթե քննիչը գտնում է, որ վարույթ նախաձեռնելու հիմքեր չկան, դրա մասին տեղեկացնում է հսկող դատախազին, իսկ դատախազը 24 ժամվա ընթացքում կամ հաստատում է այդ մոտեցումը, կամ հանձնարարում է նախաձեռնել քրեական վարույթ։ Քաղաքացին պետք է նաև գրավոր տեղեկացվի վարույթ չնախաձեռնելու և դրա բողոքարկման կարգի մասին։
«Եթե քաղաքացին համաձայն չէ այդ որոշման հետ, նա ունի այն բողոքարկելու իրավունք։ Դատական բողոքարկումից առաջ նախատեսված է դատախազական բողոքարկման փուլը։ Եթե իրավասու դատախազը բողոքը չի բավարարում, համապատասխան մինչդատական ակտը կարող է բողոքարկվել դատարանում»,- ընդգծում է Պողոսյանը:

Սյուզաննա Պողոսյան
Իրավաբան
Դատարան դիմելու ժամկետը 15 օր է՝ դատախազի կողմից բողոքի մերժման կամ այն չբավարարող այլ պատասխանի ստացման օրվանից։ Եթե դատախազին ներկայացված բողոքին 15 օրվա ընթացքում ընդհանրապես պատասխան չի տրվել, այդ ժամկետի ավարտից սկսվում է դատարան դիմելու 15-օրյա ժամկետը։
Այսինքն՝ ոստիկանություն դիմելով և պատասխան չստանալով հարցը չի ավարտվում․ անձն ունի դատախազական, այնուհետև՝ դատական պաշտպանության հնարավորություն։

Պողոսյանը շեշտում է, որ քրեական պատասխանատվության ենթարկելը և տուժողին պատճառված գույքային վնասի հատուցումը տարբեր իրավական հարցեր են։ Տուժողը քրեական վարույթի շրջանակում կարող է ներկայացնել գույքային հայց և պահանջել հանցագործությամբ իրեն պատճառված անմիջական գույքային վնասի փոխհատուցումը։ Տուժողը քրեական վարույթի շրջանակներում կարող է ներկայացնել գույքային հայց և պահանջել իրեն պատճառված անմիջական գույքային վնասի հատուցումը։ Օրինակ՝ եթե կեղծ հայտարարության հիման վրա փոխանցվել է 160.000 դրամ, այդ գումարը կարող է պահանջվել որպես հանցագործությամբ անմիջականորեն պատճառված գույքային վնաս։Գույքային հայցը ներկայացվում է մեղադրյալի կամ օրենքով նախատեսված դեպքում նրա գործողությունների համար գույքային պատասխանատվություն կրող անձի դեմ։ Եթե քրեական վարույթում չի ներկայացվում գույքային հայց, ապա նման պահանջ կարելի է ներկայացնել քաղաքացիական դատավարության կարգով։

Դատալեքսի նյութերում նույն անձանց վերաբերյալ մի քանի քրեական վարույթների առկայությունը ևս հարցեր է առաջացնում։ Սակայն, ինչպես ընդգծում է Սյուզաննա Պողոսյանը, պետք է տարբերակել երկու իրավիճակ՝ անձի վերաբերյալ նախկինում քրեական վարույթի առկայությունը և օրինական ուժի մեջ մտած դատավճռով նախկին դատվածությոան առկայությունը։ Միայն այն հանգամանքը, որ անձի վերաբերյալ նախկինում քրեական վարույթ է եղել, ինքնին չի նշանակում, որ նա կատարել է այդ հանցագործությունը։ Գործում է անմեղության կանխավարկածը, և յուրքանչյուր նոր վարույթում մեղադրանքը պետք է հիմնավորվի տվյալ վարույթի ապացույցներով:
Խափանման միջոցի ընտրության ժամանակ դատարանը, ըստ իրավաբանի, պետք է գնահատի կոնկրետ դատավարական ռիսկերը, ոչ թե անձին պատժի նախկին վարքագծի համար։ Նախկին վարույթների վերաբերյալ տվյալները կարող են նշանակություն ունենալ այնքանով, որքանով դրանք կոնկրետ փաստերի հետ միասին առնչվում են, օրինակ, նոր հանցանք կատարելու, վարույթին խոչընդոտելու կամ վարույթից խուսափելու իրական ռիսկի գնահատմանը։
Էռնայի և Հայկի դիմումից հետո, նրանց ընկերները Facebook-ի տարբեր խմբերում սկսել են զգուշացնող հրապարակումներ տարածել և նրանց հետ կապ են հաստատել այլ մարդիկ, որոնք նույնպես պատմել են նույն անձի հետ կապված իրենց փորձառության մասին։
Էռնան ասում է, որ այդ հրապարակումներից հետո իրենց զանգահարել է Հայկ Թումանյանը ու պահանջել հեռացնել իր մասին հրապարակված տեղեկությունները։ Հետո հնչել են նաև սպառնալիքներ՝ կապված Էռնայի ընտանիքի անդամների վերաբերյալ հնարավոր հրապարակումների հետ։ Դրանից հետո տղամարդը խոստացել է վերադարձնել գումարը, անգամ ասել է, որ դրա համար պատրաստվում է վաճառել մեքենան։ Սակայն խոստումը չի կատարել։
Մոտ մեկ ամիս անց տղամարդը կրկին կապ է հաստատել Էռնայի ամուսնու հետ և խնդրել քարտի տվյալները՝ գումարը վերադարձնելու համար։ Քարտի տվյալները փոխանցելուց հետո, գումարը այդպես էլ չի վերադարձվել։
“
«Մեզ էլ հարկավոր չէր այդ գումարը։ Ավելի շատ էմոցիոնալ ֆոնն էր բարձր։ Մենք միայն ցանկանում էինք հանգստություն և նմանատիպ մարդկանցից հեռու մնալ»,– բացատրում է Էռնան։
Բնակարանների վարձակալության կամ վաճառքի կեղծ հայտարարությունների միջոցով քաղաքացիներին խաբելու դեպքերի վերաբերյալ տվյալներ ստանալու նպատակով սեպտեմբերի 23-ին հարցում ենք ուղարկել ՀՀ ՆԳՆ ոստիկանություն։ Հոկտեմբերի 7-ին ստացված պատասխանի համաձայն՝ 2025 թվականի հունվարի 1-ից մինչև 2026 թվականի օգոստոսի 30-ն ընկած ժամանակահտվածում ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ենթակա ստորաբաժանումներում ստացվել են թվով 386 վարձակալության կամ վաճառքի կեղծ հայտարությունների միջոցով քաղաքացիներին խաբելու դեպքեր, որոնց վերաբերյալ տրվել են պատշաճ հաղորդումներ և կազմված փաստաթղթերն ուղարկվել են ՀՀ քննչական կոմիտեի ենթակա ստորաբաժանումներ՝ քրեական վարույթ նախաձեռնելու հարցը որոշելու համար: Թվով 386 հաղորդումներից 258-ով նախաձեռնվել են քրեական վարույթներ:

Ոստիկանության գնդապետ Կ. Խաչատրյանն ասաց, որ եթե քաղաքացին բնակարանի վարձակալության կամ վաճառքի վերաբերյալ հայտարարության հետևանքով գումար է փոխանցել և կարծում է, որ դարձել է խարդախության զոհ, պետք է հնարավորինս սեղմ ժամկետում դիմի ոստիկանություն՝ ներկայացնելով հաղորդում և դեպքի վերաբերյալ առկա տեղեկությունները։ Հաղորդմանը նպատակահարմար է կցել հայտարարության սքրինշոթը կամ հղումը, հայտարարությունը տեղադրած անձի վերաբերյալ տվյալները՝ վերջինիս հետ ունեցած նամակագրությունը կամ այլ հաղորդակցություն, գումարի փոխանցումը հավաստող փաստաթուղթը կամ էլեկտրոնային անդորրագիրը, ինչպես նաև դեպքի այլ հանգամանքների վերաբերյալ առկա տեղեկությունները։ Հաղորդման մեջ անհրաժեշտ է հնարավորինս հստակ ներկայացնել դեպքի ժամանակագրությունը, փոխանցված գումարի չափը, փոխանցման եղանակը, ստացողի վերաբերյալ հայտնի տվյալները և դեպքից հետո տեղի ունեցած հանգամանքները՝ ուսումնասիրման և համապատասխան ընթացակարգային որոշում կայացնելու համար։

Այն հարցին, թե ինչպես է որոշվում անձի նկատմամբ խափանման միջոցի տեսակը, և ինչ հանգամանքների հիման վրա կարող է անձը մնալ ազատության մեջ, Կ․ Խաչատրյանը բացատրեց, որ խախտման միջոցի տեսակը որոշվում է յուրաքանչյուր քրեական վարույթի շրջանակներում՝ հաշվի առնելով ներկայացված հանգամանքները և օրենքով նախատեսված հիմքերը։ Խափանման միջոցի ընտրության և դրա կիրառման հարցերը լուծվում են քրեական վարույթ իրականացնող մարմնի քննիչի և դատախազի, ինչպես նաև օրենքով նախատեսված դեպքերում՝ դատարանի կողմից։ ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը խափանման միջոցի կիրառման վերաբերյալ որոշում կայացնելու իրավասություն չունի։
Այս պատմությունները ցույց են տալիս, որ առցանց բնակարան փնտրելիս կեղծ հայտարարության հանդիպելը կարող է քաղաքացու համար ավարտվել ոչ միայն գումարի կորստով, այլև երկարատև իրավական ու հոգեբանական խնդիրներով։