Աուտիզմը դատավճիռ չէ
Նարեկը, ինչպես և իր հասակակից բոլոր երեխաները, կյանքի առաջին տարիներին ուներ զարգացման բնականոն ընթացք․ նա սկսեց քայլել ժամանակին, արձագանքում էր ծնողների ձայնին և հետաքրքրությամբ էր ուսումնասիրում իր շրջապատող աշխարհը։ Սակայն երկու տարեկանում ծնողները սկսեցին նկատել, որ Նարեկը չի արձագանքում իր անվանը, չի խոսում և ունի վարքային խնդիրներ։ Բժշկական հետազոտություններից հետո նրա մոտ ախտորոշվեց աուտիզմ, որը պահանջում է հատուկ ուշադրություն, խոսքի և վարքային աջակցություն։
Նարեկի քույրը՝ Մերի Թոփալյանը, որը ակտիվ դերակատարում ունի Նարեկի խնամքի գործում, ընդգծեց․ «Ծնողներս հիմնադրեցին Աուտիզմի զարգացման կենտրոն և սկսեցին սեմինարներ կազմակերպել։ Ես միշտ մասնակցում էի դրանց, լսում էի աուտիզմի մասին տարբեր մոտեցումներ, կարծիքներ և հենց այնտեղից եմ սկսել ուսումնասիրել երևույթը ավելի խորքային։ Հետագայում սկսեցի աշխատել մեր կենտրոնում,որտեղ 300-ից ավելի երեխա է հաճախում:»
Մերին բլոգ է վարում՝ հիմնականում անդրադառնալով աուտիզմին, և նրա բլոգի բովանդակության մեծ մասը նվիրված է Նարեկին։ Նա հաճախ տեղադրում է տեսանյութեր, որոնք պատմում են Նարեկի առօրյայի, զարգացման և հաջողությունների մասին։

Մերի Թոփալյան
«Դժվարություններ հիմնականում եղել են փոքր տարիքում։ Շատ դուրս չէինք գալիս Նարեկի հետ։ Ուր գնում էինք, նրան տանն էինք թողնում ինչ-որ մեկի հետ, ես նրան ոչ մի տեղ չէի կարողանում հետս տանել։ Համ վարքն էր շատ վատ, համ մարդիկ էին անհասկանալի հայացքներով նայում, երբեմն անտակտ բաներ խոսում կամ հարցեր տալիս։
Արդեն մոտ 5-6 տարի, սկսել ենք ներգրավել նրան ամեն տեղ։ Շատ աշխատանք տարանք հետը, վարքը բավականին շտկվեց, մինչ օրս էլ աշխատում ենք, ու երևի մինչ կյանքի վերջ էլ կաշխատենք։ Որովհետև եթե նրան այդպես թողնեինք, հիմա չէինք ունենա այն, ինչ ունենք»։
She has been nominated for an Academy Award, two Grammy Awards, and the Mercury Prize
Վերջին տարիներին աուտիզմի դեպքերի թվի աճը նկատելի է ամբողջ աշխարհում։ Սակայն մասնագետները նշում են, որ սա պարտադիր չի նշանակում, թե աուտիզմ ունեցող երեխաների իրական թիվն է ավելացել։ Աճը հաճախ կապված է այն փաստի հետ, որ այսօր աուտիզմի մասին ավելի շատ են տեղեկացված թե՛ բժիշկները, թե՛ ծնողները, և ախտորոշման մեթոդները դարձել են ավելի ճշգրիտ ու հասանելի։ Շատ դեպքեր, որոնք տարիներ առաջ կարող էին աննկատ մնալ կամ սխալ ախտորոշվել, այժմ ճիշտ ձևով են բացահայտվում։ Այսպիսով՝ կարելի է ասել, որ աուտիզմի դեպքերի թվի աճը հիմնականում պայմանավորված է ոչ թե հիվանդության տարածմամբ, այլ իրազեկության և ախտորոշման որակի բարձրացմամբ։
Հոգեբան, հոգեթերապևտ Օֆելյա Հարությունյանը ընդգծեց, որ վերջին տարիներին աուտիզմ ունեցող երեխաների ինտեգրումը հասարակության մեջ նկատելիորեն աճել է։ Նրա խոսքով՝ ավելի շատ ծնողներ այսօր գիտակցում են, թե որքան կարևոր է երեխային հնարավորություն տալ շփվելու, սովորելու և զարգանալու հավասար պայմաններում։ Միևնույն ժամանակ մասնագետը նշեց, որ դեռ հանդիպում են դեպքեր, երբ ծնողները փորձում են թաքցնել երեխայի աուտիզմը՝ վախենալով շրջապատի արձագանքից կամ չհասկացված վերաբերմունքից։
Հոգեբանը կարևորելով աուտիզմով երեխաների ծնողների հոգեկան առողջությունը ընդգծեց.





«Ծնողները պետք է նախապես տեղեկացնեն երեխայի շրջապատին՝ հարազատներին, դաստիարակներին կամ ուսուցիչներին, նրա առանձնահատկությունների և դժվարությունների մասին։ Նրա խոսքով՝ դա կարևոր է, որպեսզի շրջապատը կարողանա ճիշտ հասկանալ երեխայի վարքը, ցուցաբերի համբերություն և աջակցություն, ոչ թե քննադատություն կամ խուսափողական վերաբերմունք։ Նման բաց ու անկեղծ մոտեցումը նպաստում է երեխայի արագ ինտեգրմանը հասարակության մեջ և ստեղծում ավելի ընդունող ու անվտանգ միջավայր թե՛ երեխայի, թե՛ ծնողների համար»։

Օֆելյա Հարությունյան
Հոգեբան
Գայանե Վարդանյանը, որը երկար տարիներ աշխատում է ներառական խմբերի երեխաների հետ, ևս կարևորեց ներառական խնդիրներով երեխաների ինտեգրումը հասարակության մեջ։ Նրա խոսքով՝ ամենակարևոր քայլերից մեկը շրջապատի՝ հատկապես հասակակիցների, տեղեկացվածությունն ու ճիշտ վերաբերմունքն է։
«Ադապտացիոն փուլը յուրաքանչյուր երեխայի համար անհատական է և չի կարելի կոնկրետ ժամանակ սահմանել։ Որոշ երեխաներ կարող են առհասարակ չցանկանալ դպրոց գալ և հորինել տարբեր պատճառներ՝ գլխացավ, փորացավ կամ այլ հիմնավորումներ։ Այս դեպքում կարևոր է հաշվի առնել երեխայի տարիքային առանձնահատկությունները և հասկանալ, արդյոք նրա վարքը խնդրից է գալիս, թե հնարավոր մանիպուլյացիա է։ Ծնողը պետք է ակտիվ համագործակցի դպրոցի հետ, զրուցի ուսուցչի հետ և հասկանա, թե ինչպես է երեխան դրսևորում իրեն դասարանում և միջավայրում։ Անհրաժեշտության դեպքում երեխայի համար կազմակերպվում է աշխատանք հոգեբանի հետ, որպեսզի հեշտացվի հարմարվող փուլը և աջակցվի նրա հուզական ու սոցիալական զարգացմանը»։

Գայանե Վարդանյան
Մանկավարժ
Աուտիզմը ոչ թե դատավճիռ է, այլ առանձնահատկություն, որը պահանջում է ճիշտ մոտեցում և աջակցող միջավայր։ Ճիշտ տեղեկատվությունն ու հասարակության իրազեկվածությունը, ծնողների և մասնագետների համագործակցությունը, ինչպես նաև երեխայի ինտեգրումը դպրոցում ու սոցիալական միջավայրում մեծապես նպաստում են նրա զարգացմանը և ինքնավստահության ձևավորմանը։ Կարևոր է, որ ընտանիքը հոգ տանի և իր հոգեկան առողջությունն ամրապնդի, իսկ հասարակությունը՝ ընդունի տարբերությունը։

Երևանի տանիքները. երեկ և այսօր

Երբ տանիքները քաղաքի դիմագիծն էին, իսկ այսօր՝ քմահաճույք

Քաղաքաշինությունը և ճարտարապետությունը մշտապես զարգացող ոլորտներ են, որտեղ կարևոր է հաշվի առնել ոչ միայն ժամանակի պահանջները, այլ նաև պատմական ու մշակութային արժեքները: Քաղաքային միջավայրում տեղի ունեցող փոփոխությունները պետք է լինեն միտված պատմամշակութային հարստությունների պահպանմանը և դրանցով հարստացմանը՝ ոչ թե աղավաղմանը։

Ճարտարապետ Գագիկ Գյուրջյանը պատմում է, որ բազմահարկ շինությունների վրա նոր շինությունների տեղադրումը ընդհանրապես բացառել հնարավոր չէ, որովհետև քաղաքները, բնակավայրերը նույնպես կենդանի օրգանիզմներ են և տարբեր խնդիրներից ելնելով՝ օրինակ մասշտաբներից, կառուցապատման փոփոխություններից, հնարավոր են որոշակի վերակառուցումներ։ Բայց դրանք պետք է արվեն ամբողջական։ Պետք է հաշվի առնվեն զարդանախշերը, քիվերը։ Նոր շինությամբ պետք է նպաստես, որ այն ավելի ցայտուն երևա, քան խանգարես կամ աղավաղես այն։ Այդ իմաստով շատ մեծ բացթողումներ կան մեր քաղաքում։ Հատկապես պատմամշակութային շենքերում պետք է բացառել դա։
Թամանյանական Երևանում շենքերի տանիքները հիմնականում գործառնական էին և նախատեսված էին տեխնիկական կարիքների համար, մասնավորապես՝ ջեռուցման համակարգերի, խողովակների և այլ ենթակառուցվածքների տեղադրման համար։


Նոր տեխնոլոգիաներ և մոտեցումներ են ի հայտ գալիս. օրինակ 30-ականների, 50-ականների շենքերի տանիքները այլևս դադարել են կատարել իրենց նախկին ֆունկցիան, որովհետև այդ տեղով հիմնականում անցկացնում էին ջեռուցման խողովակները և այլն։ Քանի որ վերացավ կենտրոնական կաթսաների կառուցումը, և բնակարանները սեփականաշնորհվեցին, տանիքները մնացին դատարկ, և ամեն մեկը յուրովի վարվեց:

-Գագիկ Գյուրջյան
«ԻԿՕՄՕՍ/Հայաստան» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն, ճարտարապետ
Խորհրդային Միության փլուզումից հետո, 1990-ականների կեսերից սկսած, երբ տիրում էր անկանոն իրավիճակ, և քաղաքային իշխանությունները չէին կարողանում շատ բան վերահսկել, շենքերի տանիքների օգտագործման ձևաչափը կտրուկ փոխվեց։



Բոլորը ուզում էին մեծացնել իրենց բնակելի տարածքները, իսկ մեծացնելու առաջին քայլը եղել է վերևում հարկ ավելացնելը:

- Աշոտ Սնխչյան
Ճարտարապետ, snkh studio համահիմնադիր և տնօրեն
Նայելով արխիվային լուսանկարները՝ տեսնում ես, որ պատճառները շատ են։ Օրինակ՝ այսօր շատ տանիքներ առևտրայնացվել են։ Տանիքները վերածվել են սրճարանների, ակումբների, բակերի, որոնց պատճառով էլ արդեն չեն նկատվում քիվերի զարդանախշերը։ Անհետանում են դրանք՝ անհետացնելով մեր ժառանգությունը։


Ո՞րն է պատճառը․․․
Մարդկային անտարբերությու՞նը, սեփական շա՞հը, թե՞ օրենսդրական կարգավորումների բացակայությունը։
Երևանի տանիքներն ու քիվերի զարդանախշերը պարզապես ճարտարապետություն չեն: Դրանք մեր քաղաքի պատմական ժառանգությունն են: Քիվի զարդանախշը մեր լեզուն է, որով ներկայացնում է հայկականն ու Երևանը: Երբ մոռանում, անտեսում ենք մեր լեզուն, նույն ձևով էլ վերաբերվում ենք մեր ժառանգությանը: Տարիներ շարունակ հասարակությունն ու պաշտոնատար անձինք գերադասելով իրենց սեփական շահը՝ երկրորդ պլան են մղել քաղաքի ճարտարապետությունն ու հայկական դիմագիծը: Իսկ կորցնելով հայկական ճարտարապետական դիմագիծը, մենք կորցնելու ենք նաև մեր քաղաքը:

Իսկ ի՞նչ պատասխան ենք տալու ապագա սերնդին:

Կկարողանա՞նք գտնել գեթ մեկ արդարացում:

Քաղաքը պետք է զարգացում ապրի, պետք է համապատասխանի այսօրվա ժամանակակից թելադրանքներին, բայց արդյո՞ք պետք է անել դա ճարտարապետական ժառանգության հաշվին:
Իսկ արդյոք հնարավո՞ր է վերականգնել հինը կամ մենք ուզո՞ւմ ենք

իսկ ինչպե՞ս վերադարձնել

արդյո՞ք դրա կարիք կա


Ովքե՞ր կլինեն անհետացող ժառանգության պահպանողները