-Պարոն Եղիազարյան, Ձեր կարծիքով, ի՞նչ դեր ունեն այսօր տպագիր լրատվամիջոցները հայկական մեդիա էկոհամակարգում․ արդյո՞ք դրանք շարունակում են մնալ մեդիաարդյունաբերության լիարժեք մաս, թե՞ ավելի շատ ընկալվում են որպես մշակութային ժառանգություն։
Նախ հարկ է նշել, որ տպագիր մեդիան այսօր իր պատմության, հավանաբար, ամենաբարդ փուլն է ապրում ոչ միայն Հայաստանում, այլ ամբողջ աշխարհում։ Սակայն Հայաստանի պարագայում խնդիրներն ավելի ընդգծված են՝ պայմանավորված մեդիա շուկայի փոքր ծավալով։ Մի փուլում նույնիսկ տպավորություն էր ստեղծվում, թե այն ամենը, ինչը թվային հարթակներում չէ, շատ արագ կվերանա։ Այսօր արդեն ակնհայտ է, որ նորությունների տպագիր թերթերը գործնականում կորցրել են իրենց նպատակահարմարությունը, քանի որ դրանց տեղեկատվական գործառույթը լիարժեքորեն իրականացվում է առցանց լրատվամիջոցների կողմից։
Ինչ վերաբերում է ամսագրերին, ապա դրանք պահպանել են որոշակի մշակութային արժեք։ Մասնավորապես՝ մեր փորձից ելնելով, «Երևան» ամսագիրը սրճարանում սուրճի հետ թերթելը, նոր համարը տնային հավաքածուում պահելը կամ ամսագրի սթիքերներն օգտագործելը ստեղծում է մի փորձառություն, որը որևէ կայք ի վիճակի չէ փոխանցել։ Այսպիսով, այն բովանդակությունը, որը պարտադիր չէ կապված լինի պահի արագ փոփոխվող թրենդների հետ, ֆիզիկական ձևաչափում ձեռք է բերում հատուկ արժեք։
Հենց այս գործոնի շնորհիվ էլ վերջին տարիներին Հայաստանում ի հայտ են եկել նոր տպագիր ամսագրեր՝ ինչպիսիք են Dalma Magazine-ը, FlyOne Inflight Magazine-ը (օդանավի բորտային ամսագիր), ինչպես նաև այլ նիշային հրատարակություններ։ Սա վկայում է այն մասին, որ տպագիր մեդիայի նկատմամբ դեռևս առկա է պահանջարկ, թեկուզ ոչ այն ծավալով, ինչ սոցիալական ցանցերի կամ թվային հարթակների դեպքում։
-Ինչպե՞ս է վերջին տարիներին փոխվել տպագիր ժամանցային տպագիր հրատարակությունների լսարանը, և ի՞նչ հիմնական տարբերություններ եք նկատում դրա և թվային հարթակների լսարանի միջև։
Այս հարցին միանշանակ պատասխանելը բարդ է՝ առանց խորքային և համակարգված հետազոտությունների։ Դիտարկումների մակարդակում կարելի է նշել, որ տպագիր ամսագրերի և թվային հարթակների լսարանները մեծապես հատվում են․ օրինակ՝ մեր ամսագիրը կարդացող մարդիկ ակտիվորեն սպառում են նաև առցանց բովանդակություն։ Սակայն միաժամանակ նկատելի է նաև հակառակ միտումը․ այն օգտատերերը, որոնք հիմնականում սովոր են կարճ գրառումներին և մի քանի վայրկյան տևող ռիլզերին, մեծ հավանականությամբ չեն դիմում երկարատև ձևաչափերին՝ լոնգրիդներին կամ երկար պոդքաստներին։
Այս տարբերությունը խոսում է ոչ այնքան հարթակների, որքան բովանդակության ընկալման ռիթմի և խորության մասին, ինչը և սահմանում է լսարանի վարքագծային տարբեր շերտերը։
-Եթե խոսենք վստահության մասին․ ինչո՞ւ, համընդհանուր թվայնացման պայմաններում, որոշ մարդիկ շարունակում են նախապատվություն տալ տպագիր ձևաչափերին։ Ի՞նչ արժեք կամ փորձառություն են դրանք առաջարկում, որը, Ձեր կարծիքով, պակասում է թվային միջավայրում։
Առցանց բովանդակությունը, որպես կանոն, արագորեն կորչում է տեղեկատվական հոսքի մեծ ծավալի մեջ։ Իսկ այն, ինչ ունի ֆիզիկական ձև և կարելի է շոշափել, պահպանվում է ժամանակի ընթացքում և ձեռք է բերում երկարատև ներկայություն։ Կրկին անդրադառնալով մեր փորձին՝ կարելի է նշել, որ մեր ամսագրի շապիկները տպագիր տարբերակում ունեն հստակ գեղագիտական արժեք․ թվային միջավայրում դրանք կարող են ընկալվել որպես որակյալ պատկերներ, սակայն հաճախ առաջանում է հարց՝ ի՞նչ անել դրանց հետ հետագայում։
Այս երևույթը մեծապես հիշեցնում է տպագիր գրքերի օրինակը, որոնք, չնայած առցանց կարդալու կամ լսելու բազմաթիվ հնարավորություններին, չեն կորցրել իրենց նշանակությունն ու ընթերցողների վստահությունը։ Տպագիր ձևաչափը ապահովում է ոչ միայն տեղեկատվության փոխանցում, այլ նաև նյութական, մշակութային և հուզական փորձառություն, որը թվային միջավայրում ամբողջությամբ վերարտադրելն դժվար է։
-Ձեր տեսանկյունից՝ ի՞նչ ուղղություններով կարող են զարգանալ հայկական տպագիր մեդիաները՝ արդիական և մրցունակ մնալու համար․ գեղագիտական ներկայացման, բացառիկ բովանդակության, թե՞ առցանց հարթակների հետ համագործակցությունների միջոցով։
Ակնհայտ է, որ ժամանակակից պայմաններում անհրաժեշտ է ձևաչափերի բազմազանության զգալի ընդլայնում․ աշխարհում այսօր գոյություն չունի որևէ տպագիր հրատարակություն, որը կարողանա կայուն գործել բացառապես տպագիր արտադրանքի հաշվին։ Տպագիր մեդիաները պարտավոր են լինել ակտիվ նաև թվային միջավայրում՝ կիրառելով հնարավոր բոլոր հաղորդակցման հարթակներն ու ալիքները։ Միևնույն ժամանակ կարևոր է չկորցնել այն հանգամանքը, որ տպագրությունն ինքնին հանդիսանում է հիմնական հավելյալ արժեքներից մեկը (added value)։
-Ձեր կարծիքով՝ ի՞նչ դեր կարող է ունենալ ժամանցային լրագրությունը հայկական հասարակության մեդիա մշակույթի ձևավորման գործընթացում՝ տեղեկատվական գերհագեցվածության պայմաններում։
Ժամանցային լրագրությունը հաճախ սխալմամբ ընկալվում է որպես թեթև կամ երկրորդական ոլորտ, մինչդեռ իրականում այն էական դեր ունի մեդիա սպառման մշակույթի ձևավորման մեջ։ Ճիշտ կառուցված ժամանցային բովանդակությունը կարող է լինել ոչ միայն զվարճալի, այլ նաև գեղագիտական, վերլուծական և նույնիսկ կրթական։ Տեղեկատվական գերհագեցվածության պայմաններում այն օգնում է լսարանին կողմնորոշվել բովանդակության հոսքի մեջ, զարգացնում ընտրողական ընթերցանությունը և ձևավորում է որակյալ մեդիա փորձառության պահանջ։ Այդ առումով ժամանցային լրագրությունը կարող է հանդես գալ որպես կամուրջ՝ զանգվածային սպառման և բովանդակային արժեք ստեղծելու միջև։