Ըստ հին լեգենդի՝ կրակը ոչ միայն ջերմության, լույսի խորհրդանիշն էր, այլ նաև առաջընթացի, կրթության, ձգտման և ներշնչանքի։ Թվային տեխնոլոգիաների դարաշրջանում այդ կրակը այն մարդիկ ու նախաձեռնություններն են, որոնք ստեղծում են նոր հնարավորություններ ու փորձառություններ։ «Կերոն» բառը հենց այդ իմաստն է կրում․լուսավորող նշան, ուղեցույց և ոգեշնչման աղբյուր։ Եվ հենց այդ գաղափարի շուրջ է ձևավորվում «Կերոն» հիմնադրամի առաքելությունը՝ փոխանցել այնպիսի արժեքներ ու գաղափարներ, որոնք լուսավորում են ճանապարհը դեպի զարգացում։
«Մշակույթը պետք է դուրս գա իր ավանդական տարածքներից և հայտնվի մարդկանց առօրյայի մեջ՝ այն վայրերում, որտեղ այն սովորաբար չեն սպասում։ Այսպես ձևավորվեց հանրային տարածքները մշակութային փորձառությունների վերածելու գաղափարը»։
Այս ուղղությամբ առաջին քայլերից մեկը դարձավ «Երաժշտական մետրո» նախագիծը, որի ընթացքում երևանյան մետրոն մի քանի ամիս շարունակ վերածվել էր կենդանի մշակութային հարթակի։ Ամեն շաբաթ այնտեղ անցկացվող համերգները ոչ միայն նոր շունչ էին հաղորդում քաղաքային միջավայրին, այլև հնարավորություն էին տալիս երաժիշտներին անմիջական շփման մեջ մտնել հանդիսատեսի հետ։
Հատկանշական է, որ եթե այլ հանրային տարածքներում երբեմն առաջանում են հակասական արձագանքներ, այստեղ միջավայրը և ձևաչափը ներդաշնակորեն համընկել էին, ինչի արդյունքում ստեղծվել էր ընդունելի փորձառություն թե՛ տեղացիների, թե՛ զբոսաշրջիկների համար։ Նախագծի մեկնարկը տրվել էր 2025 թվականի դեկտեմբերին՝ որպես հիմնադրամի տարվա ամփոփիչ միջոցառում՝ Ֆիլարմոնիկ նվագախմբի հետ համատեղ։ Ընդհանուր առմամբ կյանքի է կոչվել 12 համերգ։ Սակայն, նախաձեռնությունը չի սահմանափակվում մեկ ծրագրով։ Ամեն հինգշաբթի Երևանի սրտում՝ հին պատմամշակութային շենքի՝ Աֆրիկյանների տան պատշգամբից, որտեղ ներկայումս իր գործունեությունն է ծավալում հիմնադրամը, հնչում է հայկական կենդանի երաժտություն։ Այս ամենի արդյունքում ձևավորվում է մի պատկեր, որտեղ Հայաստանը ներկայանում է որպես կենդանի, ստեղծարար և մշակույթով հագեցած երկիր։