Պահպանված անցյալ, ապրող ավանդույթներ, Սիսիանում և Մեղրիում
Ուսանող՝ Ռուզան Մկրտչյան
Ղեկավար՝ Ռուզան Գիշյան
Սյունիքում ավանդույթները երկար տարիներ եղել են մարդկանց առօրեայի, ընտանիք և համայնքային կյանքի հիմքում։ Դրանք ձևավորվել են սերունդների փորձի, աշխարհագրական պայմանների և տարիների ընթացքում՝ դառնալով տարածաշրջանի մշակութային ինքնության մասը։
Ժամանակի ընթացքում և փոխվել են ճանապարհները, տները,կյանքի ընթացքը, սակայն Սյունիքի շատ բնակավայրերում այսօր շարունակվում են այն սովորույթները, որոնք ձևավորվել են դեռ տասնամյակներ առաջ։ Թոնրի շուրջ հավաքվող ընտանիքները, հյուրասիրության մշակույթը, գյուղական աշխատանքի ռիթմը և համայնքային կապերը շարունակում են մնալ այս տարածաշրջանի կյանքի մաս։
Տարբերվող և ինքնատիպ է նաև Սյունիքի խոհանոցը, որը մարդկանց կենցաղի ու ավանդույթների անբաժան մասն է։ Քաղաքից քաղաք, կամ գյուղից գյուղ դրանք նույնպես տարբեր են։ Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման ՀԿ նախագահ, հայտնի խոհարար,Սեդրակ Մամուլյանը Սյունիքի խոհանոցի մասին պատմում է մեծ սիրով և հետաքրքրությամբ։
«Ինձ համար չափազանց հաճելի և կարևոր է, որ օրինակ, Գորիսի տոլման կարելի է համարել տոլմայի ամենահնագույն տարբերակներից մեկը։ Պատճառն այն է, որ այն պատրաստվում է ծեծած մսից՝ կոլոլակից, իսկ մեր ուսումնասիրությունները Ցույց են տալիս, որ մսի նախնական մշակման ամենահին եղանակը հենց ծեծելն է եղել՝ քարի վրա, այն, ինչ մենք այսօր կոչում ենք քյուֆթա։ Սակայն առանձնահատուկ կերակրատեսակները բազմաթիվ են։ Օրինակ՝ սխտորածը, պսկաթանը և սղաթանը հրաշալի ու ինքնատիպ ուտեստներ են, որոնք ավանդաբար մատուցվել են տոնական սեղանների և հանդիսավոր հրավերքների ժամանակ»։
Սեդրակ Մամուլյան
Սեդրակ Մամուլյան
Շեֆ խոհարար
Սյունիքի մարզի բոլոր քաղաքներն ու բնակավայրերը միմյանցից տարբերվում են իրենց բարբառներով, մտածելակերպով, կլիմայական առանձնահատկություններով, և նույնիսկ տարազներով։ Թեև այսօր մարդկանց շրջանում առավել հայտնի է Սյունիք-արցախյան տարազը, սակայն ազգագրագետ, նկարիչ Առաքել Պատրիկի «Հայկական տարազ» գրքում պատկերված տարազայնին քարտեզում հստակ ներկայացված են երեք տարբեր տարազային խմբեր, որոնցից միայն Սիսիանի տարազն է որոշ չափով նման Արցախի տարազին։
Գորիսի տարազը
Մեղրիի տարազը
Սիսիանի տարազ
Նկարները նկարված են Հայաստանի ազգային պատկերասրահից
Սյունիքում ամեն բնակավայր ունի իր «բնավորության գիծը»։ Օրինակ՝ լեռնային Սիսիանի կենցաղը ձևավորվել է խիստ ձմեռների, անասնապահության և գյուղատնտեսության պայմաններում։ Այստեղ մարդիկ ավելի հանգիստ են, ոչ տաքարյուն։ Իսկ Մեղրիում հակառակ պատկերն է։ Մեղրին ավելի տաք ու բարենպաստ վայր է այգեգործությամբ զբաղվելու համար։ Այստեղի մարդիկ ակտիվ են ու առույգ։