Աուտիզմը դատավճիռ չէ
Նարեկը, ինչպես և իր հասակակից բոլոր երեխաները, կյանքի առաջին տարիներին ուներ զարգացման բնականոն ընթացք․ նա սկսեց քայլել ժամանակին, արձագանքում էր ծնողների ձայնին և հետաքրքրությամբ էր ուսումնասիրում իր շրջապատող աշխարհը։ Սակայն երկու տարեկանում ծնողները սկսեցին նկատել, որ Նարեկը չի արձագանքում իր անվանը, չի խոսում և ունի վարքային խնդիրներ։ Բժշկական հետազոտություններից հետո նրա մոտ ախտորոշվեց աուտիզմ, որը պահանջում է հատուկ ուշադրություն, խոսքի և վարքային աջակցություն։
Նարեկի քույրը՝ Մերի Թոփալյանը, որը ակտիվ դերակատարում ունի Նարեկի խնամքի գործում, ընդգծեց․ «Ծնողներս հիմնադրեցին Աուտիզմի զարգացման կենտրոն և սկսեցին սեմինարներ կազմակերպել։ Ես միշտ մասնակցում էի դրանց, լսում էի աուտիզմի մասին տարբեր մոտեցումներ, կարծիքներ և հենց այնտեղից եմ սկսել ուսումնասիրել երևույթը ավելի խորքային։ Հետագայում սկսեցի աշխատել մեր կենտրոնում,որտեղ 300-ից ավելի երեխա է հաճախում:»
Մերին բլոգ է վարում՝ հիմնականում անդրադառնալով աուտիզմին, և նրա բլոգի բովանդակության մեծ մասը նվիրված է Նարեկին։ Նա հաճախ տեղադրում է տեսանյութեր, որոնք պատմում են Նարեկի առօրյայի, զարգացման և հաջողությունների մասին։

Մերի Թոփալյան
«Դժվարություններ հիմնականում եղել են փոքր տարիքում։ Շատ դուրս չէինք գալիս Նարեկի հետ։ Ուր գնում էինք, նրան տանն էինք թողնում ինչ-որ մեկի հետ, ես նրան ոչ մի տեղ չէի կարողանում հետս տանել։ Համ վարքն էր շատ վատ, համ մարդիկ էին անհասկանալի հայացքներով նայում, երբեմն անտակտ բաներ խոսում կամ հարցեր տալիս։
Արդեն մոտ 5-6 տարի, սկսել ենք ներգրավել նրան ամեն տեղ։ Շատ աշխատանք տարանք հետը, վարքը բավականին շտկվեց, մինչ օրս էլ աշխատում ենք, ու երևի մինչ կյանքի վերջ էլ կաշխատենք։ Որովհետև եթե նրան այդպես թողնեինք, հիմա չէինք ունենա այն, ինչ ունենք»։
She has been nominated for an Academy Award, two Grammy Awards, and the Mercury Prize
Վերջին տարիներին աուտիզմի դեպքերի թվի աճը նկատելի է ամբողջ աշխարհում։ Սակայն մասնագետները նշում են, որ սա պարտադիր չի նշանակում, թե աուտիզմ ունեցող երեխաների իրական թիվն է ավելացել։ Աճը հաճախ կապված է այն փաստի հետ, որ այսօր աուտիզմի մասին ավելի շատ են տեղեկացված թե՛ բժիշկները, թե՛ ծնողները, և ախտորոշման մեթոդները դարձել են ավելի ճշգրիտ ու հասանելի։ Շատ դեպքեր, որոնք տարիներ առաջ կարող էին աննկատ մնալ կամ սխալ ախտորոշվել, այժմ ճիշտ ձևով են բացահայտվում։ Այսպիսով՝ կարելի է ասել, որ աուտիզմի դեպքերի թվի աճը հիմնականում պայմանավորված է ոչ թե հիվանդության տարածմամբ, այլ իրազեկության և ախտորոշման որակի բարձրացմամբ։
Հոգեբան, հոգեթերապևտ Օֆելյա Հարությունյանը ընդգծեց, որ վերջին տարիներին աուտիզմ ունեցող երեխաների ինտեգրումը հասարակության մեջ նկատելիորեն աճել է։ Նրա խոսքով՝ ավելի շատ ծնողներ այսօր գիտակցում են, թե որքան կարևոր է երեխային հնարավորություն տալ շփվելու, սովորելու և զարգանալու հավասար պայմաններում։ Միևնույն ժամանակ մասնագետը նշեց, որ դեռ հանդիպում են դեպքեր, երբ ծնողները փորձում են թաքցնել երեխայի աուտիզմը՝ վախենալով շրջապատի արձագանքից կամ չհասկացված վերաբերմունքից։
Հոգեբանը կարևորելով աուտիզմով երեխաների ծնողների հոգեկան առողջությունը ընդգծեց.





«Ծնողները պետք է նախապես տեղեկացնեն երեխայի շրջապատին՝ հարազատներին, դաստիարակներին կամ ուսուցիչներին, նրա առանձնահատկությունների և դժվարությունների մասին։ Նրա խոսքով՝ դա կարևոր է, որպեսզի շրջապատը կարողանա ճիշտ հասկանալ երեխայի վարքը, ցուցաբերի համբերություն և աջակցություն, ոչ թե քննադատություն կամ խուսափողական վերաբերմունք։ Նման բաց ու անկեղծ մոտեցումը նպաստում է երեխայի արագ ինտեգրմանը հասարակության մեջ և ստեղծում ավելի ընդունող ու անվտանգ միջավայր թե՛ երեխայի, թե՛ ծնողների համար»։

Օֆելյա Հարությունյան
Հոգեբան
Գայանե Վարդանյանը, որը երկար տարիներ աշխատում է ներառական խմբերի երեխաների հետ, ևս կարևորեց ներառական խնդիրներով երեխաների ինտեգրումը հասարակության մեջ։ Նրա խոսքով՝ ամենակարևոր քայլերից մեկը շրջապատի՝ հատկապես հասակակիցների, տեղեկացվածությունն ու ճիշտ վերաբերմունքն է։
«Ադապտացիոն փուլը յուրաքանչյուր երեխայի համար անհատական է և չի կարելի կոնկրետ ժամանակ սահմանել։ Որոշ երեխաներ կարող են առհասարակ չցանկանալ դպրոց գալ և հորինել տարբեր պատճառներ՝ գլխացավ, փորացավ կամ այլ հիմնավորումներ։ Այս դեպքում կարևոր է հաշվի առնել երեխայի տարիքային առանձնահատկությունները և հասկանալ, արդյոք նրա վարքը խնդրից է գալիս, թե հնարավոր մանիպուլյացիա է։ Ծնողը պետք է ակտիվ համագործակցի դպրոցի հետ, զրուցի ուսուցչի հետ և հասկանա, թե ինչպես է երեխան դրսևորում իրեն դասարանում և միջավայրում։ Անհրաժեշտության դեպքում երեխայի համար կազմակերպվում է աշխատանք հոգեբանի հետ, որպեսզի հեշտացվի հարմարվող փուլը և աջակցվի նրա հուզական ու սոցիալական զարգացմանը»։

Գայանե Վարդանյան
Մանկավարժ
Աուտիզմը ոչ թե դատավճիռ է, այլ առանձնահատկություն, որը պահանջում է ճիշտ մոտեցում և աջակցող միջավայր։ Ճիշտ տեղեկատվությունն ու հասարակության իրազեկվածությունը, ծնողների և մասնագետների համագործակցությունը, ինչպես նաև երեխայի ինտեգրումը դպրոցում ու սոցիալական միջավայրում մեծապես նպաստում են նրա զարգացմանը և ինքնավստահության ձևավորմանը։ Կարևոր է, որ ընտանիքը հոգ տանի և իր հոգեկան առողջությունն ամրապնդի, իսկ հասարակությունը՝ ընդունի տարբերությունը։
Ճանապարհ դեպի Օլիմպիական խաղեր...
Կանանց փորձով
Նախագծի հեղինակ՝ Միլենա Մելքումյան
Նախագծի ղեկավար՝ Գայանե Միրզոյան
Կանանց մարմնամարզությունը ներառվեց Օլիմպիական խաղերի ծրագրում 1928 թվականին՝ Ամստերդամի Օլիմպիական խաղերին։
Այդ ժամանակ կանայք հիմնականում հանդես էին գալիս թիմային մրցումներում, իսկ տարիների ընթացքում մարմնամարզության կանանց մրցաձևերը զգալիորեն զարգացան՝ ընդգրկելով տարբեր առանձին մրցաձևեր՝ հենացատկ, հավասարակշռության գերան, ազատ վարժություն և հենասեղան։

Մինչև Հայաստանի անկախությունը, հայ մարմնամարզուհիներն ընդգրկված էին ԽՍՀՄ հավաքական թիմերում, սակայն անկախությունից հետո Հայաստանը միայնակ ներկայացնող կին մարմնամարզուհիներ քիչ է ունեցել։
Մինչ օրս ամենանշանավոր հայ կին մարմնամարզուհիներից մեկը Հուրի Գեբեշյանն է, ով 2016 թվականին մասնակցեց Ռիո դե Ժանեյրոյի Օլիմպիական խաղերին՝ դառնալով առաջին հայ կին մարմնամարզուհին, ով հանդես եկավ Հայաստանի դրոշի ներքո։

Կին մարզիկներ
Պատմություն կերտողները
Աննա Բարության-ֆոնգ

Բարությանի մարզական ուղին սկսվել է 1981 թվականին՝ որպես ԽՍՀՄ պատանեկան հավաքականի անդամ։ Նա հանդես է եկել մի շարք միջազգային մրցաշարերում՝ նվաճելով բազմաթիվ մեդալներ։ 1982 թվականին հաղթել է Մոնկադայի գավաթում (Իսպանիա) և «Դրուժբա» մրցաշարում (Մոնղոլիա)։


Նա առաջիններից էր, ով կատարում էր բարդ տարրեր՝ եռակի պտույտով վարժություններ բազկաթափերից և կրկնակի պտույտներ հավասարակշռության ճառագայթից։ Սակայն նրա հայկական ինքնությունը խոչընդոտել է մարզական առաջընթացին։


Նա հրաժարվել է տեղափոխվել Մոսկվա և փոխել ազգանունը ռուսական հնչողությամբ, ինչի հետևանքով զրկվել է ազգային հավաքականի անդամությունից և միջազգային մրցաշարերին մասնակցելու հնարավորությունից։ Նա հավատում է, որ միտումնավոր ցածր միավորներ է ստացել որոշ մրցաշարերում։


Հուրի Գեբեշյանի

հանրահայտ հնարքը

Հուրին սկսել է մարմնամարզությամբ զբաղվել հինգ տարեկանից։ Նա մասնակցել է մի շարք մրցաշարերի՝ ներկայացնելով ԱՄՆ-ը, իսկ հետագայում՝ Հայաստանը։

2011 թվականին հանդես է եկել Հայաստանի հավաքականի կազմում՝ մասնակցելով աշխարհի առաջնությանը։

2016 թվականին Ռիոյի Օլիմպիական խաղերում նա ներկայացրել է Հայաստանը՝ դառնալով առաջին հայ կին մարմնամարզիկը, ով մասնակցել է Օլիմպիական խաղերին։


Ռիոյի Օլիմպիական խաղերի ընթացքում Հուրին ներկայացրել է նոր տարր՝ զուգափայտերի վրա։ Տարրը ներառում է հրվել առաջին ձողից և պտտվելով 360 աստիճան բռնվել մյուսից։ Այս տարրը պաշտոնապես գրանցվել է Մարմնամարզության միջազգային ֆեդերացիայի կողմից և անվանվել է նրա անունով՝ «Գեբեշյան»։

Աննա Մանթաշյան

Աննա Մանթաշյանը հայ մարմնամարզուհի է, որը վերջին տարիներին աչքի է ընկել ինչպես տեղական, այնպես էլ միջազգային մրցաշարերում՝ դառնալով Հայաստանի սպորտային մարմնամարզության առաջատար ներկայացուցիչներից մեկը։ Նրա մասնակցությունը միջազգային մրցաշարերին և նվաճած մեդալները կարևոր ներդրում են Հայաստանի սպորտային մարմնամարզության զարգացման գործումը։

Երբ մեկնում ենք որևէ միջազգային մրցաշարի, գործիքները լինում են գերժամանակակից և տարբերվում են մեր գործիքներից։ Այդ գործիքները խորթ են մեզ համար, որը դժվարություն է առաջացնում, քանի որ ժամանակ է անհրաժեշտ ընտելանալու համար, և այդ ամենի արդյունքում շատ հաճախ լարվում ենք ու չենք կարողանում 1․5 րոպեում ցույց տալ մեր բոլոր հնարավորությունները։
Երեխաների պարապմունքը
Հրանտ Շահինյանի դպրոցում

Հայկական մեդիան ժամանակի ընթացքում սկսել է ավելի ակտիվորեն անդրադառնալ կանանց մարմնամարզությանը, սակայն լուսաբանումը դեռևս շատ սահմանափակ է՝ համեմատած մյուս մարզաձևերի հետ։


Լուսաբանման ընթացքում հիմնական ուշադրությունը կենտրոնացած է լինում առավելապես մրցույթներում գրանցված հաղթանակների և մեդալների վրա, մինչդեռ մարզիկների անցած դժվար ճանապարհը, մարզումային պրոցեսները, ֆիզիկական ու հոգեբանական մարտահրավերները հաճախ լուսաբանվում են մակերեսորեն կամ անտեսվում։

Սպորտային լրագրող Շուշանիկ Հակոբյանի խոսքով՝ հայաստանյան հասարակության մեջ դեռ պահպանվում է այն ընկալումը, ըստ որի՝ աղջիկներն ի վերջո ամուսնանալու են և չեն շարունակի իրենց մարզական գործունեությունը, ինչի հետևանքով նրանց նկատմամբ հաճախ ցուցաբերվում է պակաս ուշադրություն ու ներգրավվածություն՝ ինչպես մարզչական, այնպես էլ ինստիտուցիոնալ մակարդակներում։
Շուշանիկ Հակոբյան
Սպորտային լրագրող
Մեր ժողովուրդը սիրում է հաղթողներին և հետևում է միայն հաղթանակների մասին նորություններին։
Մարմնամարզության խնդիրների մասին
Լիզա Չաթրջյան
Լիզա Չաթրջյանի խոսքով՝ Հայաստանում կանանց մարմնամարզության ոլորտում նկատվում է ներքին մրցակցության պակաս, ինչը բացասաբար է անդրադառնում ընդհանուր մակարդակի բարձրացման վրա։ Նա ընդգծել է, որ մարզիկների պարբերական մրցակցությունն անհրաժեշտ նախապայման է որակի աճի համար։

Աղջիկները հաճախ զերծ են մնում մյուսների արդյունքներին հետևելու հնարավորությունից, ինչի հետևանքով չեն տեսնում իրենց իրական տեղը և բավարարվում են միայն սեփական արդյունքներով։ Բացի այդ, ըստ Չաթրջյանի՝ առկա պայմաններն ու մարզադահլիճների հագեցվածությունը բավարար չեն՝ միջազգային ստանդարտներին համապատասխան պատրաստվածություն ապահովելու համար։

Գույքը վերջին անգամ փոխվել է 2006թ․։ Այսքան տարի շատ հաճախ մեր աշխատավաձերից հավաքելով ենք որոշ գույքեր վերանորոգել, որպեսզի հնարավոր լինի գոնե ինչ-որ չափով անվնաս մարզումներ իրականացնել։
Լիզա Չաթրջյան
Երևանի մարմնամարզության դպրոցները
Հրանտ Շահինյանի անվան սպորտի դպրոցը և Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության դպրոցը Երևանի կարևորագույն մարզական կրթօջախներից են, որոնք մասնագիտացած են գեղարվեստական և սպորտային մարմնամարզության ոլորտներում։ Այս դպրոցները ձևավորվել են նշանավոր մարմնամարզիկների անուններով՝ ի պատիվ նրանց ձեռքբերումների և հայկական սպորտին թողած արժեքավոր ժառանգության։
The Team teachable
Մարմնամարզության օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց
ԿԱՐԴԱԼ
Սպորտային մարմնամարզության և ակրոբատիկայի մարզադպրոց
ԿԱՐԴԱԼ
~
2027 թվականին մարմնամարզության Եվրոպայի առաջնությունը կանցկացվի Հայաստանում։ Նախատեսվում էր, որ շինարարական աշխատանքները պետք է սկսվեր 2024 թվականի երկրորդ եռամսյակում:

Մարզադպրոցի կառուցման աշխատանքները նախատեսվում է ավարտել 2026 թվականին, քանի որ մարմնամարզության՝ 2027 թվականի Եվրոպայի առաջնությունից առաջ՝ 2026 թվականին, նորակառույց մարզադպրոցում պետք է անցկացվեն փորձնական մրցումներ։

Հայաստանում կանանց մարմնամարզությունը զարգանում է՝ չնայած առկա խնդիրներին։ Մարզիկները մեծ նվիրումով և աշխատանքով հասնում են հաջողությունների միջազգային մրցաշարերում։


Հարցազրույցները ցույց տվեցին, որ հաղթանակների ճանապարհը լի է բազմաթիվ փորձություններով, որոնց մասին հաճախ չի խոսվում։ Ֆինանսավորման ավելացումը և նոր ենթակառուցվածքների զարգացումը կարող են զգալիորեն նպաստել ոլորտի աճին։


Հայկական մամուլը պետք է ավելի շատ անդրադառնա ոչ միայն հաղթանակներին, այլև այդ հաջողությունների անցած բարդ ուղուն։