Աուտիզմը դատավճիռ չէ
Նարեկը, ինչպես և իր հասակակից բոլոր երեխաները, կյանքի առաջին տարիներին ուներ զարգացման բնականոն ընթացք․ նա սկսեց քայլել ժամանակին, արձագանքում էր ծնողների ձայնին և հետաքրքրությամբ էր ուսումնասիրում իր շրջապատող աշխարհը։ Սակայն երկու տարեկանում ծնողները սկսեցին նկատել, որ Նարեկը չի արձագանքում իր անվանը, չի խոսում և ունի վարքային խնդիրներ։ Բժշկական հետազոտություններից հետո նրա մոտ ախտորոշվեց աուտիզմ, որը պահանջում է հատուկ ուշադրություն, խոսքի և վարքային աջակցություն։
Նարեկի քույրը՝ Մերի Թոփալյանը, որը ակտիվ դերակատարում ունի Նարեկի խնամքի գործում, ընդգծեց․ «Ծնողներս հիմնադրեցին Աուտիզմի զարգացման կենտրոն և սկսեցին սեմինարներ կազմակերպել։ Ես միշտ մասնակցում էի դրանց, լսում էի աուտիզմի մասին տարբեր մոտեցումներ, կարծիքներ և հենց այնտեղից եմ սկսել ուսումնասիրել երևույթը ավելի խորքային։ Հետագայում սկսեցի աշխատել մեր կենտրոնում,որտեղ 300-ից ավելի երեխա է հաճախում:»
Մերին բլոգ է վարում՝ հիմնականում անդրադառնալով աուտիզմին, և նրա բլոգի բովանդակության մեծ մասը նվիրված է Նարեկին։ Նա հաճախ տեղադրում է տեսանյութեր, որոնք պատմում են Նարեկի առօրյայի, զարգացման և հաջողությունների մասին։

Մերի Թոփալյան
«Դժվարություններ հիմնականում եղել են փոքր տարիքում։ Շատ դուրս չէինք գալիս Նարեկի հետ։ Ուր գնում էինք, նրան տանն էինք թողնում ինչ-որ մեկի հետ, ես նրան ոչ մի տեղ չէի կարողանում հետս տանել։ Համ վարքն էր շատ վատ, համ մարդիկ էին անհասկանալի հայացքներով նայում, երբեմն անտակտ բաներ խոսում կամ հարցեր տալիս։
Արդեն մոտ 5-6 տարի, սկսել ենք ներգրավել նրան ամեն տեղ։ Շատ աշխատանք տարանք հետը, վարքը բավականին շտկվեց, մինչ օրս էլ աշխատում ենք, ու երևի մինչ կյանքի վերջ էլ կաշխատենք։ Որովհետև եթե նրան այդպես թողնեինք, հիմա չէինք ունենա այն, ինչ ունենք»։
She has been nominated for an Academy Award, two Grammy Awards, and the Mercury Prize
Վերջին տարիներին աուտիզմի դեպքերի թվի աճը նկատելի է ամբողջ աշխարհում։ Սակայն մասնագետները նշում են, որ սա պարտադիր չի նշանակում, թե աուտիզմ ունեցող երեխաների իրական թիվն է ավելացել։ Աճը հաճախ կապված է այն փաստի հետ, որ այսօր աուտիզմի մասին ավելի շատ են տեղեկացված թե՛ բժիշկները, թե՛ ծնողները, և ախտորոշման մեթոդները դարձել են ավելի ճշգրիտ ու հասանելի։ Շատ դեպքեր, որոնք տարիներ առաջ կարող էին աննկատ մնալ կամ սխալ ախտորոշվել, այժմ ճիշտ ձևով են բացահայտվում։ Այսպիսով՝ կարելի է ասել, որ աուտիզմի դեպքերի թվի աճը հիմնականում պայմանավորված է ոչ թե հիվանդության տարածմամբ, այլ իրազեկության և ախտորոշման որակի բարձրացմամբ։
Հոգեբան, հոգեթերապևտ Օֆելյա Հարությունյանը ընդգծեց, որ վերջին տարիներին աուտիզմ ունեցող երեխաների ինտեգրումը հասարակության մեջ նկատելիորեն աճել է։ Նրա խոսքով՝ ավելի շատ ծնողներ այսօր գիտակցում են, թե որքան կարևոր է երեխային հնարավորություն տալ շփվելու, սովորելու և զարգանալու հավասար պայմաններում։ Միևնույն ժամանակ մասնագետը նշեց, որ դեռ հանդիպում են դեպքեր, երբ ծնողները փորձում են թաքցնել երեխայի աուտիզմը՝ վախենալով շրջապատի արձագանքից կամ չհասկացված վերաբերմունքից։
Հոգեբանը կարևորելով աուտիզմով երեխաների ծնողների հոգեկան առողջությունը ընդգծեց.





«Ծնողները պետք է նախապես տեղեկացնեն երեխայի շրջապատին՝ հարազատներին, դաստիարակներին կամ ուսուցիչներին, նրա առանձնահատկությունների և դժվարությունների մասին։ Նրա խոսքով՝ դա կարևոր է, որպեսզի շրջապատը կարողանա ճիշտ հասկանալ երեխայի վարքը, ցուցաբերի համբերություն և աջակցություն, ոչ թե քննադատություն կամ խուսափողական վերաբերմունք։ Նման բաց ու անկեղծ մոտեցումը նպաստում է երեխայի արագ ինտեգրմանը հասարակության մեջ և ստեղծում ավելի ընդունող ու անվտանգ միջավայր թե՛ երեխայի, թե՛ ծնողների համար»։

Օֆելյա Հարությունյան
Հոգեբան
Գայանե Վարդանյանը, որը երկար տարիներ աշխատում է ներառական խմբերի երեխաների հետ, ևս կարևորեց ներառական խնդիրներով երեխաների ինտեգրումը հասարակության մեջ։ Նրա խոսքով՝ ամենակարևոր քայլերից մեկը շրջապատի՝ հատկապես հասակակիցների, տեղեկացվածությունն ու ճիշտ վերաբերմունքն է։
«Ադապտացիոն փուլը յուրաքանչյուր երեխայի համար անհատական է և չի կարելի կոնկրետ ժամանակ սահմանել։ Որոշ երեխաներ կարող են առհասարակ չցանկանալ դպրոց գալ և հորինել տարբեր պատճառներ՝ գլխացավ, փորացավ կամ այլ հիմնավորումներ։ Այս դեպքում կարևոր է հաշվի առնել երեխայի տարիքային առանձնահատկությունները և հասկանալ, արդյոք նրա վարքը խնդրից է գալիս, թե հնարավոր մանիպուլյացիա է։ Ծնողը պետք է ակտիվ համագործակցի դպրոցի հետ, զրուցի ուսուցչի հետ և հասկանա, թե ինչպես է երեխան դրսևորում իրեն դասարանում և միջավայրում։ Անհրաժեշտության դեպքում երեխայի համար կազմակերպվում է աշխատանք հոգեբանի հետ, որպեսզի հեշտացվի հարմարվող փուլը և աջակցվի նրա հուզական ու սոցիալական զարգացմանը»։

Գայանե Վարդանյան
Մանկավարժ
Աուտիզմը ոչ թե դատավճիռ է, այլ առանձնահատկություն, որը պահանջում է ճիշտ մոտեցում և աջակցող միջավայր։ Ճիշտ տեղեկատվությունն ու հասարակության իրազեկվածությունը, ծնողների և մասնագետների համագործակցությունը, ինչպես նաև երեխայի ինտեգրումը դպրոցում ու սոցիալական միջավայրում մեծապես նպաստում են նրա զարգացմանը և ինքնավստահության ձևավորմանը։ Կարևոր է, որ ընտանիքը հոգ տանի և իր հոգեկան առողջությունն ամրապնդի, իսկ հասարակությունը՝ ընդունի տարբերությունը։
Հրանտ Շահինյանի անվան
սպորտային մարմնամարզության
և ակրոբատիկայի մարզադպրոց
Շահինյանը ծնվել է 1923 թվականին, Երևանում։ Շատ շուտով բացահայտվել է նրա բացառիկ ֆիզիկական պատրաստվածությունը և շարժողական ունակությունները, որոնք նրան տարան դեպի մարմնամարզություն։ Նա իր մարզական ուղին սկսել է այն տարիներին, երբ Հայաստանում մարզական ենթակառուցվածքները դեռ ձևավորման փուլում էին։ Սակայն նույնիսկ այդ պայմաններում Հրանտ Շահինյանը կարողացավ հասնել աննախադեպ բարձունքների՝ մշտապես պահելով հավատարիմ մարզիկի կերպարը։

1952 թվականին Հելսինկիի Օլիմպիական խաղերում Հրանտ Շահինյանը դառնում է ԽՍՀՄ թիմի անդամ՝ մասնակցելով իր առաջին օլիմպիական խաղերին։
Հրանտ Շահինյանի անվան սպորտային մարմնամարզության և ակրոբատիկայի մարզադպրոցը հիմնադրվել է 1965 թվականին՝ խորհրդային ժամանակաշրջանում։ Դպրոցի շենքը, որը գտնվում է Հրանտ Շահինյան փողոց 2 հասցեում, երբեք չի ենթարկվել ամբողջական հիմնանորոգման։

Այսօր այն գործում է շինարարական և սանիտարական չափանիշներին չհամապատասխանող պայմաններում։ Մարզասարքավորումների զգալի մասը վաղուց մաշված է, իսկ դահլիճների վիճակը՝ լրջորեն քայքայված։
Մարզադպրոցը

Մարզադպրոցում գործում են տարիքային տարբեր խմբեր, որոնց հետ աշխատում են բարձր որակավորմամբ մարզիչներ՝ ունենալով ինչպես խորհրդային դպրոցի փորձ, այնպես էլ ժամանակակից մեթոդաբանություններ։ Դպրոցն ունի մարզական կրթության հստակ ծրագիր, որը ներառում է ֆիզիկական պատրաստվածություն, տեխնիկական վարժանքներ, թիմային հոգեբանություն և արժեքների դաստիարակություն։
Հավաքականի անդամները
  • Մարզիչ` Լիզա Չաթրջյան

Ներկայումս դպրոցում սովորում են մոտ 300 սաներ՝ տարբեր տարիքային խմբերից։ Սաների մեջ կան նաև միջազգային մրցաշարերի հաղթողներ և Հայաստանի ազգային հավաքականի անդամներ։ Չնայած դպրոցը տարիներ շարունակ բարձր արդյունքներ է գրանցել՝ պատրաստելով պրոֆեսիոնալ մարմնամարզիկներ, առկա պայմանները լուրջ ռիսկեր են ստեղծում ինչպես մարզիկների առողջության, այնպես էլ մարզական պատրաստվածության մակարդակի համար։

Կառավարության որոշմամբ նախատեսված էր դպրոցի համար նոր շենքի կառուցում, սակայն գործընթացը տարիներ շարունակ ձգձգվում է․ շինարարական աշխատանքները մինչ օրս չեն մեկնարկել։ Առկա շենքի ֆիզիկական մաշվածության պատճառով մարզումների արդյունավետությունը զգալիորեն տուժում է, իսկ մրցակցային հնարավորությունները միջազգային մակարդակում կտրուկ նվազում են։
Այս պայմաններում Հրանտ Շահինյանի անվան մարզադպրոցը գոյատևում է միայն աշխատակիցների նվիրումով և երեխաների սպորտային խանդավառությամբ։