Աուտիզմը դատավճիռ չէ
Նարեկը, ինչպես և իր հասակակից բոլոր երեխաները, կյանքի առաջին տարիներին ուներ զարգացման բնականոն ընթացք․ նա սկսեց քայլել ժամանակին, արձագանքում էր ծնողների ձայնին և հետաքրքրությամբ էր ուսումնասիրում իր շրջապատող աշխարհը։ Սակայն երկու տարեկանում ծնողները սկսեցին նկատել, որ Նարեկը չի արձագանքում իր անվանը, չի խոսում և ունի վարքային խնդիրներ։ Բժշկական հետազոտություններից հետո նրա մոտ ախտորոշվեց աուտիզմ, որը պահանջում է հատուկ ուշադրություն, խոսքի և վարքային աջակցություն։
Նարեկի քույրը՝ Մերի Թոփալյանը, որը ակտիվ դերակատարում ունի Նարեկի խնամքի գործում, ընդգծեց․ «Ծնողներս հիմնադրեցին Աուտիզմի զարգացման կենտրոն և սկսեցին սեմինարներ կազմակերպել։ Ես միշտ մասնակցում էի դրանց, լսում էի աուտիզմի մասին տարբեր մոտեցումներ, կարծիքներ և հենց այնտեղից եմ սկսել ուսումնասիրել երևույթը ավելի խորքային։ Հետագայում սկսեցի աշխատել մեր կենտրոնում,որտեղ 300-ից ավելի երեխա է հաճախում:»
Մերին բլոգ է վարում՝ հիմնականում անդրադառնալով աուտիզմին, և նրա բլոգի բովանդակության մեծ մասը նվիրված է Նարեկին։ Նա հաճախ տեղադրում է տեսանյութեր, որոնք պատմում են Նարեկի առօրյայի, զարգացման և հաջողությունների մասին։

Մերի Թոփալյան
«Դժվարություններ հիմնականում եղել են փոքր տարիքում։ Շատ դուրս չէինք գալիս Նարեկի հետ։ Ուր գնում էինք, նրան տանն էինք թողնում ինչ-որ մեկի հետ, ես նրան ոչ մի տեղ չէի կարողանում հետս տանել։ Համ վարքն էր շատ վատ, համ մարդիկ էին անհասկանալի հայացքներով նայում, երբեմն անտակտ բաներ խոսում կամ հարցեր տալիս։
Արդեն մոտ 5-6 տարի, սկսել ենք ներգրավել նրան ամեն տեղ։ Շատ աշխատանք տարանք հետը, վարքը բավականին շտկվեց, մինչ օրս էլ աշխատում ենք, ու երևի մինչ կյանքի վերջ էլ կաշխատենք։ Որովհետև եթե նրան այդպես թողնեինք, հիմա չէինք ունենա այն, ինչ ունենք»։
She has been nominated for an Academy Award, two Grammy Awards, and the Mercury Prize
Վերջին տարիներին աուտիզմի դեպքերի թվի աճը նկատելի է ամբողջ աշխարհում։ Սակայն մասնագետները նշում են, որ սա պարտադիր չի նշանակում, թե աուտիզմ ունեցող երեխաների իրական թիվն է ավելացել։ Աճը հաճախ կապված է այն փաստի հետ, որ այսօր աուտիզմի մասին ավելի շատ են տեղեկացված թե՛ բժիշկները, թե՛ ծնողները, և ախտորոշման մեթոդները դարձել են ավելի ճշգրիտ ու հասանելի։ Շատ դեպքեր, որոնք տարիներ առաջ կարող էին աննկատ մնալ կամ սխալ ախտորոշվել, այժմ ճիշտ ձևով են բացահայտվում։ Այսպիսով՝ կարելի է ասել, որ աուտիզմի դեպքերի թվի աճը հիմնականում պայմանավորված է ոչ թե հիվանդության տարածմամբ, այլ իրազեկության և ախտորոշման որակի բարձրացմամբ։
Հոգեբան, հոգեթերապևտ Օֆելյա Հարությունյանը ընդգծեց, որ վերջին տարիներին աուտիզմ ունեցող երեխաների ինտեգրումը հասարակության մեջ նկատելիորեն աճել է։ Նրա խոսքով՝ ավելի շատ ծնողներ այսօր գիտակցում են, թե որքան կարևոր է երեխային հնարավորություն տալ շփվելու, սովորելու և զարգանալու հավասար պայմաններում։ Միևնույն ժամանակ մասնագետը նշեց, որ դեռ հանդիպում են դեպքեր, երբ ծնողները փորձում են թաքցնել երեխայի աուտիզմը՝ վախենալով շրջապատի արձագանքից կամ չհասկացված վերաբերմունքից։
Հոգեբանը կարևորելով աուտիզմով երեխաների ծնողների հոգեկան առողջությունը ընդգծեց.





«Ծնողները պետք է նախապես տեղեկացնեն երեխայի շրջապատին՝ հարազատներին, դաստիարակներին կամ ուսուցիչներին, նրա առանձնահատկությունների և դժվարությունների մասին։ Նրա խոսքով՝ դա կարևոր է, որպեսզի շրջապատը կարողանա ճիշտ հասկանալ երեխայի վարքը, ցուցաբերի համբերություն և աջակցություն, ոչ թե քննադատություն կամ խուսափողական վերաբերմունք։ Նման բաց ու անկեղծ մոտեցումը նպաստում է երեխայի արագ ինտեգրմանը հասարակության մեջ և ստեղծում ավելի ընդունող ու անվտանգ միջավայր թե՛ երեխայի, թե՛ ծնողների համար»։

Օֆելյա Հարությունյան
Հոգեբան
Գայանե Վարդանյանը, որը երկար տարիներ աշխատում է ներառական խմբերի երեխաների հետ, ևս կարևորեց ներառական խնդիրներով երեխաների ինտեգրումը հասարակության մեջ։ Նրա խոսքով՝ ամենակարևոր քայլերից մեկը շրջապատի՝ հատկապես հասակակիցների, տեղեկացվածությունն ու ճիշտ վերաբերմունքն է։
«Ադապտացիոն փուլը յուրաքանչյուր երեխայի համար անհատական է և չի կարելի կոնկրետ ժամանակ սահմանել։ Որոշ երեխաներ կարող են առհասարակ չցանկանալ դպրոց գալ և հորինել տարբեր պատճառներ՝ գլխացավ, փորացավ կամ այլ հիմնավորումներ։ Այս դեպքում կարևոր է հաշվի առնել երեխայի տարիքային առանձնահատկությունները և հասկանալ, արդյոք նրա վարքը խնդրից է գալիս, թե հնարավոր մանիպուլյացիա է։ Ծնողը պետք է ակտիվ համագործակցի դպրոցի հետ, զրուցի ուսուցչի հետ և հասկանա, թե ինչպես է երեխան դրսևորում իրեն դասարանում և միջավայրում։ Անհրաժեշտության դեպքում երեխայի համար կազմակերպվում է աշխատանք հոգեբանի հետ, որպեսզի հեշտացվի հարմարվող փուլը և աջակցվի նրա հուզական ու սոցիալական զարգացմանը»։

Գայանե Վարդանյան
Մանկավարժ
Աուտիզմը ոչ թե դատավճիռ է, այլ առանձնահատկություն, որը պահանջում է ճիշտ մոտեցում և աջակցող միջավայր։ Ճիշտ տեղեկատվությունն ու հասարակության իրազեկվածությունը, ծնողների և մասնագետների համագործակցությունը, ինչպես նաև երեխայի ինտեգրումը դպրոցում ու սոցիալական միջավայրում մեծապես նպաստում են նրա զարգացմանը և ինքնավստահության ձևավորմանը։ Կարևոր է, որ ընտանիքը հոգ տանի և իր հոգեկան առողջությունն ամրապնդի, իսկ հասարակությունը՝ ընդունի տարբերությունը։
«Վավերագրություն. ինչպես է կինոն միավորում անցյալն ու ներկան»

Նախագծի հեղինակ՝ Լիլիթ Դավթյան

Նախագծի ղեկավար՝ Ռուզաննա Գիշյան

«Վավերագրական կինոն իրական փաստի արվեստն է, ուր և խմորվում է տիպականացման պրոցեսը: Սա իրապաշտական արվեստում կարևորագույն խնդիր է՝ տիպականացման մտացածին դրսևորումները անհարկի են կինոյի այս ժանրում: Մտացածին արվեստն իր նյութը հանդիսատեսին հրամցնում է ծուռ հայելու մեջ, մինչդեռ փաստի արվեստը արտացոլում է կյանքն ինչպես, որ կա»:
Սերգեյ Գալստան
Կինոգետ

Վավերագրությունը չի ստեղծում իրականություն, այլ փնտրում և գտնում է արդեն իսկ գոյություն ունեցողը՝ փորձելով բացահայտել այն ամենն՝ ինչ հաճախ մնում է անտեսված առօրյա կյանքում:

Վավերագրական կինոյի ամենամեծ արժեքներից մեկը կարող ենք համարել դրա սոցիալական ազդեցությունը: Այն հնարավորություն է տալիս տեսանելի դարձնել խնդիրները, տեղեկացնել, փոխել մարդկանց վերաբերմունքն այս կամ այն հարցի շուրջ, և դրդել գործողությունների՝ արվեստի այս ճյուղը դարձնելով սոցիալական փոփոխությունների հզոր միջոց:
Միջազգային ուսումնասիրությունները փաստում են՝ վավերագրական ֆիլմերը կարող են ոչ միայն տեղեկատվություն փոխանցել, այլև ձևավորել հանրային կարծիք, ստիպել մտածել և փոխել մոտեցումներ։ Օրինակ, ամերիկյան The Center for Media & Social Impact-ի «Designing for Impact» զեկույցի համաձայն՝ վավերագրական ֆիլմ դիտելուց հետո մարդկանց 84%-ը փոխել է կարծիքը որևէ սոցիալական հարցի շուրջ, իսկ 67%-ը պատրաստ է եղել ակտիվ քայլերի՝ ստորագրահավաք, կամավորություն, դրամահավաք։

Ինչպես նշում է վավերագրական կինոյի տեսաբան, կինոքննադատ Բիլ Նիկոլսն իր ''Introduction to Documentary" աշխատության մեջ՝ վավերագրությունն ապրում է ճշմարտության և ներկայացման միջև սահմանագծում, միաժամանակ վերակառուցելով իրականությունը և պահպանելով հավատարմությունը փաստերին:
Այս մոտեցումը կարևոր է, քանի որ ևս մեկ անգամ ապացուցում է, որ վավերագրությունը պարզապես փաստերի շարադրանք չէ, այլ նոր փոփոխությունների և կյանքի վերաիմաստավորման միջոց:
Կինոգետ Մելիք Կարապետյանն էլ պատմում է հայ ժամանակակից կինոյում վավերագրության կարևորության և ակտիվ դերի մասին:

Քանի որ Մելիք Կարապետյանն ընդգծեց նաև մեր օրերում կին ռեժիսորների ակտիվ գործունեության մասին, չենք կարող չառանձնացնել Շողակաթ Վարդանյանի «1489» ֆիլմը, որը վերջին ժամանակների ամենաազդեցիկ և քննարկված ֆիլմերից է: Այն պատմում է իր եղբոր՝ պատերազմի ժամանակ անհետ կորած Սողոմոնի որոնման մասին, որը ոչ միայն դիտվեց միջազգային հեղինակավոր հարթակներում, ստացավ բազմաթիվ մրցանակներ, այլև դարձավ քննարկման թեմա Հայաստանում, և բազմիցս լուսաբանվեց մեդիա հարթակներում:

Նման ֆիլմերը մեր իրականության արտացոլումն են և ցույց են տալիս կյանքը՝ ինչպես, որ կա... Այս և նման այլ ֆիլմեր վավերագրության այն եզակի օրինակներից են, որոնք զերծ են ավելորդ պաթոսից և ոչ միայն փաստագրում, այլև խթան են հանդիսանում հանրային քննարկումների՝ հիշեցնելով, որ պատերազմի, գերության, տեղահանության ամենածանր հետևանքները հաճախ մնում են անհատական ողբերգությունների սահմանում, ցույց տալով, որ պատերազմի ցավը երբեք չի ավարտվում կռվի դաշտում, այլ շարունակում է ապրել մարդկանց սրտերում:

Այս համատեքստում առանձնապես կարևոր է ռեժիսոր Լևոն Քալանթարի «Կինոերկխոսություններ» նախագիծը, որն իր վավերագրական ֆիլմերով ցույց է տալիս պատերազմի ու գերության հետքերը և ազդեցությունը:

Այսպիսով, վավերագրությունը կարող է բացահայտել այն պատմությունները, որոնք հաճախ մնում են հանրային ուշադրությունից դուրս՝ հատկապես պատերազմի և տեղահանության թեմաների դեպքում։ Իսկ Լևոն Քալանթարի ֆիլմերն առանձին պատմությունների միջոցով փաստագրում են հերոսների անցած ճանապարհը՝ ներկայացնելով նրանց կյանքը պատերազմի, գերության և տեղահանության ժամանակ:

Շապիկի լուսանկարները գեներացվել են Արհեստական բանականության միջոցով: