Աուտիզմը դատավճիռ չէ
Նարեկը, ինչպես և իր հասակակից բոլոր երեխաները, կյանքի առաջին տարիներին ուներ զարգացման բնականոն ընթացք․ նա սկսեց քայլել ժամանակին, արձագանքում էր ծնողների ձայնին և հետաքրքրությամբ էր ուսումնասիրում իր շրջապատող աշխարհը։ Սակայն երկու տարեկանում ծնողները սկսեցին նկատել, որ Նարեկը չի արձագանքում իր անվանը, չի խոսում և ունի վարքային խնդիրներ։ Բժշկական հետազոտություններից հետո նրա մոտ ախտորոշվեց աուտիզմ, որը պահանջում է հատուկ ուշադրություն, խոսքի և վարքային աջակցություն։
Նարեկի քույրը՝ Մերի Թոփալյանը, որը ակտիվ դերակատարում ունի Նարեկի խնամքի գործում, ընդգծեց․ «Ծնողներս հիմնադրեցին Աուտիզմի զարգացման կենտրոն և սկսեցին սեմինարներ կազմակերպել։ Ես միշտ մասնակցում էի դրանց, լսում էի աուտիզմի մասին տարբեր մոտեցումներ, կարծիքներ և հենց այնտեղից եմ սկսել ուսումնասիրել երևույթը ավելի խորքային։ Հետագայում սկսեցի աշխատել մեր կենտրոնում,որտեղ 300-ից ավելի երեխա է հաճախում:»
Մերին բլոգ է վարում՝ հիմնականում անդրադառնալով աուտիզմին, և նրա բլոգի բովանդակության մեծ մասը նվիրված է Նարեկին։ Նա հաճախ տեղադրում է տեսանյութեր, որոնք պատմում են Նարեկի առօրյայի, զարգացման և հաջողությունների մասին։

Մերի Թոփալյան
«Դժվարություններ հիմնականում եղել են փոքր տարիքում։ Շատ դուրս չէինք գալիս Նարեկի հետ։ Ուր գնում էինք, նրան տանն էինք թողնում ինչ-որ մեկի հետ, ես նրան ոչ մի տեղ չէի կարողանում հետս տանել։ Համ վարքն էր շատ վատ, համ մարդիկ էին անհասկանալի հայացքներով նայում, երբեմն անտակտ բաներ խոսում կամ հարցեր տալիս։
Արդեն մոտ 5-6 տարի, սկսել ենք ներգրավել նրան ամեն տեղ։ Շատ աշխատանք տարանք հետը, վարքը բավականին շտկվեց, մինչ օրս էլ աշխատում ենք, ու երևի մինչ կյանքի վերջ էլ կաշխատենք։ Որովհետև եթե նրան այդպես թողնեինք, հիմա չէինք ունենա այն, ինչ ունենք»։
She has been nominated for an Academy Award, two Grammy Awards, and the Mercury Prize
Վերջին տարիներին աուտիզմի դեպքերի թվի աճը նկատելի է ամբողջ աշխարհում։ Սակայն մասնագետները նշում են, որ սա պարտադիր չի նշանակում, թե աուտիզմ ունեցող երեխաների իրական թիվն է ավելացել։ Աճը հաճախ կապված է այն փաստի հետ, որ այսօր աուտիզմի մասին ավելի շատ են տեղեկացված թե՛ բժիշկները, թե՛ ծնողները, և ախտորոշման մեթոդները դարձել են ավելի ճշգրիտ ու հասանելի։ Շատ դեպքեր, որոնք տարիներ առաջ կարող էին աննկատ մնալ կամ սխալ ախտորոշվել, այժմ ճիշտ ձևով են բացահայտվում։ Այսպիսով՝ կարելի է ասել, որ աուտիզմի դեպքերի թվի աճը հիմնականում պայմանավորված է ոչ թե հիվանդության տարածմամբ, այլ իրազեկության և ախտորոշման որակի բարձրացմամբ։
Հոգեբան, հոգեթերապևտ Օֆելյա Հարությունյանը ընդգծեց, որ վերջին տարիներին աուտիզմ ունեցող երեխաների ինտեգրումը հասարակության մեջ նկատելիորեն աճել է։ Նրա խոսքով՝ ավելի շատ ծնողներ այսօր գիտակցում են, թե որքան կարևոր է երեխային հնարավորություն տալ շփվելու, սովորելու և զարգանալու հավասար պայմաններում։ Միևնույն ժամանակ մասնագետը նշեց, որ դեռ հանդիպում են դեպքեր, երբ ծնողները փորձում են թաքցնել երեխայի աուտիզմը՝ վախենալով շրջապատի արձագանքից կամ չհասկացված վերաբերմունքից։
Հոգեբանը կարևորելով աուտիզմով երեխաների ծնողների հոգեկան առողջությունը ընդգծեց.





«Ծնողները պետք է նախապես տեղեկացնեն երեխայի շրջապատին՝ հարազատներին, դաստիարակներին կամ ուսուցիչներին, նրա առանձնահատկությունների և դժվարությունների մասին։ Նրա խոսքով՝ դա կարևոր է, որպեսզի շրջապատը կարողանա ճիշտ հասկանալ երեխայի վարքը, ցուցաբերի համբերություն և աջակցություն, ոչ թե քննադատություն կամ խուսափողական վերաբերմունք։ Նման բաց ու անկեղծ մոտեցումը նպաստում է երեխայի արագ ինտեգրմանը հասարակության մեջ և ստեղծում ավելի ընդունող ու անվտանգ միջավայր թե՛ երեխայի, թե՛ ծնողների համար»։

Օֆելյա Հարությունյան
Հոգեբան
Գայանե Վարդանյանը, որը երկար տարիներ աշխատում է ներառական խմբերի երեխաների հետ, ևս կարևորեց ներառական խնդիրներով երեխաների ինտեգրումը հասարակության մեջ։ Նրա խոսքով՝ ամենակարևոր քայլերից մեկը շրջապատի՝ հատկապես հասակակիցների, տեղեկացվածությունն ու ճիշտ վերաբերմունքն է։
«Ադապտացիոն փուլը յուրաքանչյուր երեխայի համար անհատական է և չի կարելի կոնկրետ ժամանակ սահմանել։ Որոշ երեխաներ կարող են առհասարակ չցանկանալ դպրոց գալ և հորինել տարբեր պատճառներ՝ գլխացավ, փորացավ կամ այլ հիմնավորումներ։ Այս դեպքում կարևոր է հաշվի առնել երեխայի տարիքային առանձնահատկությունները և հասկանալ, արդյոք նրա վարքը խնդրից է գալիս, թե հնարավոր մանիպուլյացիա է։ Ծնողը պետք է ակտիվ համագործակցի դպրոցի հետ, զրուցի ուսուցչի հետ և հասկանա, թե ինչպես է երեխան դրսևորում իրեն դասարանում և միջավայրում։ Անհրաժեշտության դեպքում երեխայի համար կազմակերպվում է աշխատանք հոգեբանի հետ, որպեսզի հեշտացվի հարմարվող փուլը և աջակցվի նրա հուզական ու սոցիալական զարգացմանը»։

Գայանե Վարդանյան
Մանկավարժ
Աուտիզմը ոչ թե դատավճիռ է, այլ առանձնահատկություն, որը պահանջում է ճիշտ մոտեցում և աջակցող միջավայր։ Ճիշտ տեղեկատվությունն ու հասարակության իրազեկվածությունը, ծնողների և մասնագետների համագործակցությունը, ինչպես նաև երեխայի ինտեգրումը դպրոցում ու սոցիալական միջավայրում մեծապես նպաստում են նրա զարգացմանը և ինքնավստահության ձևավորմանը։ Կարևոր է, որ ընտանիքը հոգ տանի և իր հոգեկան առողջությունն ամրապնդի, իսկ հասարակությունը՝ ընդունի տարբերությունը։












«Կինոերկխոսություններ» նախագիծը. վավերագրական պատմություններ հակամարտության սահմանագծին

«Կինոերկխոսությունները» եզակի նախաձեռնություն է, որի շրջանակում հայ երիտասարդները՝ Լեռնային Ղարաբաղից, և ադրբեջանցի երիտասարդները՝ մյուս կողմից, վավերագրական ֆիլմեր են արտադրել՝ իրենց տարանջատող հակամարտության վերաբերյալ:
Նախագծի պրոդյուսեր Հարություն Մանսուրյանն ասաց, որ, վստահ է, ֆիլմերը կարող են բերել սոցիալական փոփոխության, և գրագետ հասարակությունում դա ավելի մեծ ազդեցություն կունենա և մարդիկ կքննարկեն, ոչ թե այն, որ, օրինակ, ֆիլմերից մեկում լավ բառ են ասել ադրբեջանցիների մասին, այլ հաշվի կառնեն, որ նա էլ է մարդ: Ֆիլմերը եռակողմ էին, համագործակցությունը՝ ևս՝ Հայաստան, Ղարաբաղ, Ադրբեջան: Հայաստանից՝ Մեդիա նախաձեռնությունների կենտրոնն էր (այն ժամանակ` Ինտերնյուս), արցախյան կողմից՝ Մամուլի ակումբը, ադրբեջանական կողմից՝ Ինտերնյուս Ադրբեջանը:
«Այս նախագիծն անչափ կարևոր է, որովհետև այն բազմաշերտ է․․․ Չնայած գոյություն ունեցող սահմաններին՝ մասնակիցները հնարավորություն ունեն միմյանց հետ զրուցել ու շփվել։ Նրանք նաև զբաղվում են ստեղծագործական աշխատանքով ու սովորում, թե լրատվամիջոցների աշխարհն իրենից ինչ է ներկայացնում․․․ Ապա նրանք ֆիլմեր են ստեղծում ու ներկայացնում հանրությանը»։

Նունե Սարգսյան

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի տնօրեն

«Կինոերկխոսություններ» նախագիծը մեկնարկել է 2007 թվականին և ընդգրկում է 20 ու ավելի ֆիլմեր։ Յուրաքանչյուր ֆիլմ մի առանձին պատմություն է, որը ներկայացնում է անհատական ճակատագրեր, հասարակական և ինքնության պահպանման խնդիրներ: Ռեժիսոր Լևոն Քալանթարի խոսքով ֆիլմերը հնարավորինս պատմում են արցախցիների կերպարի մասին, և իրենց հիմնական նպատակներից մեկն այն էր, որ դրսից տեսնեն և օգնեն այդ մարդկանց...
«Կինոերկխոսություններ»-ի շրջանակում ստեղծված ֆիլմերը՝ «Ամուր ընկույզ», «Քաղաքացիությունը՝ փախստական», «Կատարսիս» և «17 տարի անց», տարբեր տեսանկյուններից բացահայտում են պատերազմի անմիջական և երկարաժամկետ հետևանքները։







«Ամուր ընկույզ»

«Եթե միայն ֆիլմերը կարողանային կյանքի բոլոր դժվարությունները հարթել…»

Խալիդա Արզումանյան

«Ամուր ընկույզ» ֆիլմի գլխավոր հերոսը

Պատերազմում կռվում են տղամարդիկ, բայց, որպես կանոն, կանայք են կրում հիմնական ծանրությունը:
Այս ֆիլմը Խալիդա անունով մի կնոջ մասին է, որը պատմում է իր ամուսնու գերության և այնտեղից վերադարձի մասին: Նրա ամեն մի խոսքը բացահայտում է պատերազմի խորը ազդեցությունը մարդկային ճակատագրերի վրա՝ հատկապես այն տառապանքը, որն այդ ժամանակ կրում են ինչպես պատերազմ գնացածները կամ գերի ընկածները, այնպես էլ նրանց ընտանիքները: Խալիդան կնոջ այն ուժեղ կերպարն է, որն իր համբերատարության շնորհիվ հաղթահարել և շարունակում է հաղթահարել ամենածանր փորձությունները: «Եթե ինձ Աստված երկրորդ անգամ կյանք տար, ես այն կապրեի նույն ձև: Ես ինձ երջանիկ մարդ եմ համարում...»,- ասում է նա:












«Քաղաքացիությունը՝ փախստական»


«Շնորհակալ եմ Աստծուն, որ իմ ընտանիքը ողջ է, որ կինս, երեխաներս կողքիս են»:

«Քաղաքացիությունը՝ փախստական» ֆիլմի հերոս Կամո Միրզոյան

Ղարաբաղյան հակամարտության արդյունքում ավելի քան մեկ միլիոն մարդ փախստական դարձավ:
Քալանթարի այս ֆիլմը պատմում է բաքվեցի հայերից երկուսի մասին, որոնցից մեկը հաստատվել է Ստեփանակերտում, իսկ մյուսը՝ Շուշիում: Ֆիլմը ներկայացնում է նրանց անցած ուղին՝ բռնաճնշումների և տեղահանության պատմություններից մինչև նոր իրականության մեջ իրենց տեղ գտնելու փորձերը։ Հերոսների հիշողությունների և ներկա կյանքի պատկերների միջոցով ռեժիսորը բացահայտում է ոչ միայն նրանց անձնական ճակատագրերը, այլև Արցախի պատմության բարդ փուլերը՝ պատերազմի և խաղաղության միջև հակամարտող մարդկանց ապրումները։ Ֆիլմն ընդգծում է այն փաստը, որ չնայած տեղահանման ցավոտ փորձին, հերոսները կարողացել են ստեղծել նոր կյանք, պահպանելով իրենց ինքնությունը և հիշողությունները։










«Կատարսիս»

«Սակրավորը երկու անգամ է սխալվում, առաջին անգամ, երբ ընտրում է այդ մասնագիտությունը, իսկ երկրորդ անգամ, երբ...»

Դավիթ Սիմոնյան

«Կատարսիս» ֆիլմի հեղինակն ու գլխավոր հերոսը

Ղարաբաղի ականազերծման պատմությունն արտացոլում է այդ տարածաշրջանի պատերազմի երկարատև պատմությունը:
Քալանթարի «Կատարսիս» ֆիլմը պատմում է Արցախի ականազերծման մասին՝ ներկայացնելով պատերազմի թողած անմիջական սպառնալիքը և դրա հաղթահարման բարդ գործընթացը։ Ֆիլմում լուսաբանվում են ականազերծողների ծանր առօրյան, նրանց անձնական պատմությունները և այն վտանգավոր պայմանները, որոնցում նրանք աշխատում են: «Կատարսիս»-ում ականազերծման գործընթացը ներկայացվում է ոչ միայն որպես տեխնիկական աշխատանք, այլև որպես խորհրդանշական գործողություն՝ փորձ մաքրել պատերազմից տուժած հողերը։ Ֆիլմն ընդգծում է, որ պատերազմի ավարտը չի գալիս հրադադարի պահին, այլ շարունակվում է տարիներ շարունակ՝ յուրաքանչյուր ականազերծված տարածքի հետ միասին։


Այսպիսով, Լևոն Քալանթարի «Կինոերկխոսություններ» նախագծի շրջանակում ստեղծված երեք վավերագրական ֆիլմերը վեր են հանում պատերազմի հետևանքները և մարդու ներաշխարհում ծավալվող այն լուռ երկխոսությունը, որը հաճախ մնում է հանրային ուշադրությունից դուրս։
Ֆիլմերի արժեքը բազմաշերտ է․
  • սոցիալական, քանի որ խթանում են հանրային քննարկումներ և պատմական վերաիմաստավորում,
  • մշակութային, քանի որ պահպանում են ժամանակի կարևոր պատմություններն ու դեմքերը,
  • կրթական, քանի որ կարող են ծառայել ուսումնական գործընթացում՝ որպես բովանդակային և կինեմատոգրաֆիկ վերլուծության նյութ։

«Վավերագրություն. Ինչպես է կինոն միավորում անցյալն ու ներկան»
http://brusovlab.am/page67754049.html

«17 տարի անց»

Երկխոսություն անցյալի և ներկայի միջև

http://brusovlab.am/page67754049.html