Ռուսական «ռելոկացիա»․ Քաղաքացիական պարտությունից դեպի երևանյան ակտիվիզմ

2022 թվականի փետրվարից հետո Երևանը հայտնվեց նոր միգրացիոն ալիքի կենտրոնում։ Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա հազարավոր ռուսաստանցիների բերեց Հայաստան․ միայն մեկ տարվա ընթացքում արձանագրվեց ավելի քան 1,1 միլիոն մուտք։



Բայց այս հոսքը տարբերվում էր նախորդներից․ այստեղ տեղափոխվում էին ոչ միայն աշխատանք փնտրող մարդիկ, այլ նաև ՏՏ մասնագետներ, ստեղծարար ոլորտի ներկայացուցիչներ, լրագրողներ և ակտիվ երիտասարդներ, որոնք Երևան էին բերում իրենց նոր կենսակերպն ու աշխատանքային մշակույթը։

Մոսկվայում ծնված ու մեծացած Կարինա Բալայանի համար Երևանը սկզբում պարզապես տեղափոխության կետ էր։ Բայց ժամանակի ընթացքում քաղաքը դարձավ մի վայր, որի խնդիրներն արդեն նաև իրենն էին։ Երբ 2023 թվականին Երևանում սկսվեցին ծառահատումների դեմ բողոքները, նա հայտնվեց փողոցում՝ մյուս ակտիվիստների կողքին։ Ավելի ուշ դարձավ «Կանաչ Երևան» նախաձեռնության համահիմնադիրներից մեկը։

Կարինան ասում է, որ Ռուսաստանում քաղաքացիական հասարակությունը պարտություն կրեց, և գուցե հենց այդ պատճառով այստեղ մարդիկ ավելի զգայուն են քաղաքային խնդիրների նկատմամբ։ Նրա սեփական պատմությունն էլ անընդհատ տեղափոխությունների պատմություն է․ պապը Արցախից էր, ծնողները Բաքվի ջարդերից հետո տեղափոխվել էին Ռուսաստան, իսկ հիմա ինքն է Մոսկվայից Երևան եկել։ «Տունն այնտեղ է, որտեղ քո սիրելի մարդիկ են»,- ասում է նա:
Ծառահատումների դեմ պայքարը Կարինայի համար դարձավ քաղաքացիական ակտիվիզմի մեկնարկային կետ։ Նույն գաղափարն է ընկած նաև Green Green-ի գործունեության հիմքում՝ մարդկանց ներգրավել իրենց շրջապատի պահպանության և բարելավման գործում։ Կազմակերպության բնապահպանական և մաքրության հավաքները միավորում են տարբեր մարդկանց մեկ նպատակի շուրջ՝ քաղաքը դարձնել ավելի մաքուր և ավելի հոգատար վայր ապրելու համար։
Սակայն այս հավաքների նպատակը միայն տարածքը մաքրելը չէ։ Դրանք նաև մարդկանց հանդիպման և շփման հարթակ են, որտեղ տարբեր երկրներից ու տարբեր փորձառություններով մարդիկ միասին մասնակցում են քաղաքի կյանքին։ Այդպիսի նախաձեռնությունները փոքր չափերով, բայց տեսանելի ազդեցություն են ունենում թե՛ քաղաքային միջավայրի, թե՛ համայնքային կապերի ձևավորման վրա։
Քաղաքի հետ կապը Կարինայի համար սահմանափակված չմնաց առօրյա կյանքով։ Ժամանակի ընթացքում նա ներգրավվեց բնապահպանական նախաձեռնություններում և դարձավ «Կանաչ Երևան» նախաձեռնության համահիմնադիրներից մեկը։
2023-ին , երբ Երևանում սկսվեցին ծառահատումները, Կարինան այլևս պարզապես քաղաքի բնակիչ չէր։ Նա միացավ բողոքի ակցիաներին՝ հավատալով, որ քաղաքը փոխվում է այն մարդկանց շնորհիվ, որոնք պատրաստ են պաշտպանել այն։
Ուրբանիստ Մարիա Գունկոն ասում է, որ Երևան տեղափոխված շատ ռուսաստանցիներ քաղաքը չեն փորձել վերածել Մոսկվայի կրկնօրինակի։ Նրա խոսքով՝ նրանք ավելի շատ ձգտում էին ստեղծել այնպիսի միջավայր, որն ավելի ազատ ու բաց կլինի՝ «բերլինյան շնչով»։ Այդ ազդեցությունն այսօր նկատելի է քաղաքի կենտրոնում՝ նոր սրճարաններում, ստեղծարար տարածքներում ու մշակութային հարթակներում, որոնք փոխել են Երևանի առօրյա ռիթմը։
Սոցիոլոգի դիտարկմամբ՝ միգրացիան վերջին տարիներին դարձել է Երևանի քաղաքային փոփոխությունների կարևոր շարժիչ ուժերից մեկը։ Տարբեր միգրացիոն հոսքերը ձևավորել են նոր սոցիալական ու մշակութային հարաբերություններ՝ փոխելով քաղաքի հանրային միջավայրը և դարձնելով այն ավելի բազմազան։

Նրա խոսքով՝ այս փոփոխությունները հատկապես նկատելի են հանրային տարածքներում։ Սիրիահայերի ներհոսքը նպաստել է սրճարանային և ռեստորանային մշակույթի զարգացմանը, իսկ ռուսախոս միգրանտների ներկայությունը ազդել է ծառայությունների, բիզնեսի և ժամանցի ոլորտների վրա։

Սրճարաններն ու այլ հանրային տարածքները դարձել են վայրեր, որտեղ տարբեր մշակույթներ հանդիպում և փոխազդում են՝ ձևավորելով նոր սոցիալական կապեր և փոքր համայնքներ։
Միևնույն ժամանակ, մասնագետը նշում է, որ թեև Երևանում ձևավորվում են տարբեր լեզվական ու մշակութային խմբեր, ավելի ճիշտ է խոսել բազմամշակութային համակեցության մասին, քան ամբողջովին առանձնացված «զուգահեռ հասարակությունների»։
Հարություն Վերմիշյան
Սոցիոլոգիայի տեսության և պատմության ամբիոն
Ամբիոնի վարիչ (դոցենտ)