Արմեն Հովհաննիսյանի զոհվելուց հետո նրա անունը դարձավ ոչ միայն քաջության խորհրդանիշ, այլ նաև միավորող լույս հազարավոր մարդկանց հոգիներում։ Նրա հիշատակին ուղղված հարգանքի դրսևորումները տարիների ընթացքում տարածվել են Հայաստանով մեկ ու ամբողջ աշխարհով՝ դուրս գալով անձնական ցավի սահմաններից ու վերածվելով ազգային հպարտության:
Նրա կերպարը հիշելու ու փոխանցելու ցանկությունը ստիպել է մարդկանց խոսել, գրել, արարել ու լռել մոմի լույսի ներքո։ Հայաստանի տարբեր համայնքներում, ինչպես նաև Սփյուռքի հայաշատ քաղաքներում կազմակերպվել են մոմավառություններ ու հիշատակի միջոցառումներ։ Տարիներ շարունակ Հայաստանի և Սփյուռքի հայկական եկեղեցիներում՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, մատուցվել են հոգեհանգստյան պատարագներ նվիրված Արմենի հիշատակին։ Նրա հիշատակը վառ է պահվել ոչ միայն պետական մակարդակով, այլև մարդկանց միջոցով՝ դպրոցականներից մինչև զինծառայողներ, արվեստագետներից մինչև անծանոթ այցելուներ։
Արմենի համար գրվել են բանաստեղծություններ, նամակներ, երգեր, ինչպես նաև կերտվել կիսանդրիներ։ Նրա անունով ապրում են ձեռագիր գրառումներ, նվիրած իրեր, անձնական խորհրդանիշներ, որոնք ներկայացված են սրահում։ Դրանք պարզապես նյութական առարկաներ չեն, այլ կրում են այն ապրումները, սերը և պարտքի զգացումը, որը ապրում է մեր մեջ։ Այստեղ ներկայացված ամեն մի մասունք իր մեջ ունի հիշողություն՝ ցավոտ, բայց միաժամանակ ուժ տվող։
Այս սրահը կոչված է ցույց տալու, որ հիշատակը հավերժ է, երբ ապրում է սրտերում։ Իսկ Արմենի հիշատակը ապրում է հարյուրավոր սրտերում՝ տարբեր լեզուներով, տարբեր կերպով, բայց նույն խորությամբ։