Հայաստանի մեղվաբուծությունն ու կլիմայի մարտահրավերները

Ուսանող` Սիմա Թամրազյան

Ղեկավար` Լիլիկ Ստեփանյան, բ.գ.թ.









Նկարը գեներացված է ԱԲ գործիքով

Մեղուները բնության ամենակարևոր և, միևնույն ժամանակ, ամենախոցելի օրգանիզմներից են։ Նրանք ոչ միայն մեղր արտադրող միջատներ են, այլև կենսաբազմազանության պահպանման գլխավոր «հենասյուները»։ Մեղուների միջոցով իրականացվում է բույսերի փոշոտման զգալի մասը (85 տոկոս), ինչի շնորհիվ ապահովվում է գյուղատնտեսական մշակաբույսերի բարձր բերքատվությունը և բնական էկոհամակարգերի շարունակական զարգացումը։

Մեղվաբուծությունը Հայաստանում ունի հազարամյակների պատմություն և համարվում է գյուղատնտեսության ամենահին ու ավանդական ճյուղերից մեկը։ Հայկական լեռնաշխարհի հարուստ բուսական աշխարհը նպաստել է մեղուների զարգացմանն ու մեղրի արտադրությանը։ Պատմական աղբյուրները վկայում են, որ դեռ հնագույն ժամանակներից հայերը զբաղվել են մեղվաբուծությամբ՝ օգտագործելով մեղրը որպես սննդամթերք և բուժիչ միջոց, իսկ մեղրամոմը օգտագործվել է կենցաղում և եկեղեցական ծեսերում։

Ինչպես հնում, այնպես էլ այսօր Հայաստանում մեղվաբուծությունը շարունակում է մնալ գյուղական կյանքի և տնտեսության կարևոր մասը։

Աշոտ Արզումանյանը Տավուշի մարզում արդեն 13 տարի զբաղվում է մեղվաբուծությամբ: Այդ տարիների ընթացքում նրա համար մեղվաբուծությունը դարձել է ոչ միայն ապրուստի միջոց, այլև սիրելի աշխատանք:

Տավուշի բնության առանձնահատկությունները՝ անտառային մեծածավալ տարածքները և բազմազան բուսականությունը, մեծապես նպաստում են մարզում ոլորտի զարգացմանը: Մեղվաբույծի խոսքով` 1 մեղվաընտանիքից ստանում է մոտավորապես 30-35 կգ մեղր:

Հայաստանում մեղրի պահանջարկը վերջին տարիներին ներքին շուկայում ունի լայն սպառման շրջանակ, որը պայմանավորված է հասարակության՝ առողջ ապրելակերպի նկատմամբ աճող հետաքրքրությամբ։

Մարդիկ նախընտրում են բնական և օգտակար սննդամթերք:

Սակայն շուկայում հաճախ հանդիպում է ներմուծված ոչ օրգանիկ մեղր, որի շուկայական գինն ավելի մատչելի է, ինչը լրացուցիչ խոչընդոտ է դառնում հայ մեղվաբույծների համար։

Մեղվաբուծության ոլորտում քիչ չեն հին կարծրատիպերը․ շատերը կարծում են, որ այն միայն տղամարդկանց զբաղմունք է, կամ մեղվաբուծությամբ հետաքրքրվում են միայն որոշակի տարիք ունեցող անձինք։

Սակայն, իրականությունը լրիվ այլ է․ այսօր կանայք ակտիվորեն ներգրավվում են ոլորտում, ղեկավարում սեփական մեղվանոցներ և կիսում իրենց փորձը:

Մարիանա Ավետիսյանն արդեն 6 տարի զբաղվում է մեղվաբուծությամբ: Ոլորտի հանդեպ հետաքրքրությունն ու սերը առաջացել է դեռ մանկուց, երբ պապիկի հետ այցելում էր սեփական մեղվանոց:

Սակայն տարիների ընթացքում, երբ պապիկն այլևս ի վիճակի չէր զբաղվելու մեղվաբուծությամբ, Մարիանան որոշում է ստանձնել մեղվաբույծի դերը, քանի որ ընտանիքում ոչ ոք ծանոթ չէր այդ գործին:

Մարիանայի դիտարկմամբ, կնոջ ներգրավվածությունը մեղվաբուծության ոլորտում ունի առանձնահատուկ կարևորություն:

Ըստ նրա` հասարակությունը մեղվաբուծությունը ընկալում է որպես ծերացած ոլորտ, մինչդեռ Մարիանայի համար այն դարձել է սիրելի աշխատանք:

Չնայած նման կարծրատիպերին` այսօր Մարիանան զբաղվում է սիրելի աշխատանքով և սոցիալական ցանցերում ակտիվ ներկայացնում է ոլորտին առնչվող հարցերը:

Կլիմայական փոփոխությունների ազդեցությունները մեղվաբուծության վրա

Թեպետ մեղվաբուծությունը Հայստանում համարվում է զարգացած ոլորտ, այնուամենայնիվ առկա են մի շարք խնդիրներ` պայմանավորված կլիմայական գործոններով:

Հայաստանում կլիման բազմազան է, և հենց այս բազմազանությունն է անմիջական ազդում մեղուների կյանքի ռիթմի վրա:

Մեղուն հանդիսանում է ամենազգայունը կլիմայական փոփոխությունների նկատմամբ, ինչը դրսևորվում է երկու ձևով՝ առաջինը՝ անմիջական՝ մեղվաբերքի անկումը, որը կախված է եղանակային անբարենպաստ փոփոխություններից և կարող է հանգեցնել տնտեսության լուրջ կորուստների, երկրորդը՝ կողմնակի՝ հիվանդությունների և վարակների տեսքով։

Տարբեր երկրներում կլիման տարբեր է, դրանց ազդեցությունները` նույնպես: Հայաստանում մեղվաբուծության վրա հիմնական ազդեցություն են ունենում հետևյալ կլիմայական գործոնները` գլոբալ տաքացում, երաշտներ, հրդեհներ:

Ջերմաստիճանի աստիճանական բարձրացումը Երկրի վրա դարձել է գլոբալ բնապահպանական ճգնաժամ։
Կանխատեսվում է, որ մինչև 2050 թվականը աշխարհի բնակչության ավելի քան երեք քառորդը կզգա երաշտի անմիջական ազդեցությունը։
2025 թվականի հրդեհների հետևանքով ակտիվացել են նաև մեղուների հիվանդությունները: