Աուտիզմը դատավճիռ չէ
Նարեկը, ինչպես և իր հասակակից բոլոր երեխաները, կյանքի առաջին տարիներին ուներ զարգացման բնականոն ընթացք․ նա սկսեց քայլել ժամանակին, արձագանքում էր ծնողների ձայնին և հետաքրքրությամբ էր ուսումնասիրում իր շրջապատող աշխարհը։ Սակայն երկու տարեկանում ծնողները սկսեցին նկատել, որ Նարեկը չի արձագանքում իր անվանը, չի խոսում և ունի վարքային խնդիրներ։ Բժշկական հետազոտություններից հետո նրա մոտ ախտորոշվեց աուտիզմ, որը պահանջում է հատուկ ուշադրություն, խոսքի և վարքային աջակցություն։
Նարեկի քույրը՝ Մերի Թոփալյանը, որը ակտիվ դերակատարում ունի Նարեկի խնամքի գործում, ընդգծեց․ «Ծնողներս հիմնադրեցին Աուտիզմի զարգացման կենտրոն և սկսեցին սեմինարներ կազմակերպել։ Ես միշտ մասնակցում էի դրանց, լսում էի աուտիզմի մասին տարբեր մոտեցումներ, կարծիքներ և հենց այնտեղից եմ սկսել ուսումնասիրել երևույթը ավելի խորքային։ Հետագայում սկսեցի աշխատել մեր կենտրոնում,որտեղ 300-ից ավելի երեխա է հաճախում:»
Մերին բլոգ է վարում՝ հիմնականում անդրադառնալով աուտիզմին, և նրա բլոգի բովանդակության մեծ մասը նվիրված է Նարեկին։ Նա հաճախ տեղադրում է տեսանյութեր, որոնք պատմում են Նարեկի առօրյայի, զարգացման և հաջողությունների մասին։

Մերի Թոփալյան
«Դժվարություններ հիմնականում եղել են փոքր տարիքում։ Շատ դուրս չէինք գալիս Նարեկի հետ։ Ուր գնում էինք, նրան տանն էինք թողնում ինչ-որ մեկի հետ, ես նրան ոչ մի տեղ չէի կարողանում հետս տանել։ Համ վարքն էր շատ վատ, համ մարդիկ էին անհասկանալի հայացքներով նայում, երբեմն անտակտ բաներ խոսում կամ հարցեր տալիս։
Արդեն մոտ 5-6 տարի, սկսել ենք ներգրավել նրան ամեն տեղ։ Շատ աշխատանք տարանք հետը, վարքը բավականին շտկվեց, մինչ օրս էլ աշխատում ենք, ու երևի մինչ կյանքի վերջ էլ կաշխատենք։ Որովհետև եթե նրան այդպես թողնեինք, հիմա չէինք ունենա այն, ինչ ունենք»։
She has been nominated for an Academy Award, two Grammy Awards, and the Mercury Prize
Վերջին տարիներին աուտիզմի դեպքերի թվի աճը նկատելի է ամբողջ աշխարհում։ Սակայն մասնագետները նշում են, որ սա պարտադիր չի նշանակում, թե աուտիզմ ունեցող երեխաների իրական թիվն է ավելացել։ Աճը հաճախ կապված է այն փաստի հետ, որ այսօր աուտիզմի մասին ավելի շատ են տեղեկացված թե՛ բժիշկները, թե՛ ծնողները, և ախտորոշման մեթոդները դարձել են ավելի ճշգրիտ ու հասանելի։ Շատ դեպքեր, որոնք տարիներ առաջ կարող էին աննկատ մնալ կամ սխալ ախտորոշվել, այժմ ճիշտ ձևով են բացահայտվում։ Այսպիսով՝ կարելի է ասել, որ աուտիզմի դեպքերի թվի աճը հիմնականում պայմանավորված է ոչ թե հիվանդության տարածմամբ, այլ իրազեկության և ախտորոշման որակի բարձրացմամբ։
Հոգեբան, հոգեթերապևտ Օֆելյա Հարությունյանը ընդգծեց, որ վերջին տարիներին աուտիզմ ունեցող երեխաների ինտեգրումը հասարակության մեջ նկատելիորեն աճել է։ Նրա խոսքով՝ ավելի շատ ծնողներ այսօր գիտակցում են, թե որքան կարևոր է երեխային հնարավորություն տալ շփվելու, սովորելու և զարգանալու հավասար պայմաններում։ Միևնույն ժամանակ մասնագետը նշեց, որ դեռ հանդիպում են դեպքեր, երբ ծնողները փորձում են թաքցնել երեխայի աուտիզմը՝ վախենալով շրջապատի արձագանքից կամ չհասկացված վերաբերմունքից։
Հոգեբանը կարևորելով աուտիզմով երեխաների ծնողների հոգեկան առողջությունը ընդգծեց.





«Ծնողները պետք է նախապես տեղեկացնեն երեխայի շրջապատին՝ հարազատներին, դաստիարակներին կամ ուսուցիչներին, նրա առանձնահատկությունների և դժվարությունների մասին։ Նրա խոսքով՝ դա կարևոր է, որպեսզի շրջապատը կարողանա ճիշտ հասկանալ երեխայի վարքը, ցուցաբերի համբերություն և աջակցություն, ոչ թե քննադատություն կամ խուսափողական վերաբերմունք։ Նման բաց ու անկեղծ մոտեցումը նպաստում է երեխայի արագ ինտեգրմանը հասարակության մեջ և ստեղծում ավելի ընդունող ու անվտանգ միջավայր թե՛ երեխայի, թե՛ ծնողների համար»։

Օֆելյա Հարությունյան
Հոգեբան
Գայանե Վարդանյանը, որը երկար տարիներ աշխատում է ներառական խմբերի երեխաների հետ, ևս կարևորեց ներառական խնդիրներով երեխաների ինտեգրումը հասարակության մեջ։ Նրա խոսքով՝ ամենակարևոր քայլերից մեկը շրջապատի՝ հատկապես հասակակիցների, տեղեկացվածությունն ու ճիշտ վերաբերմունքն է։
«Ադապտացիոն փուլը յուրաքանչյուր երեխայի համար անհատական է և չի կարելի կոնկրետ ժամանակ սահմանել։ Որոշ երեխաներ կարող են առհասարակ չցանկանալ դպրոց գալ և հորինել տարբեր պատճառներ՝ գլխացավ, փորացավ կամ այլ հիմնավորումներ։ Այս դեպքում կարևոր է հաշվի առնել երեխայի տարիքային առանձնահատկությունները և հասկանալ, արդյոք նրա վարքը խնդրից է գալիս, թե հնարավոր մանիպուլյացիա է։ Ծնողը պետք է ակտիվ համագործակցի դպրոցի հետ, զրուցի ուսուցչի հետ և հասկանա, թե ինչպես է երեխան դրսևորում իրեն դասարանում և միջավայրում։ Անհրաժեշտության դեպքում երեխայի համար կազմակերպվում է աշխատանք հոգեբանի հետ, որպեսզի հեշտացվի հարմարվող փուլը և աջակցվի նրա հուզական ու սոցիալական զարգացմանը»։

Գայանե Վարդանյան
Մանկավարժ
Աուտիզմը ոչ թե դատավճիռ է, այլ առանձնահատկություն, որը պահանջում է ճիշտ մոտեցում և աջակցող միջավայր։ Ճիշտ տեղեկատվությունն ու հասարակության իրազեկվածությունը, ծնողների և մասնագետների համագործակցությունը, ինչպես նաև երեխայի ինտեգրումը դպրոցում ու սոցիալական միջավայրում մեծապես նպաստում են նրա զարգացմանը և ինքնավստահության ձևավորմանը։ Կարևոր է, որ ընտանիքը հոգ տանի և իր հոգեկան առողջությունն ամրապնդի, իսկ հասարակությունը՝ ընդունի տարբերությունը։

ԵՐԲ խոսում են ՊԱՏԿԵՐՆԵՐը


Երբեմն մեկ պատկերն ասում է ավելին, քան հարյուր բառը...(Ֆրեդ Բարնարդ)

ԿՈՄԻՔՍ, ԵՐԳԻԾԱՆԿԱՐ, ՊԱՏԿԵՐԱՊԱՏՈՒՄ. ԱՐԴՅՈ՞Ք ՆՈՒՅՆՆ ԵՆ

Ոչ, նույնը չեն: Արվեստի այս երեք ժանրերն էլ հումորի տեսակներ են, որոնք օգտագործում են չափազանցություն և հեգնանք փոխանցելու, մարդկանց, հասարակակակն արատները, քաղաքական խնդիրները քննադատելու համար։

Կոմիքսը մի քանի նկարով՝ հստակ սյուժեով, ներկայացված պատմություն է, որտեղ ներառված է նաև տեքստ։

Երգիծանկարը մեկ նկարով ներկայացված պատմություն է, որի հիմնական նպատակը հումորով քննադատելն է: Այն ավելի շատ քաղաքական թեմաներով է։

Ստեղծագործական պատկերապատումը (գրաֆիկական նովելը), ինչպես ասում է լրագրող Նունե Հախվերդյանը, «Կոմիքսների ավելի ծավալուն տեսակն է և դրանք ոճական առումով իրար շատ նման են»:

Նկարները՝ երգիծանկարիչ Վրեժ Քասունու instagram-յան էջից

Արվեստի այս երեք ժանրերը կազմում են լրատվության մաս և թույլ են տալիս ավելի ընկալելի և հետաքրքիր ձևով ներկայացնել նորությունները, բարդ թեմաները, հասարակական հարցերն ու խնդիրները։


Քանի որ դրանք կարճ են և հեշտ ընկալելի, հնարավորություն են տալիս լուսաբանել սոցիալական խնդիրները, կոռուպցիան, քաղաքական իրադարձությունները, միջազգային կոնֆլիկտները՝ պատկերավոր և համառոտ։

ԿՈՄԻՔՍ

Նկարը՝ telegraph.co.uk-ից

Ի՞նչ է կոմիքսը


Կոմիքս բառը ծագում է անգլերեն «comics» բառից, որը նշանակում է ծիծաղելի կամ հումորային բնույթի պատկերազարդ պատմություն։
Առաջին «comic strips»-ները (պատկերաշար, կոմիքսաշար) ստեղծվել են 19-րդ դ․ վերջից 20-րդ դ․ սկիզբն ընկած ժամանակահատվածում։
Որոշ երկրներում կոմիքսները նույնիսկ հատուկ անվանում ունեն. Ֆրանսիայում դրանց անվանում են «bande dessinée», իսկ Ճապոնիայում՝ «manga»:
Որոշ կոմիքսագետներ կոմիքսները համարում են պատկերավոր, հստակ կառուցվածքով արտահայտչամիջոց։ Ցանկացած կոմիքս զարգանում է կարևոր գործողությունների հերթականությամբ՝ կոնֆլիկտից դեպի հանգուցալուծում՝ առանց ավելորդ մանրամասների և նկարագրությունների, նկարների միջոցով: Օրինակ, ըստ գրող և կոմիքսագետ Քրիս Գավալերի, «Ցանկացած արվեստի գործ, որը բաժանվում է երկու կամ ավելի կողք կողքի պատկերների, ֆորմալ առումով կոմիքս է...»։
Թիերի Գրոնստենը, որը համարվում է Եվրոպայի առաջատար պատմաբաններից և կոմիքսների տեսաբաններից, ասում է․ «Կոմիքսը տեսողական լեզվով գրված սոցիալական օբյեկտ է, որը համակցվում է տեքստի հետ»։
Կոմիքսներն իրենց ժամանակակից տեսքն ընդունել են 19-րդ դարի կեսից, երբ Եվրոպացի նկարիչ Ռուդոլֆ Թոփֆերը սկսեց ամպիկներ նկարել և երկխոսություններ գրել։
Որոշ կոմիքսներ այնքան հայտնի են դառնում, որ նույնիսկ ասոցացվում են տարբեր երևույթների կամ օբյեկտների հետ:
«Դեղին գիշերաշապիկով պատանին». կոմիքս, որը դարձավ «դեղին մամուլ»-ի խորհրդանիշ

«New York World» և «New York Journal» թերթերի էջերում հրապարակվող կոմիքսի կերպարը՝ «The Yellow Kid»-ը (դեղին գիշերաշապիկով պատանին), դարձավ այս և նմանատիպ հրատարակությունների խորհրդանիշը, որոնք ստացան «դեղին մամուլ» անվանումը: Ջ․ Պուլիտցերն ու Ու․ Հերսթն իրենց պարբերականներում օգտագործում էին Ռիչարդ Ֆելթոն Օութկոլթի 1895թ․ ստեղծված «The Yellow Kid» կատակերգական մուլտսերիալի հերոս՝ չարաճճի, վառ դեղին գիշերաշապիկով երեխայի կոմիքսը։

«Դեղին» լրագրության շրջանի տարբեր տեխնիկաներ լայն տարածում են գտնում ամբողջ աշխարհում. ինչպես՝ գովազդային վերնագրերը, գունավոր կոմիքսները և առատ պատկերազարդումները:


Նկարը՝ britannica.com-ից


Լուսանկարը՝ artbox.am-ից

Ժամանակակից կոմիքս-նկարիչ Հայաստանում. Շամիրամ Խաչատրյան

Շ․ Խաչատրյանը ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի առաջին կոմիքսների հիմնադիրն է։ «Կոմիքսները նորություն տարածելու միջոց են, որոնք համատեղում են տեքստն ու գրաֆիկան։ Այս ձևաչափը օգնում է երկար, բարդ լուրերն ավելի հասկանալի, հետաքրքիր և գրավիչ դարձնել»,-նշում է Շ․ Խաչատրյանը:

Հայաստանում կոմիքսների ժանրը վերածվում է ոչ միայն քաղաքական և սոցիալական քննադատության հարթակի, այլև ազգային ինքնության ու մշակույթի ներկայացման միջոցի։ «Հայ երիտասարդ կոմիքս-նկարիչները ձգտում են նոր շունչ հաղորդել հայկական հերոսապատումներին: Դրանք ներկայացնում են ժամանակակից ընթերցողին հասանելի և գրավիչ՝ հնարավորություն տալով լսարանին ոգեշնչվել ոչ թե Marvel-ի և Naruto-ի հերոսներից, այլև մեր առասպելներից, «Սասունցի Դավիթ» էպոսից և այլն», ասում է Շ․Խաչատրյանը։

Կոմիքս-նկարիչ Շամիրամ Խաչատրյան

ԵՐԳԻԾԱՆԿԱՐ

Նկարը՝ tcj.com-ից

Ի՞նչ է երգիծանկարը


Երգիծանկարը մեկ նկարով, կատակերգականորեն աղավաղված նկար կամ ներկայացված պատմություն է, որի հիմնական նպատակը հումորով քննադատելն ու ծաղրելն է:
Այն ավելի շատ հանդիպում է քաղաքական թեմաներով։
Երգիծանկար բառը ծագում է Իտալերեն «caricare» բառից (չափազանցված մանրամասներով)։
Սովորաբար, առարկայի որևէ ակնառու առանձնահատկություն կամ բնութագիր օգտագործվում և չափազանցվում է մարդու մարմնի մասերով կամ անալոգիա է արվում կենդանիների գործողությունների հետ:


Լուսանկարը՝ Վ․ Քասունու անձնական արխիվից

Ժամանակակից հայ երգիծանկարիչ. Վրեժ Քասունի


Վրեժ Քասունին ծնվել է 1971թ.-ին, Հալեպի հայկական թաղամասերից մեկում: 17 տարեկանում Վ. Քասունին որոշում է, որ իր տեղն արվեստն է և ընդունվում է Հալեպում և Մերձավոր Արևելքում հայտնի Սարյան ակադեմիա, որտեղ սովորում է մինչև 1996թ.-ը: Ակադեմիան ավարտելով՝ 1996 թ.-ին մեկնում է Քուվեյթ` հեղինակավոր «Opinion» թերթում աշխատելու որպես քաղաքական էջի գլխավոր երգիծանկարիչ: Աշխատակցել է նաև բրիտականան հեղինակավոր «One, Two, Three» հրատարակչատանը: Վերադառնալով Հայաստան՝ 2009թ.-ին նախաձեռնում է «ՌեԱնիմանիա» փառատոնը:

ԻՆՉՈ՞Ւ ԵՐԳԻԾԱՆԿԱՐ ՈՉ ԹԵ ԾԱՂՐԱՆԿԱՐ
Երգիծանկարչությունն ավելի լայն երևույթ է, քան պարզապես ծաղրանկարչությունը․․․

Երգիծանկարչությունը շատերի համար պարզապես ծաղր է, սակայն մասնագետներն այն դիտարկում են որպես խորքային արվեստի ճյուղ։
Երգիծանկարիչ Վրեժ Քասունու խոսքով՝ երգիծանկարչությունը միայն ծաղր չէ։ Այս արվեստը ներառում է հումոր, հեգնանք, փիլիսոփայություն, հասարակական քննադատություն և ծաղրանք՝ ձևավորելով յուրահատուկ լեզու՝ մարդկանց և երևույթների մասին խոսելու համար։ «Շատերը շփոթում և ծաղրանկարչություն են ասում, բայց դա ծաղրանկարչություն չէ, այլ երգիծանկարչություն է, և ծաղրանկարն ընդամենը մի մասնիկ է այդ արվեստի մեջ», – ասում է Վ. Քասունին։

Երգիծանկարիչ Վրեժ Քասունի

ՊԱՏԿԵՐԱՊԱՏՈՒՄ
(գրաֆիկական նովել)
Պատրկերապատումը (գրաֆիկական նովելը) պատմություն է՝ կոմիքսների ձևաչափով և նման է գրքի, որտեղ արվեստը հավասար կամ ավելի մեծ կարևորություն ունի, քան տեքստը։ Գեղարվեստական, ոչ գեղարվեստական կենսագրությունները և հուշագրությունները կարող են համարվել գրաֆիկական նովելներ, եթե հրատարակվում են գրքի տեսքով և ներկայացվում են հաջորդական պատկերների միջոցով:
Շատերի համար «կոմիքս» բառը նշանակում է մանկական պարբերական, որը հրատարակվում է շաբաթական կամ ամսական պարբերականությամբ։ Ի տարբերություն դրա, գրաֆիկական նովելը սովորաբար ընկալվում է որպես հասուն լսարանի համար նախատեսված երկար կոմիքսային պատմություն։ Սակայն այս տարբերակումները որոշ չափով կեղծ են, քանի որ կոմիքսները հանդիպում են բոլոր ձևերում և ձևաչափերում, գրավում են տարբեր խմբերին և տարիքային խմբերին, և ընդգրկում են ժանրերի և ոճերի հսկայական բազմազանություն։
ԿՈՄԻՔՍԸ, ԵՐԳԻԾԱՆԿԱՐՆ ՈՒ ՊԱՏԿԵՐԱՊԱՏՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԿԱԿԱՆ ՄԱՄՈՒԼԸ

Հայկական մեդիաներն իրենց կոմիքսներով, երգիծանկարներով և պատկերապատումներով այնքան հայտնի չեն, որքան միջազգային լրատվամիջոցները: Սակայն, տարբեր ժամանակաշրջաններում կիրառվել և սիրված են եղել դրանց տարբեր օրինակներ։ Հայկական և հայաստանյան մեդիայում այս ժանրերի դրսևորումները պայմանականորեն կարելի է բաժանել պատմական զարգացման երեք փուլերի՝ սկսած 19-րդ դարից մինչև մեր օրերը։