Իրանցի շատ միգրանտների համար Երևանը պարզապես նոր հասցե չէ։ Այն քաղաք է, որտեղ նրանք կարող են սովորել, աշխատել, մասնակցել մշակութային կյանքին և օգտվել ավելի ազատ հասարակական միջավայրից։
Տասնամյակներ շարունակ Իրանում բազմաթիվ քաղաքացիներ պայքարել են ավելի մեծ քաղաքական և քաղաքացիական ազատությունների համար։ Հատկապես վերջին տարիներին տեղի ունեցած բողոքի շարժումները հաճախ ուղեկցվել են խիստ ճնշումներով, ձերբակալություններով և հետապնդումներով, ինչի հետևանքով շատ իրանցիներ ժամանակավորապես կամ մշտապես լքել են երկիրը։
Այս համատեքստում Հայաստանը, և հատկապես Երևանը, դարձել է իրանցիների համար ամենամոտ և հասանելի ուղղություններից մեկը՝ շնորհիվ աշխարհագրական մոտության, համեմատաբար հեշտ մուտքի պայմանների, կրթական հնարավորությունների, մշակութային կյանքի և ազատ հասարակական միջավայրի։
Շատ իրանցիներ տարիներ շարունակ այցելել են Երևան՝ հանգստի, համերգների, ուսման կամ աշխատանքի նպատակներով, իսկ քաղաքական ճգնաժամերի և պատերազմական լարվածության ժամանակ նրանց մի մասը ընտրել է Հայաստանը որպես ժամանակավոր ապաստան։
Ամետիսի պատմությունը բազմաթիվ օրինակներից մեկն է, երբ Հայաստան տեղափոխվելը մարդկանց համար դառնում է ոչ միայն բնակության փոփոխություն, այլ նաև նոր սոցիալական միջավայրի ու ազատության տարբեր փորձառությունների բացահայտում՝ սկսած առօրյա շփումներից մինչև հանրային կյանք։
Ամետիսը, ով արդեն մանկությունից բնակվում է Հայաստանում, հիշում է իր առաջին տարիները որպես մշակութային բացահայտումների ժամանակաշրջան՝ երբ դպրոցական միջավայրում առաջին անգամ տեսավ տղաների և աղջիկների համատեղ ուսումը։
Նրա համար ամենամեծ փոփոխությունը կապված էր ազատ ինքնարտահայտման հետ։ «Իմ երկրում կանանց համար պարը սահմանափակված է, և դա կարող է հետևանքներ ունենալ։ Այստեղ ես առաջին անգամ զգացի, որ կարող եմ ազատ պարել ու չվախենալ»,- ընդգծում է նա։
Վերջին իրադարձությունների ֆոնին Երևանում ձևավորվել է իրանցի ակտիվիստների փոքր համայնք, որը տարբեր առիթներով կազմակերպում է բողոքի ակցիաներ և հանրային հավաքներ՝ ուշադրություն հրավիրելով Իրանում մարդու իրավունքների խախտումների և քաղաքական ճնշումների վրա։ Նրանց համար Երևանը դարձել է այն հազվադեպ տարածքներից մեկը, որտեղ հնարավոր է բարձրաձայնել այն խնդիրները, որոնք իրենց երկրում հաճախ մնում են ճնշված կամ սահմանափակված։
Երևանը այսօր պատմությունների խաչմերուկ է․ այստեղ ոչինչ միակողմանի չէ։ Մարդիկ գալիս են, մնում, պայքարում, հարմարվում ու շարունակում իրենց ճանապարհը նույն քաղաքում, որը այդ ընթացքում նույնպես փոխվում է նրանց հետ միասին։