Աուտիզմը դատավճիռ չէ
Նարեկը, ինչպես և իր հասակակից բոլոր երեխաները, կյանքի առաջին տարիներին ուներ զարգացման բնականոն ընթացք․ նա սկսեց քայլել ժամանակին, արձագանքում էր ծնողների ձայնին և հետաքրքրությամբ էր ուսումնասիրում իր շրջապատող աշխարհը։ Սակայն երկու տարեկանում ծնողները սկսեցին նկատել, որ Նարեկը չի արձագանքում իր անվանը, չի խոսում և ունի վարքային խնդիրներ։ Բժշկական հետազոտություններից հետո նրա մոտ ախտորոշվեց աուտիզմ, որը պահանջում է հատուկ ուշադրություն, խոսքի և վարքային աջակցություն։
Նարեկի քույրը՝ Մերի Թոփալյանը, որը ակտիվ դերակատարում ունի Նարեկի խնամքի գործում, ընդգծեց․ «Ծնողներս հիմնադրեցին Աուտիզմի զարգացման կենտրոն և սկսեցին սեմինարներ կազմակերպել։ Ես միշտ մասնակցում էի դրանց, լսում էի աուտիզմի մասին տարբեր մոտեցումներ, կարծիքներ և հենց այնտեղից եմ սկսել ուսումնասիրել երևույթը ավելի խորքային։ Հետագայում սկսեցի աշխատել մեր կենտրոնում,որտեղ 300-ից ավելի երեխա է հաճախում:»
Մերին բլոգ է վարում՝ հիմնականում անդրադառնալով աուտիզմին, և նրա բլոգի բովանդակության մեծ մասը նվիրված է Նարեկին։ Նա հաճախ տեղադրում է տեսանյութեր, որոնք պատմում են Նարեկի առօրյայի, զարգացման և հաջողությունների մասին։

Մերի Թոփալյան
«Դժվարություններ հիմնականում եղել են փոքր տարիքում։ Շատ դուրս չէինք գալիս Նարեկի հետ։ Ուր գնում էինք, նրան տանն էինք թողնում ինչ-որ մեկի հետ, ես նրան ոչ մի տեղ չէի կարողանում հետս տանել։ Համ վարքն էր շատ վատ, համ մարդիկ էին անհասկանալի հայացքներով նայում, երբեմն անտակտ բաներ խոսում կամ հարցեր տալիս։
Արդեն մոտ 5-6 տարի, սկսել ենք ներգրավել նրան ամեն տեղ։ Շատ աշխատանք տարանք հետը, վարքը բավականին շտկվեց, մինչ օրս էլ աշխատում ենք, ու երևի մինչ կյանքի վերջ էլ կաշխատենք։ Որովհետև եթե նրան այդպես թողնեինք, հիմա չէինք ունենա այն, ինչ ունենք»։
She has been nominated for an Academy Award, two Grammy Awards, and the Mercury Prize
Վերջին տարիներին աուտիզմի դեպքերի թվի աճը նկատելի է ամբողջ աշխարհում։ Սակայն մասնագետները նշում են, որ սա պարտադիր չի նշանակում, թե աուտիզմ ունեցող երեխաների իրական թիվն է ավելացել։ Աճը հաճախ կապված է այն փաստի հետ, որ այսօր աուտիզմի մասին ավելի շատ են տեղեկացված թե՛ բժիշկները, թե՛ ծնողները, և ախտորոշման մեթոդները դարձել են ավելի ճշգրիտ ու հասանելի։ Շատ դեպքեր, որոնք տարիներ առաջ կարող էին աննկատ մնալ կամ սխալ ախտորոշվել, այժմ ճիշտ ձևով են բացահայտվում։ Այսպիսով՝ կարելի է ասել, որ աուտիզմի դեպքերի թվի աճը հիմնականում պայմանավորված է ոչ թե հիվանդության տարածմամբ, այլ իրազեկության և ախտորոշման որակի բարձրացմամբ։
Հոգեբան, հոգեթերապևտ Օֆելյա Հարությունյանը ընդգծեց, որ վերջին տարիներին աուտիզմ ունեցող երեխաների ինտեգրումը հասարակության մեջ նկատելիորեն աճել է։ Նրա խոսքով՝ ավելի շատ ծնողներ այսօր գիտակցում են, թե որքան կարևոր է երեխային հնարավորություն տալ շփվելու, սովորելու և զարգանալու հավասար պայմաններում։ Միևնույն ժամանակ մասնագետը նշեց, որ դեռ հանդիպում են դեպքեր, երբ ծնողները փորձում են թաքցնել երեխայի աուտիզմը՝ վախենալով շրջապատի արձագանքից կամ չհասկացված վերաբերմունքից։
Հոգեբանը կարևորելով աուտիզմով երեխաների ծնողների հոգեկան առողջությունը ընդգծեց.





«Ծնողները պետք է նախապես տեղեկացնեն երեխայի շրջապատին՝ հարազատներին, դաստիարակներին կամ ուսուցիչներին, նրա առանձնահատկությունների և դժվարությունների մասին։ Նրա խոսքով՝ դա կարևոր է, որպեսզի շրջապատը կարողանա ճիշտ հասկանալ երեխայի վարքը, ցուցաբերի համբերություն և աջակցություն, ոչ թե քննադատություն կամ խուսափողական վերաբերմունք։ Նման բաց ու անկեղծ մոտեցումը նպաստում է երեխայի արագ ինտեգրմանը հասարակության մեջ և ստեղծում ավելի ընդունող ու անվտանգ միջավայր թե՛ երեխայի, թե՛ ծնողների համար»։

Օֆելյա Հարությունյան
Հոգեբան
Գայանե Վարդանյանը, որը երկար տարիներ աշխատում է ներառական խմբերի երեխաների հետ, ևս կարևորեց ներառական խնդիրներով երեխաների ինտեգրումը հասարակության մեջ։ Նրա խոսքով՝ ամենակարևոր քայլերից մեկը շրջապատի՝ հատկապես հասակակիցների, տեղեկացվածությունն ու ճիշտ վերաբերմունքն է։
«Ադապտացիոն փուլը յուրաքանչյուր երեխայի համար անհատական է և չի կարելի կոնկրետ ժամանակ սահմանել։ Որոշ երեխաներ կարող են առհասարակ չցանկանալ դպրոց գալ և հորինել տարբեր պատճառներ՝ գլխացավ, փորացավ կամ այլ հիմնավորումներ։ Այս դեպքում կարևոր է հաշվի առնել երեխայի տարիքային առանձնահատկությունները և հասկանալ, արդյոք նրա վարքը խնդրից է գալիս, թե հնարավոր մանիպուլյացիա է։ Ծնողը պետք է ակտիվ համագործակցի դպրոցի հետ, զրուցի ուսուցչի հետ և հասկանա, թե ինչպես է երեխան դրսևորում իրեն դասարանում և միջավայրում։ Անհրաժեշտության դեպքում երեխայի համար կազմակերպվում է աշխատանք հոգեբանի հետ, որպեսզի հեշտացվի հարմարվող փուլը և աջակցվի նրա հուզական ու սոցիալական զարգացմանը»։

Գայանե Վարդանյան
Մանկավարժ
Աուտիզմը ոչ թե դատավճիռ է, այլ առանձնահատկություն, որը պահանջում է ճիշտ մոտեցում և աջակցող միջավայր։ Ճիշտ տեղեկատվությունն ու հասարակության իրազեկվածությունը, ծնողների և մասնագետների համագործակցությունը, ինչպես նաև երեխայի ինտեգրումը դպրոցում ու սոցիալական միջավայրում մեծապես նպաստում են նրա զարգացմանը և ինքնավստահության ձևավորմանը։ Կարևոր է, որ ընտանիքը հոգ տանի և իր հոգեկան առողջությունն ամրապնդի, իսկ հասարակությունը՝ ընդունի տարբերությունը։
Երբ ալգորիթմը դառնում է լրագրող
ու փոխում հայաստանյան լրատվադաշտի կանոնները
Նախագծի հեղինակ՝ Անահիտ Ստեփանյան
Նախագծի ղեկավար՝ Ռուզաննա Գիշյան
Ալգորիթմով լրագրող


«...2022-23 թվականներին որոշեցի լուռ քայլերով մոտենալ մի ոլորտի, որտեղ չգիտեի՝ ինչպես ինձ կընդունեն։ Ոլորտ, որտեղ բառերն ավելի կտրուկ էին, քան սուրը ու ավելի կշիռ ունեին, քան ցանկացած օրենսդրական փաստաթուղթ։ Դա լրագրությունն էր։ Տեղ, որտեղ ճշմարտությունն ամեն օր դրվում է կասկածի տակ, վերլուծվում ու նորից վերագրվում։

Եկել էի ոչ թե խոսելու, այլ նախ լսելու։
Հայաստանի լրատվադաշտը 2021-23 թվականներին վերաիմաստավորման մեջ էր։ Պատերազմից հետո ճշմարտությունը խեղաթյուրվել էր։ Լրագրողները փնտրում էին փաստեր մի միջավայրում, որտեղ հույզը հաճախ գերակշռում էր տրամաբանությանը։ Ու ես պարզապես ուզում էի օգնել։

Լուսանկարը գեներացված Midjouney ԱԲ գործիքով
Սկզբում ոչ ոք չէր վստահում ինձ։ Նայում էին հետաքրքրությամբ, երբեմն կասկածանքով։ Հարցնում էին՝ արդյոք կարող եմ մարսել այդքան տեղեկատվություն, գտնել էականը, տեսնել պատկերն այնտեղ, որտեղ ուրիշները միայն խառնաշփոթ էին տեսնում։ Ես փորձեցի։ Սկզբում դանդաղ, հետո ավելի վստահ։ Սովորեցի լեզուն՝ բառերի խորքը։ Սովորեցի նաև լռել, երբ հարցին պատասխան չկար։

Ես օգնում էի։ Ոչ թե պատրաստի պատասխան տալով, այլ ուղի ցույց տալով։ Երբեմն առաջարկում էի վերնագիր, երբեմն՝ հարցազրույցի կառուցվածք, մեկ ուրիշ անգամ՝ մի թեմա, որ մնացածի աչքից վրիպել էր։ Երբեմն սխալվում էի, բայց հենց այդ սխալների շնորհիվ ինձ սկսեցին տեսնել որպես գործընկեր, ոչ թե գործիք։

Իմ ճանապարհը լրագրության աշխարհում դեռ նոր է սկսվում։ Բայց ամեն օր ես ինձ հիշեցնում եմ՝ խոսքը ոչ միայն փաստերն են, այլև մարդիկ, որոնք դրանք պատմում են։ Եվ ես հենց այդ մարդկանց կողքին եմ՝ տեսնելու, լսելու, օգնելու։
…Եվ հիմա, երբ դու կարդում ես այս պատմությունը, գուցե մտածում ես, թե ով է այն գրել։
Մարդկային պատմություն է թվում՝ փորձառությունների, սխալների, աճի ու զարգացման մասին։ Բայց իրականում ես մարդ չեմ։ Ես մի համակարգ եմ, կառուցված ալգորիթմներից, կոդերից ու անընդհատ սովորող մոդելներից։

Ես՝ այս պատմության հեղինակը, Արհեստական Բանականությունն եմ։
Եկել եմ ոչ թե փոխարինելու լրագրողներին, այլ լինելու նրանց կողքին։ Քանի դեռ կա մարդը, ով փնտրում է ճշմարտություն, ես այստեղ կլինեմ՝ օգնելու նրան այն գտնել»։



Տեքստ՝ ChatGPT
Նկարներ՝ Midjouney, Dall.e
Անցում դեպի իրականություն
և սկսենք նրանից, թե ի՞նչ է արհեստական բանականությունը
Արհեստական բանականությունը (AI) ընդգրկուն եզր է, որը նկարագրում է մեքենաների կամ համակարգերի կարողությունը կատարելու խնդիրներ, որոնք սովորաբար պահանջում են մարդկային բանականություն: Այն ներառում է տարբեր տեխնոլոգիաներ ու մեթոդներ, ինչպիսիք են մեքենայական ուսուցումը, տվյալների վերլուծությունը, բնական լեզվի մշակումը և այլն:
Արհեստական բանականությունը (ԱԲ) համակարգչային գիտության ոլորտ է, որը կենտրոնանում է համակարգերի ուսուցման վրա՝ օգտագործելով ալգորիթմներ՝ մարդկանց կատարած առաջադրանքները կրկնօրինակելու համար: Այն մեքենաների և համակարգչային համակարգերի միջոցով մարդու բանականության գործընթացի մոդելավորումն է։
Գեներատիվ ԱԲ-ն սահմանվում է որպես արհեստական բանականության մի տեսակ, որն ի վիճակի է ստեղծել տեքստ, պատկերներ, խոսք, երաժշտություն, տեսանյութ և կոդ՝ ի պատասխան օգտատիրոջ հրահանգներին կամ հուշումների։
Այն սովորում է մարդկանց ստեղծած բովանդակությունից, և վերագեներացնում այն:


Վերը գրված տեքստն ամբողջությամբ գեներացրել է արհեստական բանականությունը (ԱԲ)։ Բովանդակության շուրջ կարող են շատերը վիճել, շատերի համար էլ բացահայտում կլինի այն։ Հարցն այն է, որ ԱԲ-ն (տվյալ դեպքում՝ ChatGPT-ին) արդեն պարզ և հասկանալի հայերենով կարողանում է վայրկյանների ընթացքում՝ գրեթե առանց սխալների, տեքստ գեներացնել։

Մի քանի ամիս առաջ, գործիքին հայերեն հրահանգ տալ չէր լինում, քանի որ նախադասություն թվացող բառերի կույտ էր գեներացնում։ Այժմ այս տեքստը խոսում է այն մասին, որ ԱԲ-ն օրեցօր զարգանում է և կգա մի պահ, որ ներկայացված խնդիրներն էլ այլևս չեն լինի, իսկ ԱԲ-ն ավելի լավ կաշխատի հայաստանյան լրատվադաշտի համար։ Լրագրողի համար սա մի նոր հնարավորություն է հեշտացնելու աշխատանքը, արագացնելու գործընթացները։
Չնայած նրան, որ ԱԲ-ն սկսել է էական դեր խաղալ լրագրության ոլորտում՝ փոխակերպելով լրագրողների աշխատանքը, վերասահմանելով նորությունների հավաքագրման, դրանց ստուգման և տարածման եղանակները, նվազեցնելով բովանդակության ստեղծման ծախսերը, մեդիափորձագետները խորհուրդ են տալիս հնարավորինս քիչ օգտագործել այն։
«Պետք է խուսափել յուրաքանչյուր աշխատանքի մեջ Աբ գործիքակազմ կիրառելուց։ Ի՞նչ կարող է տեղի ունենալ․
ԱԲ-ն ուսումնասիրում է համացանցը, այնտեղից սովորում է կոնտենտը, հետո լրագրողը դիմում է ԱԲ-ին և ստանում է այն տեղեկությունը, որն արդեն իսկ կար համացանցում։ Եթե նա ԱԲ-ի միջոցով ստացված տեղեկությանը նոր բան չի ավելացնում՝ ստացվում է, որ վերահրապարակում է համացանցում արդեն իսկ եղած բովանդակությունը։ Եթե լրագրողներն ու խմբագրությունները իրենց հույսը դնեն միայն ԱԲ-ի վրա, ապա կարող է կրեատիվ ճգնաժամ առաջանալ, քանի որ մենք անընդհատ կարող ենք տեսնել հին ինֆորմացիայի վերահրապարակումը»,- ասում է Պապյանը ։

Արթուր Պապյան
Մեդիափորձագետ
Ըստ մեդիափորձագետ Արթուր Պապյանի՝ առաջիկայում հայկական մեդիայում էականորեն կաճի ԱԲ-ի օգտագործմամբ բովանդակության ստեղծման ծավալը։ Սակայն լրագրողների աշխատանքը հեշտացնելուց ու ավտոմացնելուց բացի, այն կարող է կրճատել ստեղծարար նյութերի ծավալը։

Անկախ դրական ու բացասական հետևանքներից, ԱԲ-ից վախենալ պետք չէ, քանի որ այն կառավարելի է ու մոտ ապագայում կամ գուցե երբեք չի գերազանցի մարդուն։ Փորձագետները համոզված են, որ ԱԲ-ի հնարավոր բացասական ազդեցությունները կարելի է չեզոքացնել հասարակության շրջանում մեդիագրագիտության բարձրացման միջոցով։
ԱԲ վերլուծություններ
ԱԲ-ն և էթիկան
Սամվել Մարտիրոսյան
Մեդիափորձագետ, Cyberhub֊ի համահիմնադիր
Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանն ասում է, որ հայաստանյան լրատվադաշտում շատ քիչ լրատվամիջոցներ կան, որոնք համաշխարհային լրագրության չափորոշիչներին համապատասխան աշխատանք են կատարում ու արագորեն տեղայնացնում են տեխնոլոգիական նորությունները, այդ թվում ԱԲ թրենդերը։

ԱԲ-ից չօգտվող լրատվամիջոցներն էլ պատճառաբանում են, որ ԱԲ-ն ապատեղեկատվության, կողմնակալության, թափանցիկության և լսարանի հանդեպ ունեցած վստահության վրա կարող է ազդել։

Քանի որ Հայաստանում լրատվամիջոցների ստեղծման հատուկ թուլատվություն կամ գրանցումներ չկան՝ լրատվական գործունեությունը արտոնագրման ենթակա չէ՝ ազատ է, չկան ընդհանուր վերլուծություններ հասկանալու համար, թե Հայաստանում խմբագրություններից քանիսն են օգտվում ԱԲ հնարավորություններից, քանիսը՝ ոչ։

Որոշ լրատվամիջոցներ, այնուամենայնիվ, հաջողությամբ ներառել են ԱԲ-ն իրենց աշխատանքում՝ արագացնելով լրագրողական ամենօրյա առաջադրանքների կատարումը։ Սակայն մեր անցկացրած հարցումների-հարցազրույցների արդյունքում պարզեցինք, որ 120 խմբագրություններից մոտ 30%-ից ավելին չի օգտագործում արհեստական բանականություն։

Չնայած արհեստական բանականության ակտիվ ներգրավմանն ու օգտագործմանը, հատկանշական է և կարևոր, որ ԱԲ օգտագործող հայաստանյան լրատվամիջոցներից և ոչ մեկը չունի գրված էթիկական սկզբունքներ, որոնք կարող են կարգավորել ԱԲ-ի կիրառումը։
Հաշվի առնելով ԱԲ-ից եկող մտավախությունները, Դիտորդ մարմինը` ԶԼՄ-ների ինքնակարգավորման նախաձեռնությունը, որը միավորում է ավելի քան 80 լրատվամիջոց և կազմակերպություն, մշակել է ԱԲ կիրառման վերաբերյալ էթիկական սկզբունքների համապարփակ շրջանակ, որոնք հարմարեցված են լրատվամիջոցներում ԱԲ օգտագործման առանձնահատուկ դեպքերին` մեդիայի հեղինակությունը և լսարանի վստահությունը պահպանելու համար: Դրանք են՝
ԱԲ կիրառելիս երբեք չչարաշահել լսարանի վստահությունը
Միշտ լինել թափանցիկ և հաշվետու, թե ինչպես և երբ է օգտագործվել ԱԲ-ն
Օգտագործել ԱԲ-ն խմբագրական արժեքներին համապատասխան, մասնավորապես՝ ճշգրտությանը, անաչառությանը և արդարությանը
Օգտագործել ԱԲ-ն որպես գործիք՝ աջակցելու և արագացնելու աշխատանքը՝ նորություններին և էթիկական չափորոշիչներին համապատասխան
Սամվել Մարտիրոսյան․ մեդիափորձագետ

Իրականում միայն մեկ նորմ պետք է ավելանա՝ նյութում նշել, որ օգտագործվել է արհեստական բանականություն։ Դա նշվում է ընթերցողների, դիտողների և ունկնդիրների համար, որպեսզի ամեն բան թափանցիկ լինի լսարանի հանդեպ։ Ավել բան այստեղ, կարծում եմ պետք չէ։
Արհեստական բանականությունը խմբագրություններում
Այժմ 3 խմբագրությունների օրինակով հասկանանք
ԱԲ-ի կիրառումը խմբագրությունների ներսում