Աուտիզմը դատավճիռ չէ
Նարեկը, ինչպես և իր հասակակից բոլոր երեխաները, կյանքի առաջին տարիներին ուներ զարգացման բնականոն ընթացք․ նա սկսեց քայլել ժամանակին, արձագանքում էր ծնողների ձայնին և հետաքրքրությամբ էր ուսումնասիրում իր շրջապատող աշխարհը։ Սակայն երկու տարեկանում ծնողները սկսեցին նկատել, որ Նարեկը չի արձագանքում իր անվանը, չի խոսում և ունի վարքային խնդիրներ։ Բժշկական հետազոտություններից հետո նրա մոտ ախտորոշվեց աուտիզմ, որը պահանջում է հատուկ ուշադրություն, խոսքի և վարքային աջակցություն։
Նարեկի քույրը՝ Մերի Թոփալյանը, որը ակտիվ դերակատարում ունի Նարեկի խնամքի գործում, ընդգծեց․ «Ծնողներս հիմնադրեցին Աուտիզմի զարգացման կենտրոն և սկսեցին սեմինարներ կազմակերպել։ Ես միշտ մասնակցում էի դրանց, լսում էի աուտիզմի մասին տարբեր մոտեցումներ, կարծիքներ և հենց այնտեղից եմ սկսել ուսումնասիրել երևույթը ավելի խորքային։ Հետագայում սկսեցի աշխատել մեր կենտրոնում,որտեղ 300-ից ավելի երեխա է հաճախում:»
Մերին բլոգ է վարում՝ հիմնականում անդրադառնալով աուտիզմին, և նրա բլոգի բովանդակության մեծ մասը նվիրված է Նարեկին։ Նա հաճախ տեղադրում է տեսանյութեր, որոնք պատմում են Նարեկի առօրյայի, զարգացման և հաջողությունների մասին։

Մերի Թոփալյան
«Դժվարություններ հիմնականում եղել են փոքր տարիքում։ Շատ դուրս չէինք գալիս Նարեկի հետ։ Ուր գնում էինք, նրան տանն էինք թողնում ինչ-որ մեկի հետ, ես նրան ոչ մի տեղ չէի կարողանում հետս տանել։ Համ վարքն էր շատ վատ, համ մարդիկ էին անհասկանալի հայացքներով նայում, երբեմն անտակտ բաներ խոսում կամ հարցեր տալիս։
Արդեն մոտ 5-6 տարի, սկսել ենք ներգրավել նրան ամեն տեղ։ Շատ աշխատանք տարանք հետը, վարքը բավականին շտկվեց, մինչ օրս էլ աշխատում ենք, ու երևի մինչ կյանքի վերջ էլ կաշխատենք։ Որովհետև եթե նրան այդպես թողնեինք, հիմա չէինք ունենա այն, ինչ ունենք»։
She has been nominated for an Academy Award, two Grammy Awards, and the Mercury Prize
Վերջին տարիներին աուտիզմի դեպքերի թվի աճը նկատելի է ամբողջ աշխարհում։ Սակայն մասնագետները նշում են, որ սա պարտադիր չի նշանակում, թե աուտիզմ ունեցող երեխաների իրական թիվն է ավելացել։ Աճը հաճախ կապված է այն փաստի հետ, որ այսօր աուտիզմի մասին ավելի շատ են տեղեկացված թե՛ բժիշկները, թե՛ ծնողները, և ախտորոշման մեթոդները դարձել են ավելի ճշգրիտ ու հասանելի։ Շատ դեպքեր, որոնք տարիներ առաջ կարող էին աննկատ մնալ կամ սխալ ախտորոշվել, այժմ ճիշտ ձևով են բացահայտվում։ Այսպիսով՝ կարելի է ասել, որ աուտիզմի դեպքերի թվի աճը հիմնականում պայմանավորված է ոչ թե հիվանդության տարածմամբ, այլ իրազեկության և ախտորոշման որակի բարձրացմամբ։
Հոգեբան, հոգեթերապևտ Օֆելյա Հարությունյանը ընդգծեց, որ վերջին տարիներին աուտիզմ ունեցող երեխաների ինտեգրումը հասարակության մեջ նկատելիորեն աճել է։ Նրա խոսքով՝ ավելի շատ ծնողներ այսօր գիտակցում են, թե որքան կարևոր է երեխային հնարավորություն տալ շփվելու, սովորելու և զարգանալու հավասար պայմաններում։ Միևնույն ժամանակ մասնագետը նշեց, որ դեռ հանդիպում են դեպքեր, երբ ծնողները փորձում են թաքցնել երեխայի աուտիզմը՝ վախենալով շրջապատի արձագանքից կամ չհասկացված վերաբերմունքից։
Հոգեբանը կարևորելով աուտիզմով երեխաների ծնողների հոգեկան առողջությունը ընդգծեց.





«Ծնողները պետք է նախապես տեղեկացնեն երեխայի շրջապատին՝ հարազատներին, դաստիարակներին կամ ուսուցիչներին, նրա առանձնահատկությունների և դժվարությունների մասին։ Նրա խոսքով՝ դա կարևոր է, որպեսզի շրջապատը կարողանա ճիշտ հասկանալ երեխայի վարքը, ցուցաբերի համբերություն և աջակցություն, ոչ թե քննադատություն կամ խուսափողական վերաբերմունք։ Նման բաց ու անկեղծ մոտեցումը նպաստում է երեխայի արագ ինտեգրմանը հասարակության մեջ և ստեղծում ավելի ընդունող ու անվտանգ միջավայր թե՛ երեխայի, թե՛ ծնողների համար»։

Օֆելյա Հարությունյան
Հոգեբան
Գայանե Վարդանյանը, որը երկար տարիներ աշխատում է ներառական խմբերի երեխաների հետ, ևս կարևորեց ներառական խնդիրներով երեխաների ինտեգրումը հասարակության մեջ։ Նրա խոսքով՝ ամենակարևոր քայլերից մեկը շրջապատի՝ հատկապես հասակակիցների, տեղեկացվածությունն ու ճիշտ վերաբերմունքն է։
«Ադապտացիոն փուլը յուրաքանչյուր երեխայի համար անհատական է և չի կարելի կոնկրետ ժամանակ սահմանել։ Որոշ երեխաներ կարող են առհասարակ չցանկանալ դպրոց գալ և հորինել տարբեր պատճառներ՝ գլխացավ, փորացավ կամ այլ հիմնավորումներ։ Այս դեպքում կարևոր է հաշվի առնել երեխայի տարիքային առանձնահատկությունները և հասկանալ, արդյոք նրա վարքը խնդրից է գալիս, թե հնարավոր մանիպուլյացիա է։ Ծնողը պետք է ակտիվ համագործակցի դպրոցի հետ, զրուցի ուսուցչի հետ և հասկանա, թե ինչպես է երեխան դրսևորում իրեն դասարանում և միջավայրում։ Անհրաժեշտության դեպքում երեխայի համար կազմակերպվում է աշխատանք հոգեբանի հետ, որպեսզի հեշտացվի հարմարվող փուլը և աջակցվի նրա հուզական ու սոցիալական զարգացմանը»։

Գայանե Վարդանյան
Մանկավարժ
Աուտիզմը ոչ թե դատավճիռ է, այլ առանձնահատկություն, որը պահանջում է ճիշտ մոտեցում և աջակցող միջավայր։ Ճիշտ տեղեկատվությունն ու հասարակության իրազեկվածությունը, ծնողների և մասնագետների համագործակցությունը, ինչպես նաև երեխայի ինտեգրումը դպրոցում ու սոցիալական միջավայրում մեծապես նպաստում են նրա զարգացմանը և ինքնավստահության ձևավորմանը։ Կարևոր է, որ ընտանիքը հոգ տանի և իր հոգեկան առողջությունն ամրապնդի, իսկ հասարակությունը՝ ընդունի տարբերությունը։

ԱԲ-ն և փաստերի ստուգումը


Խորը կեղծիքները տեխնոլոգիական նոր մարտահրավերն են ստեղծում լրատվադաշտում, պահանջելով պաշտպանական և հակազդեցության մեխանիզմներ

«Civilnet»-ը առցանց հեռուստատեսություն է, որի լուսաբանման առանցքում Հայաստանում մարդու իրավունքների, ժողովրդավարության, տարածաշրջանային խաղաղության և Սփյուռքի խնդիրներն են։

Այս լրատվամիջոցում, արհեստական բանականության լեզվական մոդելները լրագրողներին օգնում են վերնագրեր ընտրելու հարցում, ինչպես դա տեղի է ունենում մի շարք միջազգային լրատվամիջոցներում, մասնավորապես՝ «BBC»-ում։ Չնայած օգտագործում են արհեստական բանականության գործիքներ, բայց նշում են, որ մարդկային գործոնն ու վերահսկողությունը համարում են առաջնային։

«Civilnet»-ը ունի CivilnetCheck կամ փաստերի ստուգման խումբ, ինչի շնորհիվ արագ կարողանում են բացահայտել կեղծ տեղեկատվությունները։
Հայաստանյան լրատվադաշտում արհեստական բանականության ակտիվ ներթափանցումից հետո, փաստերի ստուգման խումբը սկսել է զբաղվել արհեստական բանականությամբ ստեղծված կեղծ բովանդակության բացահայտմամբ։ Որպես օրինակ, «Արևի խավարման լուսանկարն իրական չէ» հոդվածում օգտագործվել է ԱԲ գործիք՝ բացահայտելու մեկ այլ ԱԲ գործիքով գեներացված կեղծ նկարը։

Անին նշում է, որ ԱԲ-ի հետ աշխատելիս նկատել է որոշ քաղաքական, կրոնական և խտրական այլ կողմնակալության դեպքեր։
Անի Գրիգորյան
Սիվիլնեթ խմբագրության փաստերի ստուգման թիմի խմբագիր

Անի Գրիգորյան
«Մեկ անգամ Claude.ai լեզվական մոդելին որոշեցի հարցեր տալ ամերիկյան քաղաքականության ուղղվածությամբ ու նկատեցի, որ ոնց էլ հարցնես, ինչ էլ հարցնես նա մեկ քաղաքական ուժի մասին ավելի հավատ ներշնչելով է խոսում, քան՝ մյուսի։ Կամ հարց ես տալիս, կապված իսլամական երկրների վերաբերյալ, բոլորին ասոցացնում է տերորիզմի հետ։ Հիմա այս գործիքը սովորել է համացանցում եղած ինֆորմացիայի հիման վրա, էլ ինչ անի»,- ասաց Անի Գրիգորյանը։
Ապատեղեկատվության ետևում կանգնած են հզոր կազմակերպություններ՝ զգալի մարդկային, ֆինանսական և տեխնոլոգիական ռեսուրսներով։ Եվ այս կառույցները, հաճախ ավելի լավ են պատրաստված ու ապահովված, քան այն անձինք կամ կազմակերպությունները, որոնք փորձում են պայքարել դրա դեմ։
Բացի այդ, կեղծ տեղեկություն ստեղծելու միջոցներն արագ զարգանում են և արհեստական բանականության զարգացումն էլ ավելի է խորացնում այն։

Ապատեղեկատվություն ստեղծողներն ավելի հմտորեն են օգտվում սոցիալական մեդիայի ալգորիթմներից և արդյունավետ ռազմավարություններ մշակում՝ լայնորեն տարածելու այդ բովանդակությունը։ Այս պայմաններում փաստերի ստուգմամբ զբաղվող հարթակները հաճախ չեն էլ հասցնում անդրադառնալ բոլոր ապատեղեկատվություններին։
Որոշ ժամանակ առաջ համացանցում տարածվել էր կեղծ տեսանյութ, որում իբրև «Ազատություն» ռադիոկայանի լրագրողը հայտնում է, թե սպանվել է հայտնի բժիշկ Արտավազդ Սահակյանը, այն բանից հետո՝ երբ պատմել է «հրաշագործ» դեղամիջոցի մասին:

Իրականում Արտավազդ Սահակյանը չէր սպանվել և «հրաշագործ» դեղամիջոց չէր գովազդում, դա հերթական կեղծ տեսանյութն էր՝ չարագործների կողմից և ԱԲ-ի միջոցով գեներացված։
Տեսանյութում օգտագործվել են լրագրող Անուշ Մկրտչյանի, վիրաբույժ Արտավազդ Սահակյանի ձայների և պատկերների կրկնօրինակները։

#CivilNetCheck-ի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ հաղորդավարի, ոստիկանի և բժշկի մասնակցությամբ բնօրինակ տեսանյութերը հրապարակվել են դեռ տարիներ առաջ։ Սահակյանի կադրերը վերցված են Հանրային հեռուստաընկերության 2018-ի փետրվարի ռեպորտաժից, որտեղ նա պատմում էր վիրաբույժների աշխատանքի մասին:
Կարևոր է նշել, որ տվյալ դիփֆեյքերը Սիվիլնեթի փաստերի ստուգման թիմի անդամները բացահայտել են արհեստական բանականության գործիքներ օգտագործելով։

Անին բարձրաձայնում է, որ մեդիայի ներկայացուցիչները չեն տիրապետում արհեստական բանականության գործիքների հետ աշխատելու հմտություններին։ Շատերը կարծում են, որ կարող են ուղղակի մեկ նախադասությամբ հրահանգ տալ, և ստանալ իդեալակ պատասխան, ո՛չ, դա բավական չէ։ Պետք է շատ ավելին, պետք է տալ ավելի մանրամասն հրահանգ՝ թե ինչ ես ցանկանում, ինչն է կարևոր, ինչ չափորոշիչներով ես դու աշխատում, և միայն այդ դեպքում արհեստական բանականությունից կստանաս շատ ավելի որակյալ տեքստ կամ բովանդակություն։

Սա կարևոր ուղղություն է, որովհետև արհեստական բանականությունը, հատկապես Հայաստանում, նոր է։ Հետևաբար կարևոր է նաև, որ լրագրողները իմանան ինչպես ճիշտ օգտվել ԱԲ-ից, ինչ կարգադրություններ տալ և ինչպես համագործակցել այդ գործիքի հետ։
Ո՞վ է պատասխանատվություն կրում ԱԲ-ով գեներացված
ապատեղեկատվության համար
  • Եվ հարց է առաջանում, ո՞վ է պատասխանատվություն կրում այս ամեն ամենի համար՝ արհեստական բանականությու՞նը, լրագրո՞ղը, խմբագի՞րը, թե՞ խմբագրությունը։
Եթե հարցին մոտենանք մակերեսորեն, բոլորս էլ կպնդենք, որ մեղավորը ԱԲ-ն է և դրա ետևում կանգնած մարդիկ։
Սակայն, իրականում դա արհեստական բանականության պատասխանատվությունը չէ, որովհետև եթե այն տպվում կամ հրապարակվում է մեդիայում, դա արդեն խմբագրության պատասխանատվություն է, քանի որ յուրաքանչյուր խմբագրություն որևէ տեղեկատվություն հրապարակելուց առաջ պարտավոր է այն ստուգել։ Դրա աղբյուրը կլինի արհեստական բանականություն, թե որևէ մեկը այլ կայք, ամեն դեպքում պատասխանատվությունը այն խմբագրության վրա է, որը հրապարակում է նման նյութեր։
Խմբագրություններն այս հարցում չեն կարող խուսափել, քանի որ կա անվան պատասխանատվություն։ Եթե խմբագրությունը ապատեղեկատվություն կամ կեղծ լուր է հրապարակում, դա որոշակի չափով ազդում է խմբագրության վարկանիշի, հեղինակության վրա։ Այդ պատճառով յուրաքանչյուր լրատվամիջոց պետք է ամեն ինչ անի, որպեսզի հրապարակի ստուգված տեղեկատվություն։ Եթե հրապարակում է կեղծված տեղեկատվություն կամ ապակողմնորոշող տեղեկատվություն, դա ազդում է նաև լսարանի հանդեպ ունեցած վստահության վրա, ինչն արդեն խմբագրության ներքին հարցն ու պատասխանատվություն է։

Ըստ մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանի, այստեղ, նաև հեղինակային իրավունքի հարց է առաջանում, և այդ հարցը ցավոք դեռ ամբողջ աշխարհում լուծում չի ստացել․


Այս և նմանատիպ հարցերից խուսափելու համար պետք է բարձրացնել մեդիագրագիտության մակարդակը հասարակության մեջ։

Անհնար է խուսափել ԱԲ-ի կեղծ տեսանյութերից, սխալ տեղեկատվությունից, ֆիշինգներից, բայց, երբ հասարակությունը մեդիագրագետ դառնա, սովորի 2-3 քայլով ճշտելու ինֆորմացիան, այդ ժամանակ որքան էլ ԱԲ-ն գա ու գնա, ամեն բան այդքան բարդ չի լինի։
Անի Գրիգորյան
Սիվիլնեթի փաստերի ստուգման թիմի խմբագիր
Իսկ մեդիագրագիտության մակարդակը բարձրացնելու համար, առաջինը պետք է կրթվեն հենց մասնագետները, որոնք աշխատում են այդ ծրագրերով։ Քանի որ լրատվադաշտի զգալի հատվածը դեռևս չի կիրառում արհեստական բանականություն, իսկ այս տեխնոլոգիաները շատ մեծ արագությամբ են զարգանում, ցանկալի կլիներ, որ լրատվամիջոցները մտածեն իրենց աշխատակիցների համար դասընթացներ կազմակերպելու և նրանց՝ արհեստական բանականության հետ աշխատանքի ձևերն ու համագործակցելու ուղիները սովորեցնելու ուղղությամբ:
All text, photo, and video materials belong to their owners and are for demonstration purposes only. Please do not use them in commercial projects.