Խորհրդային տարիներին գնացքն աշխատում էր նաև ձմռանը, կային հատուկ ձմեռային վագոններ: Այգի մտնողին ողջունում էին ԽՍՀՄ հերոսներին նվիրված աղբյուրները, Վիլյամ Պետրոսյանի Հովազ քանդակը, դե իսկ այգուն իր խիստ աչքերով հետևում էր Ստալինի արձանը: Այն ժամանակ Լենինի, այժմ Մաշտոցի պողոտայից երկու թունելով հասնում էին այգի: Ի դեպ, թունելներն Ալեքսանդր Թամանյանի նախագծի մի մասն էին: Նա ուզում էր թունելներով Հրազդանի զով շունչը բերել քաղաք։ Մոտ 400 մ երկարությամբ թունելները քաղաքի կենտրոնի շնչուղիներն էին: Հետո, երբ սկսվեց երկրորդ աշխարհամարտը, դրանք պետք է ծառայեին որպես ապաստարան: Թունելները կարող էին լինել նաև արագընթաց ուղիներ, կամ էլ Բարեկամության մետրոյից դեպի Երևանի Լամպերի գործարան տանող կայարան: (Թունելներից մեկն այսօր ծանրաբեռնված է աղբով և չի գործում, մյուսն էլի օդ է մատակարարում քաղաքին, բայց՝ ոչ Հրազդանի զով օդը:)