Աուտիզմը դատավճիռ չէ
Նարեկը, ինչպես և իր հասակակից բոլոր երեխաները, կյանքի առաջին տարիներին ուներ զարգացման բնականոն ընթացք․ նա սկսեց քայլել ժամանակին, արձագանքում էր ծնողների ձայնին և հետաքրքրությամբ էր ուսումնասիրում իր շրջապատող աշխարհը։ Սակայն երկու տարեկանում ծնողները սկսեցին նկատել, որ Նարեկը չի արձագանքում իր անվանը, չի խոսում և ունի վարքային խնդիրներ։ Բժշկական հետազոտություններից հետո նրա մոտ ախտորոշվեց աուտիզմ, որը պահանջում է հատուկ ուշադրություն, խոսքի և վարքային աջակցություն։
Նարեկի քույրը՝ Մերի Թոփալյանը, որը ակտիվ դերակատարում ունի Նարեկի խնամքի գործում, ընդգծեց․ «Ծնողներս հիմնադրեցին Աուտիզմի զարգացման կենտրոն և սկսեցին սեմինարներ կազմակերպել։ Ես միշտ մասնակցում էի դրանց, լսում էի աուտիզմի մասին տարբեր մոտեցումներ, կարծիքներ և հենց այնտեղից եմ սկսել ուսումնասիրել երևույթը ավելի խորքային։ Հետագայում սկսեցի աշխատել մեր կենտրոնում,որտեղ 300-ից ավելի երեխա է հաճախում:»
Մերին բլոգ է վարում՝ հիմնականում անդրադառնալով աուտիզմին, և նրա բլոգի բովանդակության մեծ մասը նվիրված է Նարեկին։ Նա հաճախ տեղադրում է տեսանյութեր, որոնք պատմում են Նարեկի առօրյայի, զարգացման և հաջողությունների մասին։

Մերի Թոփալյան
«Դժվարություններ հիմնականում եղել են փոքր տարիքում։ Շատ դուրս չէինք գալիս Նարեկի հետ։ Ուր գնում էինք, նրան տանն էինք թողնում ինչ-որ մեկի հետ, ես նրան ոչ մի տեղ չէի կարողանում հետս տանել։ Համ վարքն էր շատ վատ, համ մարդիկ էին անհասկանալի հայացքներով նայում, երբեմն անտակտ բաներ խոսում կամ հարցեր տալիս։
Արդեն մոտ 5-6 տարի, սկսել ենք ներգրավել նրան ամեն տեղ։ Շատ աշխատանք տարանք հետը, վարքը բավականին շտկվեց, մինչ օրս էլ աշխատում ենք, ու երևի մինչ կյանքի վերջ էլ կաշխատենք։ Որովհետև եթե նրան այդպես թողնեինք, հիմա չէինք ունենա այն, ինչ ունենք»։
She has been nominated for an Academy Award, two Grammy Awards, and the Mercury Prize
Վերջին տարիներին աուտիզմի դեպքերի թվի աճը նկատելի է ամբողջ աշխարհում։ Սակայն մասնագետները նշում են, որ սա պարտադիր չի նշանակում, թե աուտիզմ ունեցող երեխաների իրական թիվն է ավելացել։ Աճը հաճախ կապված է այն փաստի հետ, որ այսօր աուտիզմի մասին ավելի շատ են տեղեկացված թե՛ բժիշկները, թե՛ ծնողները, և ախտորոշման մեթոդները դարձել են ավելի ճշգրիտ ու հասանելի։ Շատ դեպքեր, որոնք տարիներ առաջ կարող էին աննկատ մնալ կամ սխալ ախտորոշվել, այժմ ճիշտ ձևով են բացահայտվում։ Այսպիսով՝ կարելի է ասել, որ աուտիզմի դեպքերի թվի աճը հիմնականում պայմանավորված է ոչ թե հիվանդության տարածմամբ, այլ իրազեկության և ախտորոշման որակի բարձրացմամբ։
Հոգեբան, հոգեթերապևտ Օֆելյա Հարությունյանը ընդգծեց, որ վերջին տարիներին աուտիզմ ունեցող երեխաների ինտեգրումը հասարակության մեջ նկատելիորեն աճել է։ Նրա խոսքով՝ ավելի շատ ծնողներ այսօր գիտակցում են, թե որքան կարևոր է երեխային հնարավորություն տալ շփվելու, սովորելու և զարգանալու հավասար պայմաններում։ Միևնույն ժամանակ մասնագետը նշեց, որ դեռ հանդիպում են դեպքեր, երբ ծնողները փորձում են թաքցնել երեխայի աուտիզմը՝ վախենալով շրջապատի արձագանքից կամ չհասկացված վերաբերմունքից։
Հոգեբանը կարևորելով աուտիզմով երեխաների ծնողների հոգեկան առողջությունը ընդգծեց.





«Ծնողները պետք է նախապես տեղեկացնեն երեխայի շրջապատին՝ հարազատներին, դաստիարակներին կամ ուսուցիչներին, նրա առանձնահատկությունների և դժվարությունների մասին։ Նրա խոսքով՝ դա կարևոր է, որպեսզի շրջապատը կարողանա ճիշտ հասկանալ երեխայի վարքը, ցուցաբերի համբերություն և աջակցություն, ոչ թե քննադատություն կամ խուսափողական վերաբերմունք։ Նման բաց ու անկեղծ մոտեցումը նպաստում է երեխայի արագ ինտեգրմանը հասարակության մեջ և ստեղծում ավելի ընդունող ու անվտանգ միջավայր թե՛ երեխայի, թե՛ ծնողների համար»։

Օֆելյա Հարությունյան
Հոգեբան
Գայանե Վարդանյանը, որը երկար տարիներ աշխատում է ներառական խմբերի երեխաների հետ, ևս կարևորեց ներառական խնդիրներով երեխաների ինտեգրումը հասարակության մեջ։ Նրա խոսքով՝ ամենակարևոր քայլերից մեկը շրջապատի՝ հատկապես հասակակիցների, տեղեկացվածությունն ու ճիշտ վերաբերմունքն է։
«Ադապտացիոն փուլը յուրաքանչյուր երեխայի համար անհատական է և չի կարելի կոնկրետ ժամանակ սահմանել։ Որոշ երեխաներ կարող են առհասարակ չցանկանալ դպրոց գալ և հորինել տարբեր պատճառներ՝ գլխացավ, փորացավ կամ այլ հիմնավորումներ։ Այս դեպքում կարևոր է հաշվի առնել երեխայի տարիքային առանձնահատկությունները և հասկանալ, արդյոք նրա վարքը խնդրից է գալիս, թե հնարավոր մանիպուլյացիա է։ Ծնողը պետք է ակտիվ համագործակցի դպրոցի հետ, զրուցի ուսուցչի հետ և հասկանա, թե ինչպես է երեխան դրսևորում իրեն դասարանում և միջավայրում։ Անհրաժեշտության դեպքում երեխայի համար կազմակերպվում է աշխատանք հոգեբանի հետ, որպեսզի հեշտացվի հարմարվող փուլը և աջակցվի նրա հուզական ու սոցիալական զարգացմանը»։

Գայանե Վարդանյան
Մանկավարժ
Աուտիզմը ոչ թե դատավճիռ է, այլ առանձնահատկություն, որը պահանջում է ճիշտ մոտեցում և աջակցող միջավայր։ Ճիշտ տեղեկատվությունն ու հասարակության իրազեկվածությունը, ծնողների և մասնագետների համագործակցությունը, ինչպես նաև երեխայի ինտեգրումը դպրոցում ու սոցիալական միջավայրում մեծապես նպաստում են նրա զարգացմանը և ինքնավստահության ձևավորմանը։ Կարևոր է, որ ընտանիքը հոգ տանի և իր հոգեկան առողջությունն ամրապնդի, իսկ հասարակությունը՝ ընդունի տարբերությունը։
Ուխտագնացություն
դեպի «կորուսյալ» տուն
Նախագծի հեղինակ՝ Լիլիթ Աբրահամյան
Նախագծի ղեկավար՝ Գայանե Միրզոյան
Արևմտյան Հայաստանի պատմամշակութային ժառանգությունը Հայաստանի տուրիզմի բաղկացուցիչ մաս է։ Տուրիզմը կապող օղակ՝ մեր հիշողության մեջ մշտապես ապրող կորցրած հայրենիքի հետ։ Ուղևորությունը դեպի Արևմտյան Հայաստան, լինի ուխտագնացություն, ճանաչողական այց կամ վաղեմի երազանքի իրականացում, նպաստում է այդ արժեքավոր ժառանգության պահպանմանն ու փոխանցմանը։
Թուրքիան, որպես զբոսաշրջությունից եկամուտ ստացող երկիր, հաճախ առանձնացնում է զբոսաշրջիկի կարգավիճակը ազգությունից։ Արդյունքում հայկական տուրիստական խմբերը կարողանում են գրեթե առանց դժվարությունների անցկացնել իրենց այցելությունը։
Գևորգ Պետրոսյան
«Համշեն» տուրիստական ընկերության համահիմնադիր
Ըստ Գևորգ Պետրոսյանի՝ թուրքական կողմը փորձում է ամեն ինչ անել, որ տուրերը հարթ ընթանան, քանի որ ցանկացած խնդիր ոչ միայն կանգնեցնելու է հայերի հոսքը դեպի այդ երկիր, այլ ընդհանուր կարող է անդրադառնալ Թուրքիայի՝ որպես տուրիստական երկրի իմիջի վրա։ Թուրրքիան սնվում է զբոսաշրջությունից և փորձում է ազգությունը մղել երկրորդ պլան։


  • Անժելա Սարգսյան
    «Համշեն» տուրիստական ընկերության գիդ
    Հայերի շարժառիթը արմատների փնտրտուքն է, հոգևոր ճամփորդությունը կամ ուխտագնացությունը։ Եթե, օրինակ, ինձ հարցնեք` մեր այցելությունների նպատակը ո՞րն է, միանշանակ կասեմ՝ հոգևոր ճամփորդությունը։ Թե՛ կորսված հայրենիքի պատմամշակութային ժառանգության, թե՛ Հայաստանի Հանրապետությունը մեր կարիքն ունեն։ Ես միշտ խմբերիս դա շեշտում եմ, որ թեկուզ 3 օրվա այցելությունը մեզ կտա ավելին, քան մի ամբողջ կյանք ապրելը։
  • Հարություն Մարության
    Ազգագրագետ
    Հայերի այցելությունները լոկ զբոսաշրջություն չէ, այլ՝ ուխտագնացություն։
  • Գևորգ Պետրոսյան
    «Համշեն» տուրիստական ընկերության համահմնադիր
    Մարդիկ հաճախ վերադառնում են ոչ միայն տեսնելու մեր պատմության էջերի ամենակարևոր կետերը՝ Վանից Անի, Կարսից Մուշ, Կիլիկիայի ափերից մինչև Համշեն, այլ շատերը գտնում են իրենց պապական տունը։
Տուրիզմը դեպի Արևմտյան Հայաստան ոչ միայն մշակութային առաքելություն է, այլև կարևոր միջոց՝ ազգային ինքնության պահպանման, պատմական հիշողության վերակագման և պատմամշակութային ժառանգության պահպանման համար։ Շատերը մեկնում են այնտեղ՝ գտնելու իրենց պապերի տները և վերապրելու ընտանեկան հիշողությունները։ Ուղևորությունները նաև խթանում են տեղական կոթողների պահպանությանը․ այցելուների հոսքը նպաստում է տեղացիների և պետական մարմինների կողմից այդ վայրերի նկատմամբ հետաքրքրության աճին։ Հաճախակի այցելությունները երբեմն դառնում են պատմամշակութային ժառանգության փրկության պատճառ։
Վարագավանքը, որը գրեթե կործանման եզրին էր ու ամբողջությամբ ավերակի էր վերածվում, հայերի այցելությունների շնորհիվ որոշ չափով փրկվեց․ տեղի բնակիչները սկսեցին խնամք տանել, ցանկապատել և պահպանել այն, ինչ դեռ հնարավոր է։

Չնայած այն փաստին, որ Թուրքիան ամեն ինչ անում է, որպեսզի զբոսաշրջիկները իրենց ապահով զգան, մենք հաճախ մոռանում ենք այն հանգամանքը, որ այդ ամենի ստվերում վերանում, խեղաթյուրվում և ոչնչացվում է Արևմտյան Հայաստանի պատմամշակութային ժառանգությունը։

Ի՞նչ դրդապատճառով է Թուրքիան վերականգնում հայկական եկեղեցիները։
Տուրիստական տեսանկյունից, եթե դիտարկենք, Թուրքիան նորոգում է հայկական եկեղեցիները, բայց հիմքում ընկած է պատմական հետքերի վերացման նպատակ։ Օրինակ՝ Անին գտնվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի վերահսկողության տակ, որտեղ ընթանում են վերանորոգումներ, և այդ ամենից հետո հայկական հետքը նվազում է։ Եթե հարց հնչի հայկականության մասին, կլինի այսպիսի պատասխան՝ «Հայերն այստեղ ապրել են, իրենց հետքը թողել, մենք էլ այնքան մեծահոգի ենք, որ պահում և պահպանում ենք»։

Անժելա Սարգսյան
Հուշարձանագետ-թուրքագետ, «Համշեն» տուրիստական ընկերության գիդ
Արևմտյան Հայաստանը, լինելով պատմականորեն հարուստ և մշակութային ժառանգությամբ հայտնի տարածք, ունի մեծ ներուժ զբոսաշրջության զարգացման համար․ այստեղ կարող են զարգանալ էկոտուրիզմը, արկածային զբոսաշրջությունը և լեռնագնացությունը։ Սակայն քաղաքական և տնտեսական իրողությունները բարդացնում են տուրիզմի զարգացումը դեպի Արևմտյան Հայաստան՝ սահմանների փակ լինելու և տրանսպորտային ենթակառուցվածքների սահմանափակումների պատճառով։
Զբոսաշրջությունը զարգացնելու և մեր պատմամշակութային կոթողները պահպանելու համար՝ կան մի շարք քայլեր, որոնք իրականացնելիս կհասնենք ցանկալի արդյունքի։

-Լուսինե Գասպարյան
Տուրիզմի ոլորտի փորձագետ
Արևմտյան Հայաստանի հուշարձանների պահպանման համար անհրաժեշտ են միջազգային կազմակերպությունների հետ համագործակցություն, պատմական արխիվների թվայնացում, վիրտուալ թանգարանների ստեղծում, ինչպես նաև գիտական արշավախմբերի գործուղում դեպի պատմական վայրեր։ Այս մոտեցումները ոչ միայն կզարգացնեն գիտական և մշակութային տուրիզմը, այլև կարող են նպաստել տնտեսական նոր հնարավորությունների ստեղծմանը։

Լուսինե Գասպարյան
Տուրիզմի ոլորտի փորձագետ
Սահմանների փակ լինելը խանգարում է հանգիստ տուրիստական այցերին, սակայն սա խնդիրներից միայն մեկն է։ Եթե քաղաքական իրավիճակը փոխվի և Հայաստանը պատրաստ լինի զարգացնելու օդային ու ցամաքային փոխադրամիջոցներով դեպի Արևմտյան Հայաստան տանող ճանապարհները, ապա դա կնպաստի զբոսաշրջության լայն տարածմանը։

-Լուսինե Գասպարյան
Տուրիզմի ոլորտի փորձագետ
Ճանապարհներն ընթանում են դեպի հիշողություն և արմատներ։ Նրանք, որոնք մեկնում են Արևմտյան Հայաստան և վերադառնում ոչ միայն նոր տպավորություններով, այլ հույզերով լի աչքերով ու պատմություններով։ Այս ճամփորդությունները դառնում են լուռ վկայություններ այն մասին, որ հիշողությունը ոչ ոք չի կարող ջնջել, իսկ հոգևոր կապը՝ կոտրել։ Երբ հայ զբոսաշրջիկը կանգնում է ավերված եկեղեցու դիմաց, քայլում կորցրած գյուղի ճանապարհով, նա վերագտնում է ոչ միայն տարածք, այլ՝ ինքնություն։ Եվ քանի դեռ կան մարդիկ, որոնք պատրաստ են այս ուղին անցնելու՝ ցավով, հուզմունքով, բայց հաստատակամությամբ, մեր պատմությունը երբեք չի լռի։