Աուտիզմը դատավճիռ չէ
Նարեկը, ինչպես և իր հասակակից բոլոր երեխաները, կյանքի առաջին տարիներին ուներ զարգացման բնականոն ընթացք․ նա սկսեց քայլել ժամանակին, արձագանքում էր ծնողների ձայնին և հետաքրքրությամբ էր ուսումնասիրում իր շրջապատող աշխարհը։ Սակայն երկու տարեկանում ծնողները սկսեցին նկատել, որ Նարեկը չի արձագանքում իր անվանը, չի խոսում և ունի վարքային խնդիրներ։ Բժշկական հետազոտություններից հետո նրա մոտ ախտորոշվեց աուտիզմ, որը պահանջում է հատուկ ուշադրություն, խոսքի և վարքային աջակցություն։
Նարեկի քույրը՝ Մերի Թոփալյանը, որը ակտիվ դերակատարում ունի Նարեկի խնամքի գործում, ընդգծեց․ «Ծնողներս հիմնադրեցին Աուտիզմի զարգացման կենտրոն և սկսեցին սեմինարներ կազմակերպել։ Ես միշտ մասնակցում էի դրանց, լսում էի աուտիզմի մասին տարբեր մոտեցումներ, կարծիքներ և հենց այնտեղից եմ սկսել ուսումնասիրել երևույթը ավելի խորքային։ Հետագայում սկսեցի աշխատել մեր կենտրոնում,որտեղ 300-ից ավելի երեխա է հաճախում:»
Մերին բլոգ է վարում՝ հիմնականում անդրադառնալով աուտիզմին, և նրա բլոգի բովանդակության մեծ մասը նվիրված է Նարեկին։ Նա հաճախ տեղադրում է տեսանյութեր, որոնք պատմում են Նարեկի առօրյայի, զարգացման և հաջողությունների մասին։

Մերի Թոփալյան
«Դժվարություններ հիմնականում եղել են փոքր տարիքում։ Շատ դուրս չէինք գալիս Նարեկի հետ։ Ուր գնում էինք, նրան տանն էինք թողնում ինչ-որ մեկի հետ, ես նրան ոչ մի տեղ չէի կարողանում հետս տանել։ Համ վարքն էր շատ վատ, համ մարդիկ էին անհասկանալի հայացքներով նայում, երբեմն անտակտ բաներ խոսում կամ հարցեր տալիս։
Արդեն մոտ 5-6 տարի, սկսել ենք ներգրավել նրան ամեն տեղ։ Շատ աշխատանք տարանք հետը, վարքը բավականին շտկվեց, մինչ օրս էլ աշխատում ենք, ու երևի մինչ կյանքի վերջ էլ կաշխատենք։ Որովհետև եթե նրան այդպես թողնեինք, հիմա չէինք ունենա այն, ինչ ունենք»։
She has been nominated for an Academy Award, two Grammy Awards, and the Mercury Prize
Վերջին տարիներին աուտիզմի դեպքերի թվի աճը նկատելի է ամբողջ աշխարհում։ Սակայն մասնագետները նշում են, որ սա պարտադիր չի նշանակում, թե աուտիզմ ունեցող երեխաների իրական թիվն է ավելացել։ Աճը հաճախ կապված է այն փաստի հետ, որ այսօր աուտիզմի մասին ավելի շատ են տեղեկացված թե՛ բժիշկները, թե՛ ծնողները, և ախտորոշման մեթոդները դարձել են ավելի ճշգրիտ ու հասանելի։ Շատ դեպքեր, որոնք տարիներ առաջ կարող էին աննկատ մնալ կամ սխալ ախտորոշվել, այժմ ճիշտ ձևով են բացահայտվում։ Այսպիսով՝ կարելի է ասել, որ աուտիզմի դեպքերի թվի աճը հիմնականում պայմանավորված է ոչ թե հիվանդության տարածմամբ, այլ իրազեկության և ախտորոշման որակի բարձրացմամբ։
Հոգեբան, հոգեթերապևտ Օֆելյա Հարությունյանը ընդգծեց, որ վերջին տարիներին աուտիզմ ունեցող երեխաների ինտեգրումը հասարակության մեջ նկատելիորեն աճել է։ Նրա խոսքով՝ ավելի շատ ծնողներ այսօր գիտակցում են, թե որքան կարևոր է երեխային հնարավորություն տալ շփվելու, սովորելու և զարգանալու հավասար պայմաններում։ Միևնույն ժամանակ մասնագետը նշեց, որ դեռ հանդիպում են դեպքեր, երբ ծնողները փորձում են թաքցնել երեխայի աուտիզմը՝ վախենալով շրջապատի արձագանքից կամ չհասկացված վերաբերմունքից։
Հոգեբանը կարևորելով աուտիզմով երեխաների ծնողների հոգեկան առողջությունը ընդգծեց.





«Ծնողները պետք է նախապես տեղեկացնեն երեխայի շրջապատին՝ հարազատներին, դաստիարակներին կամ ուսուցիչներին, նրա առանձնահատկությունների և դժվարությունների մասին։ Նրա խոսքով՝ դա կարևոր է, որպեսզի շրջապատը կարողանա ճիշտ հասկանալ երեխայի վարքը, ցուցաբերի համբերություն և աջակցություն, ոչ թե քննադատություն կամ խուսափողական վերաբերմունք։ Նման բաց ու անկեղծ մոտեցումը նպաստում է երեխայի արագ ինտեգրմանը հասարակության մեջ և ստեղծում ավելի ընդունող ու անվտանգ միջավայր թե՛ երեխայի, թե՛ ծնողների համար»։

Օֆելյա Հարությունյան
Հոգեբան
Գայանե Վարդանյանը, որը երկար տարիներ աշխատում է ներառական խմբերի երեխաների հետ, ևս կարևորեց ներառական խնդիրներով երեխաների ինտեգրումը հասարակության մեջ։ Նրա խոսքով՝ ամենակարևոր քայլերից մեկը շրջապատի՝ հատկապես հասակակիցների, տեղեկացվածությունն ու ճիշտ վերաբերմունքն է։
«Ադապտացիոն փուլը յուրաքանչյուր երեխայի համար անհատական է և չի կարելի կոնկրետ ժամանակ սահմանել։ Որոշ երեխաներ կարող են առհասարակ չցանկանալ դպրոց գալ և հորինել տարբեր պատճառներ՝ գլխացավ, փորացավ կամ այլ հիմնավորումներ։ Այս դեպքում կարևոր է հաշվի առնել երեխայի տարիքային առանձնահատկությունները և հասկանալ, արդյոք նրա վարքը խնդրից է գալիս, թե հնարավոր մանիպուլյացիա է։ Ծնողը պետք է ակտիվ համագործակցի դպրոցի հետ, զրուցի ուսուցչի հետ և հասկանա, թե ինչպես է երեխան դրսևորում իրեն դասարանում և միջավայրում։ Անհրաժեշտության դեպքում երեխայի համար կազմակերպվում է աշխատանք հոգեբանի հետ, որպեսզի հեշտացվի հարմարվող փուլը և աջակցվի նրա հուզական ու սոցիալական զարգացմանը»։

Գայանե Վարդանյան
Մանկավարժ
Աուտիզմը ոչ թե դատավճիռ է, այլ առանձնահատկություն, որը պահանջում է ճիշտ մոտեցում և աջակցող միջավայր։ Ճիշտ տեղեկատվությունն ու հասարակության իրազեկվածությունը, ծնողների և մասնագետների համագործակցությունը, ինչպես նաև երեխայի ինտեգրումը դպրոցում ու սոցիալական միջավայրում մեծապես նպաստում են նրա զարգացմանը և ինքնավստահության ձևավորմանը։ Կարևոր է, որ ընտանիքը հոգ տանի և իր հոգեկան առողջությունն ամրապնդի, իսկ հասարակությունը՝ ընդունի տարբերությունը։
Վերադարձը վազերով
Քյօշ
Վահե Քեուշգուերյանը ընդամենը 3 տարեկան էր, երբ նրա հայրը որոշեց Սիրիայից տեղափոխվել Լիբանան, որտեղ էլ Վահեն անցկացրեց իր մանկությունն ու պատանեկությունը: Դպրոցն ավարտելուց հետո Լիբանանում ծառայության անցավ, իսկ 19 տարեկանում արդեն ճակատագիրը նրան տարավ Իտալիա: Այնտեղ Վահեն ապրեց 2 տարի, որից հետո որոշեց տեղափոխվել ԱՄՆ՝ համալսարանական կրթություն ստանալու։
Լուսանկարը` Վահե Քեուշգուերյանի անձնական արխիվից


Սակայն Իտալիայի հանդեպ ունեցած սերն ու կարոտը նրան 14 տարի անց կրկին բերեցին այդ երկիր: Հենց այնտեղ էլ Վահեն սկսեց զբաղվել գինեգործությամբ՝ հիմնելով այգիներ ու գինեգործարան: Կարող է թվալ, որ Իտալիայում պետք է ավարտվեր նրա մեծ ճանապարհորդությունը, սակայն 1997 թվականին Վահե Քեուշգուերյանը որոշեց այցելել Հայաստան՝ գոնե մեկ անգամ տեսնելու իր հայրենիքը։

Վահե Քեուշգուերյան
Wineworks ընկերության հիմնադիր
Արենի-1 քարանձավ
Պատմությունը, թե Հայաստանը գինեգործության օրրանն է, հրապուրիչ ու նույնիսկ ռոմանտիկ թվաց նրան: 2 տարի շարունակ Վահե Քեուշգուերյանը մտածում էր հայրենիքի հետ կապի վերականգնման ու նոր հնարավորությունների ստեղծման մասին:
Վերջապես՝ 1999 թվականին, գինեգործն այգիներ հիմնեց նաև հայրենի հողում: Այստեղից սկսվեց սերը Հայաստանի խաղողագործության ու գինեգործության հանդեպ: Տարին մեկ կամ երկու անգամ Հայաստան էր գալիս, այգիների մասին հարցուփորձ անում և հեռանում:

Լուսանկարը` Wineworks ընկերություն
2009 թվականին կարծես հասունացավ իսկական ժամանակը: Վահեն որոշեց ընտանիքի հետ տեղափոխվել Երևան, բայց այս անգամ պատճառը ոչ թե նոր այգիներ հիմնելն էր, այլ երեխաների հայերեն սովորելու և Հայաստանի կյանքին ինտեգրվելու անհրաժեշտությունը: Հայրենիք տեղափոխվելուն պես սկսվեցին նաև գինեգործական հաջողությունները՝ 25000-700000 շիշ:
Հողի հետ կապն ամրապնդվեց այնքան, որ Հայաստանից հեռանալն արդեն անհնար էր: Այսպիսով՝ գինեգործական մշակույթի ու գինու նկատմամբ սերը Քեուշգուերյան ընտանիքին օգնեց վերադառնալ իրենց արմատներին:

Գինեգործը մեծ հաղթանակ է համարում այն փաստը, որ իր երեխաները Հայաստանում են ապրում, հայերեն են խոսում և իր հետ միասին ներգրավված են գինեգործական աշխատանքներում. աղջիկը՝ Էմմի Քեուշգուերյանը, արդեն 8 տարի է՝ զբաղվում է գինիների մարկետինգով, իսկ տղան՝ Լուկա Քեուշգուերյանը, նախընտրում է ավելի շատ այգիներում աշխատել ու խաղողագործությամբ զբաղվել:

Քեուշգուերյան ընտանիքի կողմից հիմնադրված Wineworks գինեգործարանը 2011 թվականից ի վեր ակտիվ ու անխափան աշխատանքների մեջ է: Այգիները Վայոց ձորում են, գործարանը՝ Երևանում: Սակայն գինեգործը մեծ հույսեր ու նպատակներ ունի՝ 2026 թվականին գինեգործարանն ամբողջությամբ տեղափոխել Վայոց ձոր:

Լուսանկարը` Էմմի Քեուշգուերյանի անձնական արխիվից