Վանի հողով ու ջրով,
Հայաստանի արևով

Վան Արդի

Լուսանկարը` Վան Արդի ընկերություն


















Վան Արդի գինիների հիմնադիր և գլխավոր գինեգործ Վարուժան Մուրադյանի հայրը Վանեցի է, մայրը ծնվել է Տիգրանակերտում, բայց իրադարձություններն ու դեպքերն այնպիսի զարգացումներ են ունեցել, որ ինքը Երևանում է ծնվել:


1990-ականների սկզբին կնոջ հետ մեկնել է ԱՄՆ, որտեղ նրանք բնակվել են շուրջ 20 տարի: Հենց այնտեղ է դարձել հաջողակ կարիերիստ և հաշվապահ, սակայն հայրենիքի ու գինեգործական արվեստի հանդեպ անսասան հավատն ու սերը Վարուժանին ու կնոջը դրդել են 4 զավակների հետ միասին տեղափոխվել Հայաստան՝ հնագույն գինեգործական շրջան Արագածոտն:

Վարուժան Մուրադյան
Վան Արդի ընկերության հիմնադիր



Հայաստան վերադառնալիս՝ միայն մի երազանք ունեին իրենց սրտում՝ համաշխարհային գինու քարտեզի վրա ամրապնդել Հայաստանի տեղն ու դերակատարումը:













Գինեգործն ուսումնասիրեց ու բացահայտեց, որ Վանի Թագավորությունն ու Ուրարտուն, որոնք գտնվում էին Հայկական լեռնաշխարհում, գինեգործական առաջատար կենտրոններ են եղել: Այստեղ արտադրված գինիները հայտնի են եղել իրենց բարձր որակով ու համով:

Նրա մեջ ավելի արմատավորվեց այն համոզմունքը, որ հայկական հին գինեգործական ավանդույթները պետք է վերածնվեն ու նոր շունչ ստանան՝ պահպանելով իրենց հնագույն արժեքներն ու բարձր որակը:
Վանի Արև
Լուսանկարը` Վան Արդի ընկերություն
Լուսանկարը` Վան Արդի ընկերություն














Վան Արդի նշանակում է Վանի Արև: Մուրադյան ընտանիքը, որն իր գինու արտադրության մեջ տեսնում էր ոչ միայն բիզնես, այլև Հայաստանի հարստությունն աշխարհին ներկայացնելու միջոց, 6 ամիս շարունակ փնտրում էր գինիներին համարժեք անվանում:



Վարուժանը ցանկանում էր ստեղծել մի բրենդ, որը կարտացոլի հայկական գինու բարձր որակը և միաժամանակ կլինի հեշտ արտասանելի ու հիշվող ամբողջ աշխարհում:













Նրա նպատակն էր վերադառնալ Հայաստան՝ անկախ հայրենադարձին հանդիպող դժվարություններից ու խանգարող այլ հանգամանքներից: Նա հայրենադարձությունն ընկալում է որպես իր կյանքի բնական շարունակություն. մանկությունն անցել է Հայաստանում, երկու տասնամյակ հայրենիքից հեռու է ապրել, սակայն այժմ վերադարձել է՝ իր կյանքը ծննդավայրում շարունակելու:











Կալիֆոռնիայից վերադառնալն ու հողագործությամբ զբաղվելը անհավանական ու խենթ գաղափար էր թվում, բայց, բարեբախտաբար՝ և՛ Վարուժանի ընտանիքն է տարված եղել Հայաստանով ու հողի հետ աշխատելու մտքով, և՛ համայնքն է աջակցել նրան՝ օր ու գիշեր աշխատելով:
Վարուժանը հավատում էր, որ Հայաստանում կարող է նոր իմաստ տալ իր կյանքին՝ միաժամանակ նպաստելով հայրենիքի զարգացմանն ու վերածննդին։ Նրա պատմությունը ոգեշնչում է բոլոր նրանց, ովքեր երազում են վերադառնալ իրենց արմատներին՝ անկախ ճանապարհին հանդիպող դժվարություններից։