← Գլխավոր էջ
The Armenian Project

Տեղեկատվական վակուումից դեպի միջազգային պատմություններ

Գայանե Այվազյան

Հայաստանի մասին պատմելու նոր ձևաչափ

Հայաստանի մասին աշխարհում հաճախ խոսվում է պատերազմի, ճգնաժամերի ու տարածաշրջանային լարվածության համատեքստում։ Բայց կա նաև մեկ այլ Հայաստան՝ մարդկանց, պատմությունների, ստեղծարարության Հայաստանը, որը շատ հաճախ մնում է միջազգային ուշադրությունից դուրս։

Այս տեղեկատվական բացը լրացնելու նպատակով էլ ստեղծվել է The Armenia Project-ը (TAP)՝ 2023 թվականին՝ Արցախի շրջափակման օրերին, երբ աշխարհը հայտնվել էր տեղեկատվական վակուումի մեջ, իսկ միջազգային լրատվամիջոցներում Հայաստանի ու տարածաշրջանի մասին գրեթե չէր խոսվում։ Այդ պայմաններում մի խումբ հայրենասերներ, Հ․Հովնանյան հիմնադրամի հովանավորությամբ, նախաձեռնեցին TAP-ը՝ նպատակ ունենալով բարձրացնել Հայաստանի ճանաչելիությունը և միջազգային հանրությանը հասցնել երկրի իրական պատմությունները։

Կազմակերպության գործադիր տնօրենը պատմում է, որ համագործակցությունը 2 ուղղությամբ է իրականացվում։ Առաջինը կրթական ծրագիրն է, որի շրջանակում աշխարհի տարբեր հեղինակավոր համալսարաններից, ինչպիսիք են, օրինակ, Օքսֆորդը, Հարվարդը, Հայաստան են ժամանում լրագրության ֆակուլտետի ուսանողներ, որոնք գրեթե 10 շաբաթների ընթացքում մասնագիտական պրակտիկա են անցնում հայկական Hetq, CivilNet, Mediamax և Urbanista լրատվականներում և գրում իրենց հոդվածներն ու պատմությունները։ Սակայն, պարտադիր պայման չէ, որ ուսանողները լրագրության ֆակուլտետներից լինեն, պարտադիր է, որ պատմություններ պատմելու՝ սթորիթելինգի հմտություններ ունենան։ Օրինակ անցած տարի Մարթան, որը եկել էր Անգլիայից և տիրապետում էր ռուսերենի, հոդվածներ էր գրում «Հետք» մեդիագործարանում Հայաստանի մասին։

Մասնակցությունից՝միջազգային լուսաբանում

Ծրագրի մասնակիցներին TAP-ում անվանում են «մեդիա դեսպաններ»։ Գայանե Այվազյանը ընդգծում է, որ այսօր անհնար է կանխատեսել, թե ապագայում որտեղ կհայտնվեն այս երիտասարդ լրագրողները, սակայն վստահ է՝ Հայաստանը նրանց համար այլևս օտար երկիր չի լինի։ Նրանք այստեղ ապրում են, աշխատում, բախվում դժվարությունների և ձևավորում անձնական կապ երկրի հետ։ Այդ կապի ամենավառ ապացույցներից մեկն այն է, որ շատերը վերադառնում են Հայաստան արդեն որպես գործող լրագրողներ։

Իսկ ի՞նչ ակնկալիքով են նրանք գալիս Հայաստան, ի՞նչ կերպար է մեդիան նախապես ստեղծում նրանց պատկերացումներում։ Գայանե Այվազյանը պատմում է, որ շատերը վախով են գալիս Հայաստան՝ մեդիայում կարդալով տարածաշրջանային կոնֆլիկտների մասին, սակայն նրանց պատկերացումները փոխվում են մոտ մեկ շաբաթ հետո, երբ իրենց աչքով են տեսնում և համոզվում, որ հասարակությունը փակ չէ, հյուրընկալ է, իսկ երկիրն՝ ապահով։

TAP-ում մասնակիցների ընտրության գործընթացը բավական մրցակցային է։ Համալսարաններում ներկայացվում է internship ծրագիրը, երբեմն ԱՄՆ-ում գործող թիմի միջոցով կազմակերպվում են հանդիպումներ ու ներկայացումներ։ Սակայն ամենաարդյունավետ մեթոդը նախկին մասնակիցների հաջողության պատմություններն են։ Օրինակ՝ University of Oxford-ից այս տարի ստացել են շուրջ 40 դիմում, թեև կարողացել են ընդունել միայն մի քանի ուսանողի։

TAP-ը համագործակցում է նաև միջազգային ֆրիլանս լրագրողների հետ։ Որոշ լրագրողներ գալիս են արդեն հստակ հանձնարարությամբ, իսկ մյուսները պարզապես փորձում են գտնել պատմություններ, որոնք հետագայում կարող են հրապարակվել տարբեր պարբերականներում։

Կազմակերպությունը շեշտում է, որ երբեք չի պատվիրում նյութեր և չի վճարում հրապարակումների համար։

Գլխավոր էջ

Պետության մշակած ռազմավարությունը

Բարի՛ գալուստ Հայաստան

Հայաստանը՝ Օլյա Գավրիլովայի աչքերով

Վերջաբանի փոխարեն

Հայաստանի զբոսաշրջային կերպարը չի ստեղծվում միայն քարտեզների, գովազդների կամ պաշտոնական ծրագրերի միջոցով։ Այն ձևավորվում է մարդկանց պատմություններից, նրանց փորձառություններից ու հիշողություններից։

Այս նախագծի ընթացքում մենք հանդիպեցինք հենց այդ մարդկանց՝ նրանց, ովքեր ամեն օր տարբեր ձևաչափերով պատմում են Հայաստան աշխարհի մասին։Ու քանի դեռ կան մարդիկ, որոնք պատրաստ են պատմել այդ պատմությունը, և մարդիկ, որոնք պատրաստ են լսել այն, Հայաստանի մասին պատմությունը երբեք չի ավարտվի։

Եվ յուրաքանչյուր նոր պատմություն կդառնա հերթական հրավերը՝ բացահայտելու Հայաստանը սեփական աչքերով։