← Գլխավոր էջ

Պետության մշակած ռազմավարությունը

Զբոսաշրջային կերպարի ձևավորում

Հայաստանում զբոսաշրջության բազմաշերտ գործընթացի կենտրոնում Հայաստանի զբոսաշրջության կոմիտեն է, որի գործունեությունը միավորում է մարքեթինգը, հաղորդակցությունը և կազմակերպչական աշխատանքը՝ ձևավորելով երկրի զբոսաշրջային կերպարն արտաքին և ներքին լսարանի համար։

«Զբոսաշրջության կոմիտեն իրականացնում է մարքեթինգային արշավներ ոչ միայն զբոսաշրջիկների, այլ նաև Հայաստանում բնակվողների համար, այսինքն՝ տեղական շուկայում, որպեսզի մարդիկ ճանաչեն իրենց երկիրը և զարգանա ներքին զբոսաշրջությունը։ Նպատակն է, որպեսզի մարդիկ նորովի բացահայտեն իրենց երկիրը, սկսեն ճանապարհորդել երկրի ներսում և դառնան Հայաստանի մասին ստեղծվող պատմության կրողներն ու փոխանցողները»։

Ներքին զբոսաշրջության խթանման նպատակով 2025-ին կոմիտեի կողմից իրականացվել է մի շարք հետաքրքիր նախագծեր՝ storytelling ձևաչափով։ «10 մարզ, 10 ձայն, 10 թաքնված պատմություն»․ ահա այսպես է անվանվել պատմությունների շարքը, որը լայն արձագանք է ստացել լսարանի կողմից։ Կոմիտեն, հավատարիմ մնալով «Armenia. the hidden track/ Հայաստանը՝ թաքնված ուղղություն» բրենդավորման գաղափարին, գտել էր մարզերի թաքնված անկյունները բացահայտելու հետաքրքիր լուծում՝ մարզի գրավչությունները ներկայացնելով ամենաերիտասարդ բնակիչների աչքերով։

«Մարզերի մի շարք դպրոցներում հանձնարարվեց երեխաներին շարադրություններ գրել իրենց բնակավայրի թաքնված անկյունների մասին․․․Կոմիտե ուղարկված շարադրություններից լավագույններն ընտրելու համար բոլոր աշխատակիցներին տրվեց հանձնարարական՝ ընթերցել բոլոր պատմությունները և ընտրել իրենց սիրելին։ Ամենաշատ հավանություն ստացածները դարձան Հայաստանի 10 մարզերի մասին տեսապատումներ՝ երեխաների շուրթերից հնչող պատմությունների տեսքով»։

Տեսանյութ

Տուրիզմի կոմիտեի հրապարակած ամփոփիչ տեսանյութը՝ «10. մարզ. 10 ձայն. 10 թաքնված պատմություն» շարքից:

Զբոսաշրջային կերպարի ձևավորումը զարգանում է նաև միջազգային հարթակներում՝ էքսպոների և մասնագիտական միջոցառումների միջոցով։ Այս միջոցառումները դառնում են այն վայրերը, որտեղ Հայաստանը ներկայացվում է որպես ամբողջական ուղղություն՝ հնարավորություն ստեղծելով նոր կապերի, համագործակցությունների և մեդիա ներգրավվածության համար։

«Էքսպոների մասնակցելու միջոցով մենք հնարավորություն ենք ունեցել բրիտանական հանրային հեռարձակող BBC-ի հետ համագործակցությամբ Հայաստանի մասին տեսահոլովակ նկարահանելու և այն իրենց հեռուստատեսային հեռարձակմամբ շրջանառելու։ Տուրիզմի կոմիտեի ֆինանսավորմամբ Հայաստան է ժամանել BBC-ի նկարահանող խումբը և ստեղծել Sunrise in Armenia ֆիլմը, որը ճանաչվել է աշխարհի լավագույն զբոսաշրջային ֆիլմերից մեկը՝ գրավելով 7-րդ հորիզոնականը հեղինակավոր CIFFT (Միջազգային զբոսաշրջային ֆիլմերի կոմիտե) զբոսաշրջային ֆիլմերի փառատոնում»։

Հայաստանը ներկայացվել է նաև տպագիր հեղինակավոր պարբերականներում, ինչպիսիք են National Geographic-ը, բրիտանական հեղինակավոր The Telegraph-ը, գերմանական Augsburger Allgemeine Zeitung պարբերականը, ֆրանսիական հեղինակավոր Cuisine et Vins de France տպագիր ամսագիրը և շատ այլ հարթակներ։

Այս տարի նախատեսվում է իրականացնել շուրջ 55 ճանաչողական այց։ Միջազգային շուկայում գործունեությունն առավել արդյունավետ կազմակերպելու համար կոմիտեն համագործակցում է PR ընկերությունների հետ, ինչը թույլ է տալիս ավելի նպատակային աշխատել մեդիայի և ինֆլյուենսերների հետ։

Սոցիալական մեդիան և պաշտոնական armenia.travel կայքը դառնում են այն վայրերը, որտեղ Հայաստանը ներկայացվում է տեսողական, դինամիկ և ժամանակակից լեզվով։

Տուրիզմի ֆեդերացիա

Տուրիզմի ֆեդերացիայի գործունեությունը

Պետական մակարդակում իրականացվող ծրագրերն ու մարքեթինգային նախաձեռնությունները ձևավորում են Հայաստանի զբոսաշրջային ընդհանուր կերպարը։ Սակայն այս գործընթացը չի սահմանափակվում միայն ռազմավարությամբ և մեդիա գործունեությամբ։

Այդ ամբողջ համակարգի հիմքում գտնվում է նաև տեղական մասնագիտական դաշտը՝ տուրիստական ընկերությունները, որոնք իրականացնում են այն փորձառությունը, որը հետագայում դառնում է պատմություն։

Զբոսաշրջիկի տեսած Հայաստանը սկսվում է հենց այս շփումից՝ տուրերի կազմակերպումից, ուղեկցությունից, երթուղիներից և իրական փորձառությունից, որը ձևավորվում է տեղում։

Հայաստանի տուրիզմի Ֆեդերացիան հանդիսանում է այն հարթակը, որը միավորում է ոլորտի հիմնական դերակատարներին՝ տուրիստական ընկերություններ, գործակալություններ և այլ մասնագետներ՝ ստեղծելով համագործակցության միասնական միջավայր։ Եթե պետությունը ձևավորում է Հայաստանի մասին պատմության շրջանակը, ապա հենց այս մասնագիտական համայնքն է այն լցնում իրական բովանդակությամբ։

Զբոսաշրջության ոլորտում տարիների փորձ ունեցող Մեխակ Ապրեսյանի գնահատմամբ՝Հայաստան այցելող զբոսաշրջիկների սպասելիքները հիմնականում արդարանում են, սակայն մեդիան այս հարցում որոշակիորեն «թերանում է», բայց ոչ բացասական իմաստով։

«Հայաստանը շատ համեստ է իր ներկայացման մեջ, և այս հարցում պետք է ավելի խիզախ լինել»։

Տարիների ընթացքում անմիջական կապ ունենալով զբոսաշրջիկների հետ՝ նա արձանագրում է, որ անմիջական շփումը տեղացիների հետ և մշակութային ներգրավվածությունը հանդիսանում են Հայաստանի ամենաուժեղ կողմերից մեկը որպես զբոսաշրջային ուղղություն։

Ֆեդերացիայի մշակած 2024–2029 թվականների ռազմավարության շրջանակում առանձնահատուկ ուշադրություն է դարձվում այն հարցին, թե ինչ կերպ և ինչ բովանդակությամբ պետք է ներկայացվի Հայաստանը միջազգային հարթակներում։

«Մենք միշտ խոսում ենք, որ պետք է ավելի լավ ներկայացնենք Հայաստանը, ավելի ակտիվ քաղաքականություն վարենք, բայց կարևոր հարց է՝ ինչ մեսիջ պետք է փոխանցենք աշխարհին»։

Այս մոտեցման մեջ առաջնային է դառնում ոչ թե միայն ներկայացման ինտենսիվությունը, այլ դրա իմաստային հստակությունը։

Այլ պատմություններ

Անցեք նախագծի մյուս պատմություններին և շարունակեք ուսումնասիրել Հայաստանի զբոսաշրջային մեդիա պատկերը։

Գլխավոր էջ

Տեսնել ավելին

Բարի՛ գալուստ Հայաստան․ առաջին տպավորությունից անդին

Տեսնել ավելին

Հայաստանը՝ Օլյա Գավրիլովայի աչքերով

Տեսնել ավելին

The Armenian Project

Տեսնել ավելին