← Գլխավոր էջ
Հայկական ինքնություն

Հայաստանը՝ Օլյա Գավրիլովայի աչքերով

Օլյա Գավրիլովա

Գիդ, բլոգեր, էքսպատ․ հենց այսպես է իրեն ներկայացնում Օլյա Գավրիլովան՝ Սոչիում ծնված ու մեծացած աղջիկը, որն իր կյանքը կապել է Հայաստանի հետ։ Ռուսական արտաքին, զմրուխտյա աչքեր և հայկական ինքնություն․ առաջին հայացքից նրա պատմությունը հակասությունների համադրություն է թվում, բայց հենց այդ հակասությունների մեջ էլ ձևավորվել է նրա կապը հայրենիքի հետ։

Արդեն երեք տարի է, ինչ Օլյան ընտանիքի հետ տեղափոխվել է Հայաստան՝ ոչ միայն ապրելու, այև ստեղծագործելու և Հայաստանը նոր հայացքով ներկայացնելու համար։ Նրա խոսքով՝ հայկականությունը իրենց ընտանիքում երբեք չի եղել պարզապես ծագման մասին հիշողություն։ Օլյայի տատը էթնիկ հայ էր, որն ամուսնացել էր ռուս տղամարդու հետ, հայրը ռուս է, ինքն ընդամենը մեկ քառորդով է հայ, բայց երբեմն նույնիսկ այդ փոքր բաժինը բավական է, որպեսզի ամբողջ կյանքը կառուցվի դրա շուրջ։

Օլյայի նախապապն ու նախատատը

Օլյայի նախապապն ու նախատատը

Սոչիում մեծացած Օլյան փոքրուց շրջապատված էր հայերով և սկսել էր հաճախել հայկական պարի խմբակ, հետագայում նաև դասավանդել հայկական պարեր։ Այդպես ձևավորվեց նրա կապը Հայաստանի հետ։

Կադրեր Օլյայի պարի դասընթացներից

Հայաստանը՝ զգացողությունից դեպի ապրած իրականություն

Օլյայի ամուսինը արցախցի ընտանիքից է․ նրանք պսակադրվել են Գանձասարում, ապա վերադարձել Սոչի, որտեղ ապրել են շուրջ 12 տարի։ Սակայն Հայաստան վերադառնալու գաղափարը միշտ եղել է, և հաճախակի այցերից հետո ընտանիքը վերջապես որոշել է տեղափոխվել Հայաստան։

Օլյան հիշում է, որ ամենաբարդը մարդկանց արձագանքն էր․ շատերը փորձում էին հետ պահել՝ խոսելով տարածաշրջանի լարվածության, Արցախի շրջափակման և սպասվող պատերազմի մասին։

Սակայն մարդիկ մոռանում էին, որ պատերազմը հասել էր նաև Ռուսաստան։ նրանց տեղափոխության օրը անօդաչու թռչող սարքը հարվածում է Սոչիի օդանավակայանին՝ շուրջբոլորը խուճապ տարածելով։

Հայաստանում նրանց սպասում էր ևս մեկ ծանր փորձություն՝ արցախցիների տեղահանությունը։

Օլյան շատ էմպատիկ է և ամուսնու հարազատներին, մտերիմներին տեսնել այդ վիճակում՝ նրա համար չափազանց ծանր էր։ Երևի հենց այդ պահից Հայաստանը նրա համար դադարում է լինել պարզապես մի երկիր, որի մասին ինքը պատմում էր։ Այն դառնում է սեփական ցավի, հիշողությունների, սիրո և կյանքի մի մասը։

Օլյայի ինստագրամյան էջում հայտնվում են սովորական պատմություններ տեղափոխության, նոր կենցաղի, առօրյա դժվարությունների, Հայաստանի բացահայտման մասին։ Նա պարզապես պատմում է այն, ինչ ապրում է և հենց այդ անկեղծությունն էլ դառնում է նրա բովանդակության առանձնահատկությունը։

Կադրեր ճանապարհից

Կադրեր ճանապարհից

Օլյան Սոչիում ստացել էր սոցիալ-մշակութային միջոցառումների կազմակերպչի կրթություն և մշտապես ձգտել էր հասկանալ՝ ինչ են մարդիկ փնտրում նոր երկրներում։ Երևի հենց այդ փորձառությունն էլ օգնում է նրան հասկանալ զբոսաշրջիկի մտածողությունը։

Հայաստանում Օլյան ամուսնու հետ հիմնում է «ԼավՏուրը» տուրիստական ընկերությունը։ Սկզբում, խոստովանում է, մեծ էր վախը, թվում էր՝ հաջողելն այնքան էլ հեշտ չի լինելու։

Լուսանկարը տրամադրել է Օլյա Գավրիլովան
Կադր ճանապարհից

Լեզվական խոչընդոտը հաղթահարելուց հետո նա խորությամբ ուսումնասիրում է Հայաստանը։

«Մեզ համար կա մեկ գլխավոր նպատակ՝ ստեղծել ճիշտ և լավ տպավորություն Հայաստանի մասին՝ եկողների աչքերում։ Սկած նամակագրությունից, ես փորձում եմ նրանց աջակցել, խորհրդատվություն տալ, որպեսզի նրանց այցը լինի հնարավորինս տպավորիչ և հետաքրքիր զգացողություններով լի։ Իսկ արդեն այցելության ընթացքում, փորձում ենք Հայաստանը ներկայացնել իր բոլոր գրավչություններով ու զբոսաշրջության զանազան տեսակներով, ստանդարտ էքսկուրսիաներից մինչև էքստրեմալ փորձառություններ»։

Օլյան բլոգի միջոցով ամեն օր շփվում է իր 82000 հետևորդների հետ, նրանց մեջ կենդանացնում է Հայաստանի մասին նոր, ջերմ, լուսավոր պատկերներ։ Սա առհավատչյան է այն բանի, որ երկրի կերպարը ստեղծողները մարդիկ են, որոնց պատմությունները երբեմն շատ խորը արմատներ են ունենում։

Գլխավոր էջ

Պետության մշակած ռազմավարությունը

Բարի՛ գալուստ Հայաստան

The Armenian Project