← Գլխավոր էջ
Միջազգային հայացք

Հայաստանը՝ Աանաստասիա Էդվարդսի աչքերով․ այն, ինչ հնարավոր չէ գտնել ուղեցույցներում

Անաստասիա Էդվարդս

Երբեմն մի երկիրը բացահայտելու համար բավարար չեն ո՛չ քարտեզները, ո՛չ ուղեցույցները, և ոչ անգամ պատմական փաստերը։ Երբեմն պետք է պարզապես քայլել այդ երկրի փողոցներով, լսել մարդկանց, ապրել նրանց հետ կողք-կողքի, բացահայտել նրանց սովորույթները, հասկանալ, թե ինչ հիշողություն է պահում այդ հողը։

Հենց այդպիսի ճանապարհորդության արդյունքում ծնվեց Անաստասիա Էդվարդսի պատմությունը Հայաստանի մասին։ Իր “Armenia: Restoring Ancient Wonders” հոդվածում նա ներկայացնում է Հայաստանը ոչ թե որպես հերթական զբոսաշրջային ուղղություն, այլ որպես մի տարածք, որտեղ հնագույն մշակույթը շարունակում է ապրել ներկայի մեջ։

Հոդվածը կարդալու համար անցեք հղումով՝ https://worldoffinewine.com/travel/armenia-restoring-ancient-wonders

Նրա տեքստերում Հայաստանը քարերի, վանքերի ու լեռների երկիր չէ միայն։ Այն մարդկանց հիշողությունների, գինու բույրի, ճանապարհների ու պատմությունների երկիր է, որտեղ յուրաքանչյուր վայր կարծես պահում է ժամանակի մի փոքր հատված։

Նրա պատմության առանցքում հայկական վանքերն են, գինեգործությունը, բնությունը և մարդկանց հյուրընկալությունը։ Սակայն հոդվածը պարզապես տեսարժան վայրերի ցանկ չէ։ Այն ավելի շատ փորձ է հասկանալու, թե ինչու է Հայաստանը այդքան ուժեղ տպավորություն թողնում այցելուների վրա։

Այսօր The Armenian Project կազմակերպության մտերիմ գործընկերներից դարձած Անաստասիա Էդվարդսը Հայաստան առաջին անգամ եկել է 2024 թվականին՝ սեփական նախաձեռնությամբ և խմբագրության գործուղմամբ։ Նրա նպատակը հայկական գինեգործության մասին հոդված պատրաստելն էր, սակայն իրականում այդ ճանապարհորդությունը շատ ավելի մեծ պատմության սկիզբ դարձավ։

Նա հիշում է, որ Երևան էր հասել լուսաբացին։ Երկար ճանապարհից հոգնած՝ փորձում էր պարզապես արագ դուրս գալ օդանավակայանից, բայց հենց այնտեղ էլ բախվեց իր առաջին մշակութային զարմանքին։

Օդանավակայանի ժամանման սրահը լի էր մարդկանցով։ Նրանք ծաղիկներով սպասում էին իրենց հարազատներին, գրկախառնվում, բարձր ծիծաղում, հուզվում։

Անաստասիան ասում է, որ սկզբում չէր հասկանում՝ ինչու էին այդքան մարդիկ հավաքվել օդանավակայանում այդ վաղ ժամին։ Եվրոպական միջավայրին սովոր մարդու համար դա անսովոր տեսարան էր։ Հետո միայն իմացավ, որ Հայաստանում մարդկանց դիմավորելը պարզապես ձևականություն չէ, այլ մշակույթի մի մաս։

Սակայն հաջորդ փորձառությունն արդեն ավելի դժվար էր։ Տաքսու վարորդը չէր խոսում անգլերեն, իսկ հոգնած ճանապարհորդի համար դա անհարմար ու շփոթեցնող իրավիճակ էր։ Մինչ այդ նրա ճանապարհորդությունների մեծ մասը եվրոպական երկրներում էր անցել, որտեղ նման խնդիրներ գրեթե չէին առաջանում։

Հետագայում իր հոդվածում Անաստասիան խոսում ու անդրադառնում է հայոց լեզվի, հնդեվրոպական լեզվաընտանիքի, հայկական այբուբենի առանձնահատկությունների մասին՝ իր ընթերցողին հստակ պատկերացում հաղորդելով, թե ինչու կարող է վարորդը չիմանալ հայերեն։

Անաստասիան 3 շաբաթով էր եկել Հայաստան, որից 8 օրը նա անցկացրել է գինեգործության լուսաբանման վրա։ Նրան սկզբից թվում էր, որ ճանապարհորդությունն այդքան էլ լավ կազմակերպված չի լինի, ուներ շատ վախեր, որ չի գտնի այն թեմաներն, այն մարդկանց, որոնք իրեն կհետաքրքրեն։ Նա անկեղծորեն կիսվում է, որ Հայաստան գալ լրագրողի կարգավիճակով և գտնել ճիշտ կոնտակտային անձանց շատ բարդ է։ Այդ ժամանակ նա միայն ճանաչում էր գինեգործ Զառա Մուրադյանին և համագործակցում էր Երևանի գինու օրերի կազմակերպիչների հետ, և նրան թվում էր, որ չունի բավարար օգնականներ։ Բայց հիմա, նա վստահ ասում է, որ դա լավագույնս պլանավորված ճամփորդություն էր։

Կիսվելով իր լրագրողական փորձով, Անաստասիան նշում է, լրագրողները չպետք է որևէ երկիր լուսաբանելու նպատակով ժամանեն հստակ գրված սցենարով, նրանք պետք է ունենան բաց ստեղծագործական միտք։ Հետազոտելը կարևոր է, և ինքն էլ նախապես իր հետազոտությունն արել է համացանցում, տարբեր գրքեր և ուղեցույցներ ուսումնասիրելով։ Ասում է, որ բոլոր հոդվածներում նշվում էր, որ Հայաստանը առաջին քրիստոնյա պետությունն է, խոսվում էր Արարատի, Սևանի մասին և նա հասկանում էր, որ այս ամենը կրկնվող է և շատ անհետաքրքիր, և նա փորձեց փոխել պատմության ընթացքը։

Գինին, ճանապարհը և մշակութային հիշողությունը

Իսկ ինչպե՞ս թարգմանել մշակութային առանձնահատկություններով հարուստ երկրի պատմություն ընթերցողների համար, երբ ունես չափազանց շատ ինֆորմացիա։

«Լրագրողի առաջ բարդ առաջադրանք է դրվում, ներառել փաստեր, բայց չծանրաբեռնել ընթերցողին դրանցով։ Իհարկե դժվար է մեկ պատմությամբ ներկայացնել ամբողջ ժողովրդի պատմություն, բայց որպես լրագրող ես սովորել եմ, որ դու պարտավոր չես պատմել ամեն ինչի մասին և պատմել միանգամից։ Գրելով գինեգործության մասին, եթե դուք օրինակ չեք պատմում, թե քանի հեկտար խաղողի այգիներ կան Հայաստանում, կամ քանի տեսակ խաղող, այլ հետաքրքրություն եք ձևավորում որևէ պատմությամբ դա ներկայացնելով, մարդիկ միշտ կվերադառնան ու կհիշեն ձեր գրածը, իսկ փաստերն ինքնուրույն էլ կարող են որոնել։Եվ իհարկե, լավագույն շարադրանքը վերաշարադրանքն է։ Լրագրողը երբեք չի կարող իր առաջին սևագիրը համարել գլուխգործոց։ Այն պարունակում է շատ ինֆորմացիա, որը պետք է ֆիլտրել։ Օրինակ, ես չէի կարող նշել բոլոր գինեգործարանների մասին, ես այդ ինֆորմացիան պարզապես փաթեթավորեցի և ընթերցողին տվեցի տեղեկատվություն, որ Հայաստանում բոլոր գինեգործարանները յուրահատուկ են, իսկ հասցեները նա կգտնի համացանցում»։

Անաստասիան նշում է, որ Հայաստանում զբոսաշրջության տեսանկյունից մեծ ներուժ ունի բնության զբոսաշրջությունը, գյուղական տուրիզմը։ Նա շեշտում է, որ զբոսաշրջության ոլորտի մասնագետները պետք է հետազոտեն իրենց զբոսաշրջիկների վարքագիծը, հասկանան, թե ինչպիսի զբոսաշրջիկներ են իրենք ուզում հյուրընկալել։ Ամեն երկիր պիտի հասկանա, ինչ կարող է առաջարկել և ինչ ոչ։

Անաստասիան անընդհատ վերադառնում է Հայաստան և շուտով ևս մեկ ճանապարհորդություն է սպասում նրան։ Նա գալիս է մասնակցելու Երևանի գինու օրերին՝ շարունակելով բացահայտել հայկական գինու մշակույթն ու պատմությունները։ Նաև մասնակցելու է «Կոնկուրս Մոնդիալ դե Բրյուսել 2026» գինու միջազգային համտես-մրցույթին։ Խոսելով այն պատմությունների մասին, որոնք մնացել են «կադրից դուրս», Անաստասիան նշում է, որ դրանք անթիվ-անհամար են։ Նա կցանկանար կարդալ, օրինակ, եկեղեցական ճարտարապետության, տարբեր մարզերի խոհանոցային առանձնահատկությունների, Հայաստան-Սփյուռք կապի մասին։ Եվ նաև, որ ամենակարևորն է, ցեղասպանության մասին, ոչ միայն այն ներկայացնելով որպես պատմական փաստ, այլ որպես ապրող հիշողություն, որպես սերունդների մեջ ապրող ցավ։

Պատմությունները, որոնք մնում են կադրից դուրս

Անաստասիան մասնագիտական խորհուրդ է տալիս երիտասարդ լրագրողներին, թե ինչպես ձևավորեն Հայաստանի մասին պատմություններ։

«Եթե ես որևէ երիտասարդ լրագրողի գործուղեի Հայաստան, կուզեի, որ նա ներկայացներ ոչ միայն Երևանի, այլև մարզերի սրճարանները, բարերը, ռեստորանները, ցույց տար, թե ինչպես են մարզերում ապրում երիտասարդները։ Նա կարող է մնալ հյուրատներում, շփվել հասակակիցների հետ, պատմել, թե ինչ սովորեց նրանցից։ Կուզենայի, որ նա գրեր արկածային ճանապարհորդությունների մասին։ Նաև կամավորական ծրագրերի մասին, որ եթե որևէ մեկը որոշի, օրինակ մեկ շաբաթով գալ Հայաստան, ինչպես կարող է օգտակար լինել հայերին»։

Եվ այս ամբողջ ճանապարհորդության վերջում՝ արդյոք ո՞ր պահն էր, երբ Անաստասիան հացկացավ, որ այս երկիրը յուրահատուկ է։ Այդ մասին նա պատմում է հուզվելով․

«Ես երբեք չեմ մոռանա այն պահը, երբ հանկարծ հասկացա՝ այս երկիրը ներսից փոխել է ինձ։ Դա Երևանի կենտրոնի հայտնի ռեստորաններից մեկում էր։ Այնտեղ, որտեղ սրահները լցված էին հայկական ավանդական շնչով, որտեղ երաժշտությունն ու պարը միախառնվում էին գինու և ծիծաղի հետ։ Այդ երեկո հավաքվել էինք նշելու մեր արշավի ավարտը։

Եվ ինչ-որ պահի ես պարում էի։ Մի կողմում՝ սփյուռքահայ մեր ուղեկիցը, մյուս կողմում՝ հայ տղաներից մեկը, ով օգնում էր ինձ ճանապարհորդության ընթացքում։ Պարեցինք այնպես, կարծես վաղուց էինք ճանաչում իրար։

Հետո նստեցինք սեղանի շուրջ։ Ես բաժակ բարձրացրի՝ կենաց ասելու։ Բայց բառերը կոկորդումս խեղդվեցին։ Քիչ էր մնում արտասվեի։

Ասացի.
«Այս երկիրը պարզապես անհավանական է… Ձեր ժողովրդի ուժը, տոկունությունը… Այն ամենը, ինչի միջով անցել եք։ Ցեղասպանություն, ցավ, կորուստներ… Եվ, միևնույն ժամանակ, ձեր արժանապատվությունը։ Ձեր բարությունը։ Ձեր մարդկային ջերմությունը»։

Հենց այդ պահին հասկացա՝ ես դեռ վերադառնալու եմ այստեղ։ Անպայման։
Բայց դա մեկ ակնթարթի պատմություն չէր։ Այդ զգացողությունը դանդաղ էր ծնվում՝ մարդկանց միջոցով։

Հանդիպում ես մեկին, որը քեզ ընդունում է այնպես, կարծես վաղեմի բարեկամ լինես։ Հետո՝ մեկ ուրիշին։ Եվ ևս մեկին։

Սկզբում մտածում ես՝ ինչ հյուրընկալ մարդ է։
Հետո հասկանում ես՝ ոչ, սա պատահականություն չէ։ Սա ժողովրդի բնավորությունն է։ Սա Հայաստանն է։

Եվ այդ բոլոր փոքրիկ պահերը, այդ ջերմ հայացքները, բաց սեղանները, անկեղծ ժպիտները մի օր հավաքվեցին իմ ներսում ու դարձան մի պարզ ճշմարտություն՝ ես դեռ վերադառնալու եմ այս երկիր»։

Այլ պատմություններ

Շարունակեք ուսումնասիրել Հայաստանի զբոսաշրջային կերպարը ձևավորող պատմությունները։

Գլխավոր էջ

Տեսնել ավելին

Պետության մշակած ռազմավարությունը

Տեսնել ավելին

Բարի՛ գալուստ Հայաստան․ առաջին տպավորությունից անդին

Տեսնել ավելին

Հայաստանը՝ Օլյա Գավրիլովայի աչքերով

Տեսնել ավելին

The armenian project

Տեսնել ավելին