Ներառական բարձրագույն կրթությունը, որը միտված է ապահովելու հավասար իրավունքներ և պայմաններ բոլոր ուսանողների համար՝ անկախ նրանց սոցիալական, ֆիզիկական, զգայական կամ մտավոր վիճակից, Հայաստանում դեռ պայքարում է իր լիարժեք տեղն ունենալու համար։ Թեև կրթության ռազմավարական փաստաթղթերում ներառականությունն արդեն հստակ ընդգծվում է որպես առաջնահերթություն, բուհերի առօրյան դեռ լի է չլուծված խնդիրներով՝ մատչելիության սահմանափակումներից մինչև դասախոսական, վարչական անձնակազմի բավարար պատրաստվածության բացակայություն։
Ներառական կրթությունը բարձրագույն ուսումնական հաստատություններում ապահովում է հավասար հնարավորություններ ուսանողներին՝ ներառյալ ֆիզիկական, մտավոր, զգայական կամ սոցիալական դժվարություններ ունեցող անձանց` տրամադրելով անհրաժեշտ հարմարություններ, տեխնոլոգիական ռեսուրսներ և աջակցության ծառայություններ: Այս մոտեցումը նպաստում է ուսանողների լիարժեք մասնակցությանը ուսումնական գործընթացում, խթանում ակադեմիական հաջողությունը և համարժեք կրթական միջավայրի ձևավորումը: