Աուտիզմը դատավճիռ չէ
Նարեկը, ինչպես և իր հասակակից բոլոր երեխաները, կյանքի առաջին տարիներին ուներ զարգացման բնականոն ընթացք․ նա սկսեց քայլել ժամանակին, արձագանքում էր ծնողների ձայնին և հետաքրքրությամբ էր ուսումնասիրում իր շրջապատող աշխարհը։ Սակայն երկու տարեկանում ծնողները սկսեցին նկատել, որ Նարեկը չի արձագանքում իր անվանը, չի խոսում և ունի վարքային խնդիրներ։ Բժշկական հետազոտություններից հետո նրա մոտ ախտորոշվեց աուտիզմ, որը պահանջում է հատուկ ուշադրություն, խոսքի և վարքային աջակցություն։
Նարեկի քույրը՝ Մերի Թոփալյանը, որը ակտիվ դերակատարում ունի Նարեկի խնամքի գործում, ընդգծեց․ «Ծնողներս հիմնադրեցին Աուտիզմի զարգացման կենտրոն և սկսեցին սեմինարներ կազմակերպել։ Ես միշտ մասնակցում էի դրանց, լսում էի աուտիզմի մասին տարբեր մոտեցումներ, կարծիքներ և հենց այնտեղից եմ սկսել ուսումնասիրել երևույթը ավելի խորքային։ Հետագայում սկսեցի աշխատել մեր կենտրոնում,որտեղ 300-ից ավելի երեխա է հաճախում:»
Մերին բլոգ է վարում՝ հիմնականում անդրադառնալով աուտիզմին, և նրա բլոգի բովանդակության մեծ մասը նվիրված է Նարեկին։ Նա հաճախ տեղադրում է տեսանյութեր, որոնք պատմում են Նարեկի առօրյայի, զարգացման և հաջողությունների մասին։

Մերի Թոփալյան
«Դժվարություններ հիմնականում եղել են փոքր տարիքում։ Շատ դուրս չէինք գալիս Նարեկի հետ։ Ուր գնում էինք, նրան տանն էինք թողնում ինչ-որ մեկի հետ, ես նրան ոչ մի տեղ չէի կարողանում հետս տանել։ Համ վարքն էր շատ վատ, համ մարդիկ էին անհասկանալի հայացքներով նայում, երբեմն անտակտ բաներ խոսում կամ հարցեր տալիս։
Արդեն մոտ 5-6 տարի, սկսել ենք ներգրավել նրան ամեն տեղ։ Շատ աշխատանք տարանք հետը, վարքը բավականին շտկվեց, մինչ օրս էլ աշխատում ենք, ու երևի մինչ կյանքի վերջ էլ կաշխատենք։ Որովհետև եթե նրան այդպես թողնեինք, հիմա չէինք ունենա այն, ինչ ունենք»։
She has been nominated for an Academy Award, two Grammy Awards, and the Mercury Prize
Վերջին տարիներին աուտիզմի դեպքերի թվի աճը նկատելի է ամբողջ աշխարհում։ Սակայն մասնագետները նշում են, որ սա պարտադիր չի նշանակում, թե աուտիզմ ունեցող երեխաների իրական թիվն է ավելացել։ Աճը հաճախ կապված է այն փաստի հետ, որ այսօր աուտիզմի մասին ավելի շատ են տեղեկացված թե՛ բժիշկները, թե՛ ծնողները, և ախտորոշման մեթոդները դարձել են ավելի ճշգրիտ ու հասանելի։ Շատ դեպքեր, որոնք տարիներ առաջ կարող էին աննկատ մնալ կամ սխալ ախտորոշվել, այժմ ճիշտ ձևով են բացահայտվում։ Այսպիսով՝ կարելի է ասել, որ աուտիզմի դեպքերի թվի աճը հիմնականում պայմանավորված է ոչ թե հիվանդության տարածմամբ, այլ իրազեկության և ախտորոշման որակի բարձրացմամբ։
Հոգեբան, հոգեթերապևտ Օֆելյա Հարությունյանը ընդգծեց, որ վերջին տարիներին աուտիզմ ունեցող երեխաների ինտեգրումը հասարակության մեջ նկատելիորեն աճել է։ Նրա խոսքով՝ ավելի շատ ծնողներ այսօր գիտակցում են, թե որքան կարևոր է երեխային հնարավորություն տալ շփվելու, սովորելու և զարգանալու հավասար պայմաններում։ Միևնույն ժամանակ մասնագետը նշեց, որ դեռ հանդիպում են դեպքեր, երբ ծնողները փորձում են թաքցնել երեխայի աուտիզմը՝ վախենալով շրջապատի արձագանքից կամ չհասկացված վերաբերմունքից։
Հոգեբանը կարևորելով աուտիզմով երեխաների ծնողների հոգեկան առողջությունը ընդգծեց.





«Ծնողները պետք է նախապես տեղեկացնեն երեխայի շրջապատին՝ հարազատներին, դաստիարակներին կամ ուսուցիչներին, նրա առանձնահատկությունների և դժվարությունների մասին։ Նրա խոսքով՝ դա կարևոր է, որպեսզի շրջապատը կարողանա ճիշտ հասկանալ երեխայի վարքը, ցուցաբերի համբերություն և աջակցություն, ոչ թե քննադատություն կամ խուսափողական վերաբերմունք։ Նման բաց ու անկեղծ մոտեցումը նպաստում է երեխայի արագ ինտեգրմանը հասարակության մեջ և ստեղծում ավելի ընդունող ու անվտանգ միջավայր թե՛ երեխայի, թե՛ ծնողների համար»։

Օֆելյա Հարությունյան
Հոգեբան
Գայանե Վարդանյանը, որը երկար տարիներ աշխատում է ներառական խմբերի երեխաների հետ, ևս կարևորեց ներառական խնդիրներով երեխաների ինտեգրումը հասարակության մեջ։ Նրա խոսքով՝ ամենակարևոր քայլերից մեկը շրջապատի՝ հատկապես հասակակիցների, տեղեկացվածությունն ու ճիշտ վերաբերմունքն է։
«Ադապտացիոն փուլը յուրաքանչյուր երեխայի համար անհատական է և չի կարելի կոնկրետ ժամանակ սահմանել։ Որոշ երեխաներ կարող են առհասարակ չցանկանալ դպրոց գալ և հորինել տարբեր պատճառներ՝ գլխացավ, փորացավ կամ այլ հիմնավորումներ։ Այս դեպքում կարևոր է հաշվի առնել երեխայի տարիքային առանձնահատկությունները և հասկանալ, արդյոք նրա վարքը խնդրից է գալիս, թե հնարավոր մանիպուլյացիա է։ Ծնողը պետք է ակտիվ համագործակցի դպրոցի հետ, զրուցի ուսուցչի հետ և հասկանա, թե ինչպես է երեխան դրսևորում իրեն դասարանում և միջավայրում։ Անհրաժեշտության դեպքում երեխայի համար կազմակերպվում է աշխատանք հոգեբանի հետ, որպեսզի հեշտացվի հարմարվող փուլը և աջակցվի նրա հուզական ու սոցիալական զարգացմանը»։

Գայանե Վարդանյան
Մանկավարժ
Աուտիզմը ոչ թե դատավճիռ է, այլ առանձնահատկություն, որը պահանջում է ճիշտ մոտեցում և աջակցող միջավայր։ Ճիշտ տեղեկատվությունն ու հասարակության իրազեկվածությունը, ծնողների և մասնագետների համագործակցությունը, ինչպես նաև երեխայի ինտեգրումը դպրոցում ու սոցիալական միջավայրում մեծապես նպաստում են նրա զարգացմանը և ինքնավստահության ձևավորմանը։ Կարևոր է, որ ընտանիքը հոգ տանի և իր հոգեկան առողջությունն ամրապնդի, իսկ հասարակությունը՝ ընդունի տարբերությունը։
Բուհերի անդրադարձը խնդրին. պատկերացումներից իրականություն
Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի Հատուկ և ներառական կրթության ֆակուլտետի դեկան Գոհար Հովյանի խոսքով՝ համալսարանում իրականացվել են որոշ քայլեր միջավայրի հարմարեցման ուղղությամբ։ Մասնավորապես՝ տեղադրվել են սենսորային ռելիեֆով վերելակներ տեսողության խնդիր ունեցող անձանց համար, իսկ աստիճանների եզրերը ներկվել են դեղին թույլ տեսողություն ունեցողների կողմնորոշումը հեշտացնելու նպատակով և այլն։ Այնուամենայնիվ, տիկին Հովյանը շեշտում է՝ իրականացված քայլերը դեռևս ամբողջական լուծում չեն ապահովում։

Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան
Ըստ Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) մամուլի խոսնակ Քնար Միսակյանի՝ համալսարանում գործում են մի շարք աջակցության ծրագրեր, այդ թվում՝ անհատական ուսումնական պլանների մշակման հնարավորություն, մատչելիության ապահովում, ինչպես նաև ուսումնական նյութերի հարմարեցում սովորողների տարբեր կարիքներն ապահովելու նպատակով։ Վերջին ժամանակահատվածում ԵՊՀ տարբեր մասնաշենքերում տեղադրվել են հատուկ վերելակներ, ներսում՝ թեքահարթակներ, ինչպես նաև իրականացվել են համապատասխան գծանշումներ։

Երևանի պետական համալսարան
Արամ Պետրոսյանը, որն ունի լսողության խնդիր, ուսում է ստացել Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում 10 տարի։ դպրոցական վերջին երկու տարիները՝ 11-12-րդ դասարանները, սովորել է Դիլիջանի միջազգային դպրոցում։ Այժմ Մակալեստրի համալսարանի 2-րդ կուրսի ուսանող է, որտեղ աշխարհագրություն ու տնտեսագիտություն է սովորում։


«Հայաստանի կրթական համակարգում անհատական մոտեցումը կարևոր դեր ունի, սակայն տեխնոլոգիական հարմարեցումներ գրեթե չկան։ Դասախոսները  աջակցում են լսողական խնդիրներ ունեցող ուսանողներին, բայց համակարգային լուծումների բացակայության պատճառով ուսանողներն ու աշակերտները ստիպված են հավելյալ ջանքեր գործադրել»,- ասում է Արամ Պետրոսյանը։
ԱՄՆ-ում՝ Մակալեստրի համալսարանում, խնդիրը համակարգային լուծում է ստացել։ Ուսանողները դեռ ընդունվելուց առաջ կարող են նշել իրենց կարիքները ու ակնկալիքներն առցանց հարթակում։

Արամ Պետրոսյան
Մակալեստրի համալսարանում հարմարեցումները ներառում են նաև հաշմանդամություն ունեցող ուսանողների աշխատանքային միջավայրում ներգրավվելու հնարավորություններ։ Արամը նշում է, որ աշխատում է համալսարանի գրադարանում, և այցելուների հետ շփումը հեշտացնելու նպատակով համալսարանը նրան տրամադրել է անհատական բարձրախոս։

Հայաստանյան բուհերում իրականացվող հարմարեցումները դեռևս մասնակի և հատվածային բնույթի են։ Ի տարբերություն՝ առաջադեմ միջազգային փորձը, ինչպես Մակալեստրի համալսարանի օրինակը, ցույց է տալիս, որ ներառական կրթության իրական ապահովումը պահանջում է համակարգային մոտեցում, անհատական կարիքների ճանաչում և մշտական աջակցություն՝ բարձրագույն կրթական միջավայրերում: