2023 թվականին իրականացված «ՀՀ բուհերի կարողությունների զարգացման կարիքի գնահատում» հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ հայաստանյան բուհերի 84.2%-ը ներառականությունը դիտարկում է որպես ռազմավարական նպատակ, սակայն գործնականում դրա կիրառման գործընթացում կան լուրջ խնդիրներ։ Բուհերի 74%-ը դեռ չունի համապատասխան կանոնակարգող փաստաթղթեր կամ քաղաքականություն, որոնք ապահովեն ներառականության իրականացումը։
Ներկայումս բուհերի հիմնական ուշադրությունը կենտրոնացած է ենթակառուցվածքային բարելավումների վրա՝ ուղղված հատկապես հաշմանդամություն ունեցող ուսանողների պայմանների բարելավմանը։ Սակայն ներառական կրթության համար անհրաժեշտ օժանդակ տեխնոլոգիաների, թվային հարմարեցված ուսումնական ռեսուրսների և հատուկ խորհրդատվական ծառայությունների կիրառությունը դեռևս խիստ սահմանափակ է։
«ՀՀ բուհերի կարողությունների զարգացման կարիքի գնահատում» հետազոտության տվյալների համաձայն՝ բուհերի միայն 10.5%-ն է տրամադրում հարմարեցված ուսումնական ռեսուրսներ, իսկ կահույքի կամ հարմարեցված ծրագրերով համալրված համակարգիչների առկայությունը գրեթե զրոյական է։
Ընդհանուր առմամբ, հայաստանյան բուհերում ներառական կրթության ուղղությամբ ձեռնարկվող քայլերը դեռևս գտնվում են նախնական փուլում։ Չնայած ներառականության գաղափարի նկատմամբ աճող գիտակցությանն ու ենթակառուցվածքների բարելավման միտումներին, կրթական միջավայրի լիարժեք ներառական դարձնելը հնարավոր կլինի միայն այն դեպքում, երբ բուհերն ապահովեն քաղաքականությունների մշակումը, անհրաժեշտ տեխնոլոգիական և խորհրդատվական աջակցությունը, ինչպես նաև համապատասխան ռեսուրսների հասանելիությունը բոլոր ուսանողների համար։