Բուհերի և անձնակազմի պատրաստվածությունը

Դասախոսների և մանկավարժների դերը կարևոր է ներառական միջավայր և կրթության հատուկ կարիքներ ունեցողների բարձրագույն կրթության ստանալ իրավունքն ապահովելու համար։Նրանք այն մասնագետներն են, որոնք պետք է կարողանան ցուցաբերել անհատական և ներառական մոտեցում։ Սա կարելի է ապահովել կարողությունների զարգացման և շարունակական վերապատրաստումների միջոցով, որպեսզի իրենց աշխատանքում հաշվի առնեն տարբեր սովորողների կարիքներն ու առանձնահատկությունները։

Գոռ Ասատրյան
«Երբ մանկավարժը հանդիպում է հաշմանդամություն ունեցող երեխայի կամ երիտասարդի, հաճախ հստակ պատկերացում չի ունենում, թե ինչպես պետք է գնահատի կամ ինչ պահանջներ պետք է ներկայացնի։ Շատ կարևոր է, որ մոտեցումը լինի անհատական, և մանկավարժը գործի թիմային ձևաչափով՝ համատեղ որոշելով, թե տվյալ աշակերտը կամ ուսանողն ինչ ներուժ ունի։ Պետք է գնահատել ոչ թե միայն նրա հաշմանդամությունը, այլ՝ նրա կարողությունները՝ սովորելու, զարգանալու և առաջընթաց ունենալու։ Այդ ներուժը պետք է բացահայտվի ամբողջությամբ։ Իսկ երբ ուսանողին տրվում է իր ներուժը բացահայտելու հնարավորություն, նա կարող է հասնել էական հաջողությունների, նույնիսկ եթե այդ հնարավորությունները որոշակիորեն սահմանափակ են», - նշում է Արմեն Ալավերդյանը։
Վիկտորյա Սարգսյանը 15 տարեկան է և ունի տեսողության խնդիր։ Ներկայումս նա սովորում է Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական քոլեջում։ Ապագայում նախատեսում է ուսումը շարունակել Բրյուսովի անվան պետական համալսարանի անգլերեն-հայերեն թարգմանության բաժնում։ Չնայած ենթակառուցվածքային անհարմարություններին՝ Վիկտորյան նշում է, որ դրանք իրեն էականորեն չեն անհանգստացնում, քանի որ պետության կողմից իրեն տրամադրվել է ուղեկցող օգնական։ Այնուամենայնիվ, նա նշում է, որ կցանկանար այնպիսի պայմաններ լինեն, որ կարողանա ինքնուրույն տեղաշարժվել համալսարանի տարածքում։ Նրա հիմնական մտահոգությունները վերաբերում են դասախոսական և ուսանողական կազմին, որը պետք է համապատասխան պատրաստվածություն ունենա և վերաբերմունք ցուցաբերի հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ։

Վիկտորյա Սարգսյան

Ներառական կրթության ոլորտը Հայաստանում շարունակում է զարգանալ գաղափարական մակարդակում, մինչդեռ ինստիտուցիոնալ հիմքերը դեռևս թույլ են։ Բուհերն ամբողջապես պատրաստ չեն ապահովել ուսանողների բազմազան կարիքներին համարժեք պայմաններ, սակայն այս վիճակի պատճառը միայն համակարգային բացերը չեն, այլ նաև հանրային ընկալումների, կադրային պակասի և ֆինանսական ռեսուրսների սահմանափակման հարցերը, որոնք պահանջում են համալիր և առաջնահերթ լուծումներ։