Աուտիզմը դատավճիռ չէ
Նարեկը, ինչպես և իր հասակակից բոլոր երեխաները, կյանքի առաջին տարիներին ուներ զարգացման բնականոն ընթացք․ նա սկսեց քայլել ժամանակին, արձագանքում էր ծնողների ձայնին և հետաքրքրությամբ էր ուսումնասիրում իր շրջապատող աշխարհը։ Սակայն երկու տարեկանում ծնողները սկսեցին նկատել, որ Նարեկը չի արձագանքում իր անվանը, չի խոսում և ունի վարքային խնդիրներ։ Բժշկական հետազոտություններից հետո նրա մոտ ախտորոշվեց աուտիզմ, որը պահանջում է հատուկ ուշադրություն, խոսքի և վարքային աջակցություն։
Նարեկի քույրը՝ Մերի Թոփալյանը, որը ակտիվ դերակատարում ունի Նարեկի խնամքի գործում, ընդգծեց․ «Ծնողներս հիմնադրեցին Աուտիզմի զարգացման կենտրոն և սկսեցին սեմինարներ կազմակերպել։ Ես միշտ մասնակցում էի դրանց, լսում էի աուտիզմի մասին տարբեր մոտեցումներ, կարծիքներ և հենց այնտեղից եմ սկսել ուսումնասիրել երևույթը ավելի խորքային։ Հետագայում սկսեցի աշխատել մեր կենտրոնում,որտեղ 300-ից ավելի երեխա է հաճախում:»
Մերին բլոգ է վարում՝ հիմնականում անդրադառնալով աուտիզմին, և նրա բլոգի բովանդակության մեծ մասը նվիրված է Նարեկին։ Նա հաճախ տեղադրում է տեսանյութեր, որոնք պատմում են Նարեկի առօրյայի, զարգացման և հաջողությունների մասին։

Մերի Թոփալյան
«Դժվարություններ հիմնականում եղել են փոքր տարիքում։ Շատ դուրս չէինք գալիս Նարեկի հետ։ Ուր գնում էինք, նրան տանն էինք թողնում ինչ-որ մեկի հետ, ես նրան ոչ մի տեղ չէի կարողանում հետս տանել։ Համ վարքն էր շատ վատ, համ մարդիկ էին անհասկանալի հայացքներով նայում, երբեմն անտակտ բաներ խոսում կամ հարցեր տալիս։
Արդեն մոտ 5-6 տարի, սկսել ենք ներգրավել նրան ամեն տեղ։ Շատ աշխատանք տարանք հետը, վարքը բավականին շտկվեց, մինչ օրս էլ աշխատում ենք, ու երևի մինչ կյանքի վերջ էլ կաշխատենք։ Որովհետև եթե նրան այդպես թողնեինք, հիմա չէինք ունենա այն, ինչ ունենք»։
She has been nominated for an Academy Award, two Grammy Awards, and the Mercury Prize
Վերջին տարիներին աուտիզմի դեպքերի թվի աճը նկատելի է ամբողջ աշխարհում։ Սակայն մասնագետները նշում են, որ սա պարտադիր չի նշանակում, թե աուտիզմ ունեցող երեխաների իրական թիվն է ավելացել։ Աճը հաճախ կապված է այն փաստի հետ, որ այսօր աուտիզմի մասին ավելի շատ են տեղեկացված թե՛ բժիշկները, թե՛ ծնողները, և ախտորոշման մեթոդները դարձել են ավելի ճշգրիտ ու հասանելի։ Շատ դեպքեր, որոնք տարիներ առաջ կարող էին աննկատ մնալ կամ սխալ ախտորոշվել, այժմ ճիշտ ձևով են բացահայտվում։ Այսպիսով՝ կարելի է ասել, որ աուտիզմի դեպքերի թվի աճը հիմնականում պայմանավորված է ոչ թե հիվանդության տարածմամբ, այլ իրազեկության և ախտորոշման որակի բարձրացմամբ։
Հոգեբան, հոգեթերապևտ Օֆելյա Հարությունյանը ընդգծեց, որ վերջին տարիներին աուտիզմ ունեցող երեխաների ինտեգրումը հասարակության մեջ նկատելիորեն աճել է։ Նրա խոսքով՝ ավելի շատ ծնողներ այսօր գիտակցում են, թե որքան կարևոր է երեխային հնարավորություն տալ շփվելու, սովորելու և զարգանալու հավասար պայմաններում։ Միևնույն ժամանակ մասնագետը նշեց, որ դեռ հանդիպում են դեպքեր, երբ ծնողները փորձում են թաքցնել երեխայի աուտիզմը՝ վախենալով շրջապատի արձագանքից կամ չհասկացված վերաբերմունքից։
Հոգեբանը կարևորելով աուտիզմով երեխաների ծնողների հոգեկան առողջությունը ընդգծեց.





«Ծնողները պետք է նախապես տեղեկացնեն երեխայի շրջապատին՝ հարազատներին, դաստիարակներին կամ ուսուցիչներին, նրա առանձնահատկությունների և դժվարությունների մասին։ Նրա խոսքով՝ դա կարևոր է, որպեսզի շրջապատը կարողանա ճիշտ հասկանալ երեխայի վարքը, ցուցաբերի համբերություն և աջակցություն, ոչ թե քննադատություն կամ խուսափողական վերաբերմունք։ Նման բաց ու անկեղծ մոտեցումը նպաստում է երեխայի արագ ինտեգրմանը հասարակության մեջ և ստեղծում ավելի ընդունող ու անվտանգ միջավայր թե՛ երեխայի, թե՛ ծնողների համար»։

Օֆելյա Հարությունյան
Հոգեբան
Գայանե Վարդանյանը, որը երկար տարիներ աշխատում է ներառական խմբերի երեխաների հետ, ևս կարևորեց ներառական խնդիրներով երեխաների ինտեգրումը հասարակության մեջ։ Նրա խոսքով՝ ամենակարևոր քայլերից մեկը շրջապատի՝ հատկապես հասակակիցների, տեղեկացվածությունն ու ճիշտ վերաբերմունքն է։
«Ադապտացիոն փուլը յուրաքանչյուր երեխայի համար անհատական է և չի կարելի կոնկրետ ժամանակ սահմանել։ Որոշ երեխաներ կարող են առհասարակ չցանկանալ դպրոց գալ և հորինել տարբեր պատճառներ՝ գլխացավ, փորացավ կամ այլ հիմնավորումներ։ Այս դեպքում կարևոր է հաշվի առնել երեխայի տարիքային առանձնահատկությունները և հասկանալ, արդյոք նրա վարքը խնդրից է գալիս, թե հնարավոր մանիպուլյացիա է։ Ծնողը պետք է ակտիվ համագործակցի դպրոցի հետ, զրուցի ուսուցչի հետ և հասկանա, թե ինչպես է երեխան դրսևորում իրեն դասարանում և միջավայրում։ Անհրաժեշտության դեպքում երեխայի համար կազմակերպվում է աշխատանք հոգեբանի հետ, որպեսզի հեշտացվի հարմարվող փուլը և աջակցվի նրա հուզական ու սոցիալական զարգացմանը»։

Գայանե Վարդանյան
Մանկավարժ
Աուտիզմը ոչ թե դատավճիռ է, այլ առանձնահատկություն, որը պահանջում է ճիշտ մոտեցում և աջակցող միջավայր։ Ճիշտ տեղեկատվությունն ու հասարակության իրազեկվածությունը, ծնողների և մասնագետների համագործակցությունը, ինչպես նաև երեխայի ինտեգրումը դպրոցում ու սոցիալական միջավայրում մեծապես նպաստում են նրա զարգացմանը և ինքնավստահության ձևավորմանը։ Կարևոր է, որ ընտանիքը հոգ տանի և իր հոգեկան առողջությունն ամրապնդի, իսկ հասարակությունը՝ ընդունի տարբերությունը։
Ենթակառուցվածքները բուհերում.
որքանո՞վ են դրանք մատչելի

ՀՀ կառավարության 2022թ․ օգոստոսի 11-ի N 1265-Ն որոշմամբ հաստատվել է «Խելամիտ հարմարեցումներ ապահովելու կարգը», որը նպատակ ունի նպաստել հաշմանդամություն ունեցող անձանց հավասար հնարավորություններին և լիարժեք մասնակցությանը հասարակական կյանքում։

Ո՞ր կառույցներն են պարտավոր ապահովել խելամիտ հարմարեցումներ

  • Պետական և տեղական ինքնակառավարման մարմինները
  • Հանրային ծառայություններ մատուցող կազմակերպությունները
  • Կրթական հաստատությունները
  • Աշխատանքային հաստատությունները
  • Առողջապահական և սոցիալական սպասարկման կազմակերպությունները
Մուշեղ Հովսեփյան․ «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ-ի նախագահ, համահիմնադիր
Տիգրանուհի Մինասյանը 2005-2011 թթ․ սովորել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանում։ Սովորել է հեռակա՝ ՝ հաշվի առնելով առողջական խնդիրը․ նա ունի մանկական ուղեղային կաթված՝ ի ծնե հենաշարժողական խնդիր։
Չնայած դրան՝ Տիգրանուհին ասում է, որ այն երբեք չի խանգարել իրեն, միշտ եղել է ակտիվ, ձգտել է լիարժեք ապրել։ Բայց, երբ ժամանակը մոտեցել է կրթությունը շարունակելու համալսարանում, մայրը համոզել է, որ նա չի կարողանա սովորել առկա համակարգում հենշարժողական խնդրի պատճառով։ «Այդ ժամանակ ես ինքս էլ չունեի բավարար ինքնավստահություն՝ հակառակվելու մայրիկիս կարծիքին», - ասում է Տիգրանուհին։ Այժմ, նա ափսոսում է, որ չի փորձել առկա համակարգում սովորել գոնե մեկ կիսամյակ, մինչև պարզ կդառնար՝ կկարողանա, թե ոչ։ Նրա խոսքով՝ հեռակա սովորելու արդյունքն իրեն չի բավարարել։ Տիգրանուհին նշում է, որ կրթական համակարգում այս տարիների ընթացքում  շատ բան չի փոխվել։ Որպես օրինակ ներկայացնում է իր համալսարանը։


«Ագրարային համալսարանի մուտքի աստիճանների կողքին տարիներ շարունակ նույնիսկ պարզ բռնաձողեր չեն տեղադրվել», - ասում է Տիգրանուհի Մինասյանը։

Գոռ Ասատրյանը սովորել է Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի Հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետում՝ նախ բակալավրիատում, իսկ հիմա շարունակում է կրթությունը նույն ֆակուլտետում մագիստրատուրայում՝ որպես կլինիկական հոգեբան։ Նրա կարծիքով համալսարանական կրթության առաջին տարիները կարելի է բնութագրել որպես «ադապտացիոն» շրջան։

Գոռ Ասատրյան

Հոգեբան Մանուշ Մուրադյանը նշում է, որ ներառական կրթության ապահովման բացակայության դեպքում համալսարաններում սովորողները հաճախ բախվում են հոգեբանական դժվարությունների։

  • Ադապտացիայի խնդիրներ
  • Սոցիալական ակտիվության նվազում
  • Ցածր ինքնագնահատական
  • Սեփական ուժերի հանդեպ անվստահություն
  • Սթրես
  • Մոտիվացիայի բացակայություն
  • Ուսման նկատմամբ բացասական վերաբերմունք
  • Հուզական անհավասարակշռություն
Հայաստանյան բուհերը
Լուսանկարների միջոցով ցուցադրվում են Վ. Բրյուսովի անվան պետական համալսանի, Հայաստանի ամերիկյան համալսարանի, Երևանի պետական բժշկական համալսարանի ենթակառուցվածքները։

Փաստերն ընդգծում են, որ կրթական համակարգում խելամիտ հարմարեցումների և ներառականության ապահովումը թերի է։ Չնայած իրավական կարգավորումների առկայությանը, գործնականում դրանց իրականացումը մնում է թերի, իսկ կրթական միջավայրում առկա ֆիզիկական և հոգեբանական խոչընդոտները շարունակում են սահմանափակել հաշմանդամություն ունեցող անձանց լիարժեք մասնակցությունը ուսումնական գործընթացին։